• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիտակների ակումբ

Ծրագիր

Նախագիծ

Բացատրագիր
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակումբային գործունեությունը հանդես է գալիս որպես լրացուցիչ կրթություն և ունի մի շարք առանձնահատկություններ, ակումբային գործունեության ծրագրերը մասամբ կարող են չենթարկվել առարկայական ծրագրերին ներկայացվող պահանջներին, բայց միաժամանակ կարող են իրենց մեջ ներառել ավելի ընդգրկուն շերտեր: Ուսումնական ակումբները կամ ուղղակի ակումբները արդեն բավական երկար ժամանակ է, ինչ համարվում են հիմնական կրթության լրացում կամ ամբողջացում մի շարք երկրների կրթական համակարգերում՝ իրենց առանձին բաղադրիչներով (Ռուսաստան, Անգլիա, Շվեդիա, Դանիա, Գերմանիա և այլն): Արդեն ժամանակն է նաև նման փորձի կիրառումը հայկական միջավայրում: Այս առումով, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը,  որպես այլընտրանքային մանկավարժություն իրականացնող հայաստանյան եզակի կենտրոն, հանդիսանում է բաց դաշտ նման փորձի կիրառման համար:

Նպատակ և խնդիրներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող` սովորողի նախասիրությունների զարգացման պատանեկան ակումբներում և մասնավորապես Գիտակների ակումբում գլխավոր նպատակն է նպաստել սովորողների օժտվածության զարգացմանը, ապահովել նրա այլընտրանքային և ոչ  ֆորմալ կրթական իրավունքը: Հիմնական խնդիրներից կարելի է դիտարկել տրամաբանական մտածողության զարգացումը, ընդգրկուն և բազմաբովանդակ գիտելիքների հաղորդումը.  սա հատկապես ակնհայտ է այս ակումբի պարագայում, քանի որ այն չունի որևէ առարկայական ուղղվածություն, և ցանկացած անդամ այս ակումբին լիարժեք մասնակցելու համար պետք է ունենա որոշակի գիտելիքներ և հմտություններ տարբեր առարկաների գծով: Ինտելեկտուալ մրցաշարերում, հիմնականում չեն չափորոշվում ուղղություններ: Լուծվող խնդիրների շարքում կարելի է դիտարկել նաև արդյունավետ ուսումնական ժամանցը:  Ուսումնական ժամանց,  քանի որ սովորողն ինքն է ընտրում այն ակումբը, որը  ցանկանում է. այստեղից էլ ենթադրելի է, որ բացի անհրաժեշտից և ուսումնական հմայքից, տվյալ ակումբն իր մեջ ներառում է նաև հաճելի ժամանցի տարրը: Ուսումնական խնդիրների շարքում կարելի է դասել նաև լեզվական և ՏՏ հմտությունների զարգացումը: Լեզվական, որովհետև առկա նյութերի գերակշիռ մասը, որոնք վերաբերում են Գիտակների ակումբին, այլալեզու են:

Ուսումնական միջավայրի պահանջներ
Այս առումով ևս, Գիտակների ակումբի ծրագիրը ճկուն է.
Ուսումնական միջավայր կամ գործունեության տարածք կարող է դիտարկվել ինչպես այգին, այնպես էլ մեդիամիջոցներով հագեցած ուսումնական կաբինետը, կա նաև երրորդ միջավայրը.  դա առաջնություն անցկացնելու սրահն է, որն իր մեջ խորապես ներառում է ուսումնական բաղադրիչը (բացատրությունը՝  ստորև):
Համացանցին միացրած համակարգչի առկայությունը և սովորողի կամ սովորողների խմբի նեթբուք, նոթբուք ունենալը պարտադիր է, քանի որ ուսումնական գրականության և ակումբին անհրաժեշտ նյութերի հիմնական մասը տեղադրված են համացանցում:

Սովորողի մասնակցությունը
Ակումբն ընտրած սովորողը պարտադիր պետք է տիրապետի համակարգչին, հատկապես համացանցից օգտվելու գործիքներին:
Ակումբի կազմի սովորողների մի խմբի հանձնարարվում է հավելյալ համակարգչային ծրագրերի յուրացում, որպեսզի նրանք կարողանան ստեղծել ակումբին անհրաժեշտ ինտելեկտուալ խաղերի թվայնացված տարբերակները:
Ակումբային դասընթացներին մասնակցում են ավագ դպրոցի սովորողներն առանձին ծրագրով, միջին դպրոցի սովորողները՝ առանձին ծրագրով:

Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը
Ծրագրային նյութի մատուցումն ու կազմակերպումն ընթանում է երկու բաղադրիչներով՝ տեսական և գործնական:
Տեսական հատվածում, որին այս դեպքում քիչ ժամանակ և միջոցներ են հատկացվում, ներկայացվում են ակումբային գործունեության կամ տվյալ ակումբի հիմնական բաղադրիչները: Գործնական հատվածն իր մեջ ներառում է բուն գործընթացը, որն իր մեջ ներառում է դասի ընթացակարգ՝ ինտելեկտուալ խաղերի բաղադրիչներով: Ինտելեկտուալ խաղերի ցանկն այս պարագայում չի կարող լինել վերջնական, քանի որ ակումբի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ցանկացած պահի  ցանկացած սովորող կարող է ստեղծել նոր խաղային մոդել, որն էլ կարող է փոխել ընթացքը: Ակումբի ուսումնական գլխավոր բաղադրիչներից է նաև ինտելեկտուալ մրցաշարերի կազմակերպումը: Դրանք մի քանի տեսակի են.  ընդհանուր մրցաշարեր, որին  ակումբի անդամների մասնակցությունը պարտադիր է, կարող են մասնակցել նաև այն սովորողների կազմած թիմերը, որոնք ակումբի հիմնական աշխատանքների մեջ ներառված չեն (նաև այլ դպրոցների թիմեր): Եթե մյուս մասնակիցների համար այն դիտարվում է որպես արդյունավետ կրթական ժամանցի ձև, ապա ակումբային պարապմունքներին մասնակցող սովորողների պարագայում ստուգատես է: Անհատական մրցաշարեր, որոնք  անցկացվում են երկու տարբերակով.  առաջինը կազմում է դասի բաղադրիչ, երկրորդը բաց է ցանկացած սովորողի համար: Եվ երրորդ՝ փլեյ-օֆֆ մրցակարգով անցկացվող առաջնություններ:
Բուն դասի ընթացակարգում առկա են 15 խաղային մոդելները, նոր խաղային մոդելների և հարցերի մշակումն ու խմբագրումը, անհրաժեշտ նյութերի ներկայացումը և ծանոթացումը: Դասը կազմված է լինում երկու հատվածից, առաջին մասը, որի մեջ ներառվում են բոլոր սովորողները, իրականցնում է ակումբային գործունեություն իրականացնողը, երկրորդ հատվածում  դասը վարում են սովորողները՝ ռոտացիոն կարգով (անհրաժեշտության դեպքում կիրառվում է նաև խմբային վարման տարբերակը):

Դասի հեռավար ուսուցումը
Արտերկրի սովորողները, Երևան քաղաքի մերձակայքից հեռու բնակավայրերի սովորողները ակումբային աշխատանքներին կարող են մասնակցել առցանց, ինչպես նաև ինչ-ինչ պատճառներով բացակա կամ երկրում չգտնվող, բայց Գիտակների ակումբն ընտրած սովորողները: Ակումբը ունենում է իր էջը mskh.am կայքում, որտեղ հրապարակվում են ուսումնական նյութերը, սովորողները կարող են օգտվել այդ նյութերից, իսկ հարցերը, առաջադրանքները և առաջարկները ներկայացնել մեկնաբանությունների ձևով կամ էլ. փոստի միջոցով: Ակումբն ունենում է նաև իր էջը facebook.com սոցիալական կայքում, որտեղ հիմնականում անցկացվում են առցանց առաջնություններ:

Սովորողների հետազոտական աշխատանքների օրինակներ
Ինտելեկտուալ խաղերի տարածվածությունը Հայաստանում (Խմբային կամ անհատական աշխատանք)
Ա. Այս խաղերի պատմությունը Հայաստանում
Բ. Տարածված կամ գործող ակումբներ
Գ. Մասնակիցների հիմնական կազմ
Դ. Անցկացման վայրեր
Ինտելեկտուալ խաղը  որպես առարկայական ստուգման և գնահատման գործիք
Ա. Գնահատման կարգերի ուսումնասիրում և համադրում
Բ. Ձեռք բերած հմտությունների միջոցով խաղերի առանձնացնում
Գ. Համապատասխան խաղային մոդելի հարմարեցում տվյալ առարկայական ծրագրին
Դ. Խաղային մոդելին և առարկային համապատասխան հարցերի կազմում

Ուսումնական ճամփորդություններ
Այս դեպքում ուսումնական ճամփորդությունները օգնում են ակումբն ընտրած սովորողի ճանաչողական և իմացական բազիսի ավելացմանը, ուստի նպատակահարմար է, որ ճամփորդությունները ներառեն իրենց մեջ թանգարաններ, մշակութային վայրեր, տարատեսակ հասարակական  միջոցառումներ՝ խստորեն պահպանելով հայրենագիտության բաղադրիչը:

Գնահատում
Գիտակների ակումբի դասի պարագայում նիշային գնահատում ակումբավարի կողմից չի իրականացվում: Փորձարկվում է գնահատման նոր մոդել, որի էությունը հետևյալն .  կիսամյակի վերջում սովորողն ինքն է գնահատում իր մասնակցությունը ակումբային աշխատանքներին՝ երկու բնորոշիչով՝ արդյունավետ և անարդյունավետ, և ըստ այդմ էլ որոշում է իր հետագա մասնակցությունը ակումբային աշխատանքներին: Ակումբային դասն իրականացնող անձն այս առումով իրականացնում է միայն մեկ գործառույթ.  նա կարող է համապատասխան զեկուցագրով հեռացնել այն սովորողին, ով խախտում է դասի ընթացակարգը կամ այլոց կրթական իրավունքները:

Խաղային մոդելներ
1.Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ
2.Բռեյն-Ռինգ
3.Քաոս
4.Էռուդիտ-լոտո
5.Այբուբեն
6.Ինտելեկտ ասսորտի
7.Своя игра(միջազգային անվանումն է, ուղղակի թարգմանություն չունի)
8.Բառերի հանելուկ
9.Արագ տրամաբանող
10.Կապիտալ
11.Թույլ օղակ
12.Ինտելեկտուալ կազինո
13.Բլիցկռիգ
14.Չեշիրյան կատու
15.Փոխակերպում

Գրականության ցանկ և կայքեր
1. Логанович Я. Я., Любознательному читателю, Кобрин, 1997:
2. Большая энциклопедия  знатоков, Донецк, 2003:
3. Твоя игра, М., 2000:
4. Главная книга умных и весёлйых, Донецк, 1998:
5. Большая книга интеллектуальных игр, М., 2008:
6. mskh.am
7. tutor.ru
8. http://drschool.ru/contests/contest/winter.html
9. http://www.smekalka.pp.ru/
10. db.chkg.info
11. http://chgk-library.narod.ru/potashev.html

Օգտագործվող գրականությունը և կայքերը թարմացվում են: 

Ծրագրի մասին

«Ներկայացված ծրագիրը համապարփակ կերպով արտացոլում է սովորողների շրջանում ինտելեկտուալ խաղերի տարածման, դրանց արդյունքում տրամաբանական մտածողության զարգացման ու լայն մտահորիզոնի ու նոր գիտելիքների ձեռքբերման անհրաժեշտության գաղափարը»:

Հայկ Դեմոյան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր