• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիմում եմ պահանջելու պես

Վաղը` մայիսի 25-ին, Դուք  կենտրոնում եք, 2011-2012 ուստարվա շրջանավարտներ` որպես պահի, օրվա, ամսվա հերոսներ: Առավոտյան 9:00-9:30 րոպե լինելու եք ձեր ավագ դպրոցում՝ տոնական, հանդիսավոր, գրավիչ: 9:45 րոպե սկսվելու է ձեր շքերթը դեպի Մայր դպրոց…

Ուղիղ ժամը 10:00 Մարմարյա սրահում սկսվելու է կրթահամալիրի ավագ դպրոցների «Ցտեսություն» ուսումնական նախագծի միացյալ տոնախմբությունը՝ «Ջան, ջան, ջանեջան»-ը: 

Ինչպես այս տոնախմբությունը, այնպես և դրան հաջորդող հանդիսությունները՝  ըստ դպրոցների, դասարանների, խմբերի, մայրաքաղաքում թափառումի, Հանրապետության հրապարակում համերգի, դեպի Էջմիածին (Արհեստագործական ավագ դպրոց), Գոշավանք (Գեղարվեստի ավագ դպրոց), Ծաղկունք (Ավագ դպրոց-վարժարան) ճամփորդության, թե Փարվանայում քեֆի ձևով, ձեր, կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և  ծնողների համար բարեկրթության ստուգատես են: Երախտագետ եղեք և այն արտահայտեք, խնդրեմ,  նաև Ձեր կրթական հաստատության և ուսուցիչների նկատմամբ բացառիկ հարգանքի տեսքով` հարգանք դրսևորելով նաև ողջ հայաստանյան հասարակության նկատմամբ: Անճաշակության, զեխության, չկայացած մարդու ցուցամոլության, վայրենի աղմուկի ոչ մի դրսևորում: Բացառվում են կրթահամալիրի տարածքում ավտոմեքենաների շքերթը, շչակների, պայթուցիկների ձայները, անկապ-անիմաստ  գոռգոռոցը: Ահա ինչու, այսպիսի ցանկացած դրսևորում ոչ միայն վիրավորական է համարվելու, այլև անմիջապես կանխվելու է, պատժվելու է, ընդհուպ մինչև միջոցառման ընդհատում: Դիմում եմ պահանջելու պես:

Հասուն, կիրթ և ազատ մարդկանց իրենց հիշարժան օրվա համար ասենք` շնորհավոր, և ծափահարենք: Թող հալալ լինի տոնախմբությունը բոլորին:

Միշտ Ձեր` Աշոտ Բլեյան