• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնակցում եմ քննարկմանը

Չկարողացա մասնակցել քննարկմանը: Միաժամանակյա քննարկումները այդ թերությունն ունեն: Բայց ուշադիր կարդացի: Ցավով պիտի ասեմ, որ Մարգարիտի դիտարկման հետ համաձայն եմ`աշխատող, ստեղծագործ թիմի բացակայություն կա: Քննադատությունից ոչ վախեցող եմ, ոչ փախչող: Ինքս էլ ասող եմ: Բայց… Ինչ-որ սրտնեղություն զգացի տողատակերում, հակամարտություն, հակադրվելու ցանկություն, անբարյացակամություն: Չի երևում, որ մարդը ցանկանում է, որ փաստաթուղթը ավելի լավը լինի, որ ինքը ցանկանում է օգնել, որ նայում է  գործին որպես ընդհանուր գործ:

Հետո կարդացի Արտակի կարծիքը գրված Մարգարիտի նյութի տակ. « Շատ դրական է, որ ներքևները ցանկանում են աշխատել թիմով: Բայց պետք է լինի նաև վերևների ցանկությունը: Եթե դա բացակայում է, ապա թիմի ձևավորման փորձերը դառնում են անցանկալի երևույթ վերևների համար»: Վերևների ու ներքևների պայքա՞ր… Ա~յ քեզ բան… Պատմական էս ի՞նչ տերմիններ են թափանցել կրթահամալիր: Մենք բարեհոգի, հանդուրժող, լայնախոհ հավաքանի ենք ուզում, ստեղծագործ, ազատ ու արդյունավետ աշխատանքային մթնոլորտ ու… ներքևներ ու վերևնե՞ր: Բոլորս նույն առաքելությամբ չե՞նք ու հետևաբար` վերևում: Չէ, իրոք վտանգավոր մոտեցում է:

 

Հիմա փորձեմ ավելի կոնկրետ խոսել:
Սուրենը գրում է. «Սովորողի հետ կնքվող պայմանագրում դպրոցի տնօրենը ինքն է պատասխանատու Սովորողի անվտանգության համար/4-րդ մասի 1-ին կետի 6-րդ ենթակետը/... իսկ մեր ուսուցիչների աշխատանքային պայմանագրում կամ որևէ հրահանգում խոսք չկա որ անվտանգության պատասխանատվությունը փոխանցվում է ուսուցչին»: Այ Սուրեն ջան, բա մենք էլ շատ հանգիստ ենք, որ մեր կողքին քեզ նման վստահելի իրավաբան ունենք, ով մեզ կօգնի  փաստաթղթերը ճշգրիտ ու տրամաբանական ձևակերպել: Ասում ես` չկա այդպիսի ձևակերպում… Չկա, լրացրու, առաջարկիր: Այն, ինչը մենք չենք մտածում, չենք ձևակերպել, ինքդ հուշիր:  Եվ եթե իրավական հիմք չունի կրթահամալիրի տնօրենի հրամանը` ճամփորդության պատասխանատու ճանաչել էսինչյան Էսինչին և դրա համար պայմանգրային ձևակերպում է պետք, ասա, իմանանք, անենք միասին: Հակառակ դեպքում` իհարկե Թուրքիայում անմոռաց օրեր անցկացնող Արտակը պիտի ասի, որ իրավական պատասխանատվությունը, ինչպես գրված է պայամանգրում, կրում է ծրագրի ղեկավարը, տվյալ դեպքում` Դուք, տիար Գևորգ:
Եվ դա պիտի ասի տիար Գևորգին, ով իր արձակուրդի հաշվին  կազմակերպում է ավագ դպրոցի ընդունելությունը` ապահովելով նաև Արտակի հետագա աշխատանքը: Բայց որ Արտակը Թուրքիայում թրքուհիներով տարվեր  ու աչքաթող աներ երեխաներին, Աստված ոչ անի, մի երեխայի էլ մի բան լիներ, տիար Գևորգն էստեղ ի՞նչ աներ: Չե՞ս կարծում, որ էս ամեն ինչի մեջ ինչ-որ բան էն չէ:  Իսկ ցանկացած նույնիսկ շատ փոքր դեպք, կատարված երեխայի հետ, շատ հանգամանալից կերպով հետաքննվում է, Վահրամ ջան, մենք դա բազմիցս տեսել ենք դպրոցում. էնպես որ քո մտավախությունն էլ` կապված Ֆորսմաժորային իրավիճակների հետ, իզուր է, հատկապես որ դա էլ կարող է իրավական ձևակերպման մեջ հաշվի առնվել:

 

Արտակը գրում է. «Ինչ վերաբերում է մեդիամիջոցների կիրառմանը յուրաքանչյուր դասի ընթացքում: Դա, իհարկե, օրվա հրամայական է և անփոխարինելի անհրաժեշտություն: Բայց արդպես էլ որևէ լուրջ, գիտական ուսումնասիրություն չարվեց այդ բնագավառում, թե արդյո՞ք մեդիայի կիրառումը յուրաքանչյուր դասի և յուրաքանչյուր առարկայի ժամանակ նպաստում է կամ խոչընդոտում կրթությանը: Այստեղ բացթողումները շատ են, բայց բոլորը խոսում են միայն կիրառելու մասին: Իսկ բացերը ո՞վ պետք է լրացնի` խուսափում են պատասխանել»: Արտակ ջան, ես ուզում եմ հիշեցնել  քեզ, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը այլընտրանքային ծրագրեր իրականացնող հետազոտական հաստատություն է, որտեղ յուրաքանչյուր ուսուցիչ հետազոտող է, գիտական-մանկավարժական  ուսումնասիրություններ կատարող, իր փորձի հիման վրա կոնկրետ գիտական, խորն ու համակարգված վերլուծություն անող:Եվ քո հռետորական այն հարցին , թե բացերը ո՞վ պիտի ներկայացնի, պատասխանում է կրթահամալիրի Զարգացման ծրագիրը` դու, Արտակ ջան, դու…

 

Տիար Գևորգը ասում է` «ձեր իսկական վեճը «Դասից առաջ» պարբերության հետ է»: Քննարկման տպավորությունն իրոք այդպիսին էր: Այն, որ դասը մանրամասն պիտի պատրաստվի, սա վիճարկելու հարց չէ: Որ պիտի ուսուցիչը դասարան մտնելուց առաջ մանրամասն պլանավորած լինի անելիքը, նույնպես չի քննարկվում: Իսկ դասից հետո իր պլանավորած կետերի մեջ նայել` ինչը ստացվեց, ինչը չէ, թվում է` բնական է: Ես այդպես էլ չհասկացա` ո՞րն էր վեճի առարկան: Բայց ես նորից եմ ասում` խնդիրը քննադատելը չէ:  Գիտե՞ք, տիար Յուրան էլ կրտսեր դպրոցի  անգլերենի ծրագրի մասին շատ անկեղծ արտահայտվեց և նշեց բավականին բացթողումներ:  Բայց դա այնքան հիմնավորված արեց, և այնպես էր զգացվում օգտակար լինելու ցանկությունը, որ դրանից միայն շնորհակալական և հարգանքի զգացում առաջացավ տիար Յուրայի նկատմամբ: Նույն հանդուրժողականությամբ ու սիրով  տիար Յուրան գրախոսեց ռուսերենի ծրագիրը:

 

Այ էսպիսի բաներ, սիրելիներս: Բայց ես հիմա բոլորովին էլ հանդուրժողականության կոչ չեմ անում: Այլ ասում եմ` եկեք անհանդուրժող լինենք անհանդուրժողականության նկատմամբ և աշխատենք սիրո և ստեղծագործ աշխատանքի մթնոլորտում: Մենք, համենայն դեպս, այդպես ենք ապրել ու աշխատել: Իսկ դրա արդյունքը մեր կրթահամալիրն է, մեր «Մխիթար Սեբաստացին»: