• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ուսումնական ամառ» նախագիծը Դպրոց-պարտեզում

Այսօր մենք` ես, Գոհարը և տիկին Նունեն այցելեցինք Դպրոց- պարտեզ: Մենք մի փոքր շուտ էինք գնացել, հյուրերը դեռ չէին եկել: Մինչ հյուրերի գալը մենք շրջեցինք դպրոցով, հիացանք բակով, լողավազանով և  երեխաների` դպրոցի պատերին փակցված նկարած նկարներով, թութակներով ու ձկնիկներով:  

Ժամը 11:00-ին հյուրերը եկան: Նրանց դռների մոտ դիմավորեց դպրոցի ղեկավարը` ընկեր Տաթևը: Նա հյուրերին ուղեկցեց մանկապարտեզ:  Նրանց հետ էր նաև տիկին Աիդան, ով  ներկայացնում էր  մանկարպարտեզը: Հյուրերն էլ բարձրաձայն համեմատում էին ուրիշ մանկապարտեզների հետ: Ես և Գոհարը ձայնագրում էինք, լուսանկարում և հյուրերից հարցազրույց վերցնում:

Երբ հյուրերի հետ պտտվում էինք Դպրոց- պարտեզով, տեսանք երեխաների, ովքեր  բանանով, ելակով ու կիվիով մրգային աղցան էին պատրաստում:  Մի խումբ երեխաներ էլ պարում ու  երգում էին: Ամենահետաքրքիրն այն էր, որ բոլոր երեխաները լողազգեստներով էին: Պարին հաջորդեց գործունեությունը բակում: Երեխաների մի մասը լողում էր լողավազանում, մի մասը` նկարում պատին փակցված թղթի վրա, մեկ այլ խումբ էլ  ջրոցի էր խաղում: 

Հարց ու պատասխանից պարզ դարձավ, որ մեր հյուրերին շատ էր դուր եկել ամառային Դպրոց-պարտեզը: Իսկ մեզ` ինձ  ու Գոհարին, ամենաշատը դուր եկավ երեխաների հրճվանքն ու ուրախությունը: