• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի տեսահոլովակի պատմությո՞ւն, թե՞ ծրագրային անտեղյակություն

 

Վերջերս mskh.am կայքում տեղադրվեց գեղարվեստի ավագ դպրոցի «գովազդային» տեսահոլովակը, որը արդեն երեք օր է մեծ աղմուկ է բարձրացրել կայքում: Համբերատար հետևում էի քննարկման ընթացքին, մինչև զգացի, որ կրթահամալիրային կողմը պարկեշտության սահմանն անցնում է` ցուցաբերելով բանավիճելու բացարձակ անկարողություն (որպես խմբագիր` կարողանում եմ կարդալ նաև այն գրառումները, որոնք մյուսները չեն տեսնում, իսկ դրանց հրապարակումը կվարկաբեկի կայքը): Վերջին պնդումը անում եմ մեծ ափսոսանքով և ամոթով, քանի որ այդտեղ մեր ուսուցիչներն ու մեր շրջանավարտներն են:

Նախ` իմ կարծիքը տեսահոլովակի մասին: Ծրագրային անտեղյակությունը (անգրագիտությո՞ւնը) սկսվում է հոլովակի վերնագրից: Կրթահամալիրի դասավանդողը դեռ տեղյակ չէ, որ կրթահամալիրի ավագ դպրոցներում 2012-2013 ուստարում չկան խորացված ուսուցման դասարաններ. ուսուցումը կազմակերպվում է սովորողների անհատական ուսումնական պլաններով: Եվ զարմանալի է, որ գեղարվեստի ավագ դպրոցի ղեկավարը երեք օր է չի նկատում այդ վրիպումը, մանավանդ, որ տեսահոլովակն իր անունից է տեղադրված: Գեղարվեստի ավագ դպրոցն իրականացնում է հանրակրթական ծրագիր, այլ ոչ թե մասնագիտական: Նաև գեղարվեստի ավագ դպրոցը կինոստուդիա չէ: Այս դպրոցի խնդիրների մեջ չի մտնում «Ռեմբոների» և պայթյունների հատուկ մասնագետների պատրաստումը: Դրանց համար կան մասնագիտական ուսուցում իրականացնող համապատասխան հաստատություններ: Ինձ անհասկանալի պատճառներով Արտակը փորձում է այդ հաստատությունների աշխատանքը տեղափոխել դպրոց, որը կարծում եմ խելամիտ չէ:

Հիմա քննարկման մասին: Մեր կրթահամալիրը իրականացնում է հեղինակային կրթական ծրագիր, այսինքն` առարկայական ծրագրերը մշակում են մեր ուսուցիչները: Ծրագրերի ստեղծման, փորձաքննության և ընդունման կարգի համաձայն «Փորձաքննության առաջին փուլում աշխատանքը հատվածաբար (շաբաթական առնվազն մեկ անգամ պարբերականությամբ) ներկայացվում և քննարկվում է mskh.am-ի սոցիալական ցանցում («Հեղինակային կրթական ծրագրեր» էջում` առարկայական ծրագրերի մեջ): Քննարկումը բաց է: Չափորոշչի և առարկայական ծրագրերի առցանց քննարկմանը մասնակցելը կրթահամալիրի դասավանդողի համար պարտադիր աշխատանք է»: Ասել է, թե կայքում քննարկումը մեր ծրագրաստեղծման գործիքներից է, և բոլորս պարտավոր ենք կատարյալ տիրապետել այդ գործիքին: Սակայն տեսնենք` ինչ ստացվեց այս դեպքում: Կրթահամալիրի գործունեությամբ շահագրգիռ Հայկ Վարդանյանն իր կարծիքն է արտահայտել: Եվ Արտակը, բովանդակային քննարկում սկսելու, դիմացինի իմացածը օգտագործելու փոխարեն, խոսակցությունը տեղափոխում է անձնային հարթություն, «դու ես լավ տղա, թե` ես» ձևաչափով: Հայկ Վարդանյանը մի անգամ էլ է փորձում խոսակցությունը դարձնել բովանդակային.    «Դիտարկումս մի ակնկալիք ուներ, որ կարողանայիք զարգացնել այս ուղղությունը` հենվելով արդեն եղածի վրա (ինչը մի քանի տարի առաջ ես եմ տեսել) ու որը հիմա չեմ տեսնում»: Բայց ո՞ւմ ես ասում. «բա դու էս տղին ճանաչում ես, բա՞ էս մյուսին, բա էն մյուսի՞ն»: Ու այսպես շարունակ: Որտեղից որտեղ Արտակին օգնության են հասնում այս տարվա շրջանավարտները` «Արի մեր մոտ ես քեզ ցույց կտամ …», գործընկերները: Հարգելի Հայկուհի Հովհաննիսյան, էդ ինչպե՞ս պետք է իմանայիր, թե Հայկ Վարդանյանը ում ծնողն է, որ չեք փնտրել արխիվում, չեք նայել հին մատյանները: Իսկ գիտե՞ք, որ այդ թվերին գեղարվեստի ավագ դպրոց չկար, որ գեղարվեստի ավագ դպրոցը առաջին ընդունելությունը կատարել է 2009-2010 ուսումնական տարում: Եվ վերջապես ի՞նչ պարտադիր է, որ Հայկ Վարդանյանը լինի ծնող կամ ռեժիսոր: Մարդուն շնորհակալություն ասելու փոխարեն «հավաքվում եք, քաշում սրի՞»:  Եվ այդ հարձակումներն ու պաշտապանությունները հանգեցնում են տրամաբանական ավարտի. «Մեկ-երկու նմանատիպ վիրավորական քոմենթ, ու կարծում եմ, որ շատ մարդիկ, այդ թվում նաև ես, այլևս չենք մտնի ձեր կայք»:

Հասա՞նք ավարտին: Պարո´ն Թովմաս, սա էր Ձեր ուզածը: Ի՞նչ իրավունքով եք վիրավորում մեր կայքի այցելուներին: Բոլորս պետք է լավ հիշենք` յուրաքանչյուր մարդ, ով այցելում է կրթահամալիր (mskh.am կայքը նույնպես կրթահամալիրի է), արդեն շահագրգիռ է կրթահամալիրի գործունեությամբ, իսկ, եթե մասնակցում է քննարկման, արդեն մեր գործընկերն է: Բոլորս պետք վերին աստիճանի հարգալից վերաբերմունք ցուցաբերենք այդ մարդկանց:

Ես ներողություն եմ խնդրում Հայկ Վարդանյանից իմ գործընկերների և շրջանավարտների գրածների համար: