• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի քիչ էլ Խաչիկի մասին

Դեպի Վայոց Ձոր կատարած մեր ճամփորդությունը թերի կլիներ, եթե չայցելեինք Խաչիկ գյուղ: Արենիից Խաչիկ տանող ճանապարհը անցնում է լեռների ու կիրճերի միջով: Անհնար էր կանգ չառնել ճանապրհին: Հեռվում երևում էր Նորավանքը` իր վեհությամբ ու հմայքով: Քեզ թվում է, թե վանքը ափերիդ մեջ է: Միայն մնում է՝ փակես աչքերդ ու զգաս նրա խորհրդավոր ուժը:

Վարջապես հասանք գյուղ: Գյուղամիջում մեզ դիմավորեց գյուղի դպրոցի  տնօրենը` ընկեր Սուրեն Թադևոսյանը: Դե իհարկե, առաջինը այցելեցինք գյուղի դպրոց: Այնտեղ բուռն կերպով ընթանում էին վերանարոգման աշխատանքներ: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր ու համապատասխանում էր նոր սերնդի պահանջներին: Ընկեր Թադևոսյանը պատմեց, թե ինչպես պատերազմի տարիներին դպրոցը տուժել էր հրետանային ռմբակոծության արդյունքում: Մարմնամարզության սրահի պատն ամբողջովին փլվել էր, իսկ որոշ տեղեր դեռ երևում էին կրակոցի հետքերը: Գյուղը անմիջականորեն սահմանակից է Նախիջևանին: Անգամ վարելահողերը գտնվում են մեր սահմանապահ դիրքերից այն կողմ: Եվ ամեն օր աշխատավոր հայ գյուղացին տքնում է հողի վրա` վտանգելով սեփական կյանքը:

Այնուհետև, ընկեր Թադևոսյանի տան բակում ճաշակեցինք նրա ստեղծած բարիքներից: Մեղրն ու մածունը շատ հավանեցինք ու շատ էլ կերանք: Իսկ տան տիկնոջ պատրաստած ձվածեղի բույրը մինչև հիմա քթիս մեջ է: 

Տիար Բլեյանն ու ընկեր Թադևոսանը երկար ու մտերիմ զրուցեցին գյուղի կյանքի, դպրոցում կրթության կազմակերպման ու կրթական փոխանակման ծրագրերի շուրջ: Ընկեր Թադևոսյանը հատկապես ոգևորվեց մեր «Ջառմա» ակումբով: Ու հավատացած եմ, որ ամռան ընթացքում մի խումբ խաչիկցի պատանիներ ու ուսուցիչներ «ջառմա» կլինեն մեզ ու մեր կրթահամալիրին: Դե մենք էլ, ընդունված կարգի համաձայն, պատասխան այցի կգնանք:

Իրոք, այս այցելությունը շատ կարևոր էր: Եվ մենք ամպայման կվերադառնանք:

Հ.Գ. Էս անգամ հեշտ չեք պրծնի: