• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օգտակարն ու հաճելին

Ամենաուրախ ուսուցիչների` ընկեր Էմանուելի, ընկեր Վահրամի ու ընկեր Կարինեի հետ (ընկեր Արտակն էր պակաս, են էլ ընկեր Վահրամը հատուկ նրա համար ճանապարհին մի ռազմահայենասիրական երգ երգեց) մի անմոռանալի, զվարճալի, ինչու ոչ, նաև աշխատանքային օր անցկացրինք Հանքավանում:

Ու մինչև մենք տեղ կհասնեինք, տղաներն իրենց ղեկավարի ու հրամանատարի հետ միասին պատմում էին Արցախյան արկածների մասին ու երգում այնտեղ սովորած երգերից: Մեզ հետ վերցրել էինք շատ գրքեր և հասնելով Աղավնաձոր՝ դրանք բաժանեցինք բնակիչներին: Նրանք սիրով ընդունում էին նվերը, հետաքրքրվում և մեզ սուրճի հրավիրում: Նույն վերաբերմունքին արժանացանք նաև Մեղրաձորում: Գործն ավարտին հասցնելուց հետո գնացինք Հանքավան` գետի ափին՝ ծառերի տակ նախաճաշելու, իսկ ճանապարհին պատմում էինք գրքերը բաժանելու ժամանակ արած խենթությունների մասին: Նախաճաշից հետո կարծես թե անելու ոչինչ չէր մնացել, բացի խաղալուց, ծիծաղելուց ու մի քիչ քայլելուց, մեկ էլ կըթ –կըթ` անձրևն ուզում է գալ: Բայց ոչ ոք տեղից վեր չկացավ, մինչև կարգին չսկսեց թրջել: Ի՜նչ լավ էր, որ անձրև եկավ, թե չէ բաց երկնքի տակ ո՞վ կհիշեր մի որևէ բանաստեղծություն արտասանելու մասին. ավտոբուսում փակված պոեզիայի գիրկն ընկանք: Անձրևը կտրվեց, իսկ մենք արդեն ուրիշ հանգստի տեղ էինք գտել, չնայած այնտեղ գետ չկար, բայց ոչ պակաս հաճելի վայր էր ու այնտեղ հանգստացողները շատ էին: Փռեցինք մեր ծածկոցները խոտերի վրա, իսկ ավելի վերևում (մեր նստած տեղը թեք էր) բաց ու հարթ տարածություն էր՝ շրջապատված ծառերով ու խոտի դեզերով, և ինչ լավ կլիներ, եթե այդտեղ շոգ չլիներ, մեկ էլ բազմատեսակ միջատները վրայովդ չքայլեին ու բերանդ չմտնեին: Խաղալուց ու միջատների դեմ պայքարելուց հոգնած՝ իջանք ներքև, որտեղ ընկեր Վահրամն արդեն ձմերուկ էր կտրում: Մեր մնացած ժամանակն անցկացրինք այդտեղ` թղթախաղ էինք խաղում, նեթբուքով երաժշտություն լսում, իրար ծեծում, անվերջ ու անդադար ծիծաղում, որովհետև ընկեր Էմանուելն ու ընկեր Վահրամը շատ էին զրուցում, այնուհետև գնացինք քայլելու: Երբ վերադարձանք, պարզվեց, որ սոված մարդ դեռ չկա, բայց երբ ընկեր Վահրամը մի երկու բրդուճով եկավ ու դրանք մեզ տվեց, ոչ ոք չհրաժարվեց: Հացից հետո, չնայած ոչ մեկս էլ չէր ուզում, արդեն գնալու ժամանակն էր: Էլի ուրախ, անընդհատ կատակելով, բանավիճելով տուն վերադարձանք: Ափսոս, որ օրն ավարտվեց, բայց իրար հրաժեշտ տվեցինք էլի միասին ճամփորդելու սպասումով: