• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անուղղակի ակնարկ ուղղակի հասցեատերերին

 2002 թվական, մայիս 26: Այդ օրը, ես՝ Վահրամ Թոքմաջյանս, երկար դադարից հետո, վառեցի L&M սիգարետի գլանակը: Ինչու՞, երևի թե հասկացաք, այդ օրը <<Վերջին զանգ>> կոչված արարողությունն էր: Այդ դեպքից հետո ինձ մոտ ձևավորվեց յուրատեսակ մոտեցում ընդհանրապես այդ երևույթի հանդեպ, որն ինձ մոտ մինչ օրս էլ ասոսացվում է որպես մասսայական հարբեցողության և մեկ այլ իրողության հետ, որին չեմ անդրադառնա, այսպես կոչված եթերային չլինելու պատճառով: Երկար ժամանակ մտածում էի, թե ինչպես հասկացնեմ <<բոշ սիգնալը>> կյանքի միակ ուղեկից սարքած և ռեստորանային մուղամչիությամբ տառապող շատ շրջանավարտների, որ վերոնշյալը կապ չունի քաբաբային մշակույթի հետ: Ի վերջո գտա իմ հոդվածներից մեկը, որը նվիրված է տոն և տոնակատարություն գաղափարին: Ես կանեմ մեջբերում այդ հոդվածից, թե ինչ եմ հասկանում տոն ասելով և ինչ է այն իրենից ներկայացնում, իսկ ավարտող և այս նյութը կարդացող շրջանավարտն ինքը թող որոշի՝ համաձայն է, թե ոչ:

<<Պատմություն և Մշակույթ>> հայագիտական հանդես, Եր., 2011թ.:

 

 Տոների ձևավորումը և զարգացումը, որպես օրինաչափություն, պայմանավորված է սոցիալական, տնտեսական, պատմական, քաղաքական, էթնո-մշակութային և կրոնական գործընթացների փոխազդեցություններով։ Արտացոլելով հասարակության մեջ իրականացվող այդ գործընթացները` տոները կատարում են էթնիկ ավանդույթների պահպանման և դրանք սերունդներին փոխանցելու կարևորագույն գործառույթներ:

 Տոները կատարում են նաև էթնիկ ավանդույթների կողմնորոշման, հասարակական հարաբերությունների կարգավորման և անհատի պահանջների բավարարման գործառույթներ: Այդ իսկ պատճառով տոնական համակարգի ձևավորման և փոփոխման գործընթացների ու մեխանիզմների, ինչպես նաև հասարակական ու ընտանեկան կյանքում դրանց գործառութային նշանակության բացահայտումը ոչ միայն տեսական, այլև կիրառական առումով կարևոր և հրատապ հիմնախնդիր է:

 Առնչվելով տվյալ էթնոսի ծագման և զարգացման որոշակի հիմնախնդիրներին` տոնն արտացոլում է ոչ միայն էթնո-մշակութային ինքնատիպությունը, այլև էթնիկ շփումների հետևանքով առաջացած փոխազդեցությունները: Հետևաբար, մշակութային այս տարրի ուսումնասիրությունը կարևորվում է նաև միջէթնիկ փոխհարաբերությունների տեսանկյունից:

 Տոնը յուրատեսակ միկրոհամալիր է, ուր առկա են կենցաղի և մշակույթի գրեթե բոլոր բաղադրիչները՝ բնակավայր, բնակարան, ազգակցական, դրացիական, ընտանեկան հարաբերություններ, նախնիների հիշատակ, ամուսնական ծիսաշար, երաժշտական ստեղծագործություններ, խաղեր, ուտեստ և տնտեսական գործունեության ավանդական փուլեր` իրենց ծեսերով ու սովորություններով։ Նշված տարրերի նույնիսկ այս ոչ ամբողջական ցանկը բավական է հիմնավորելու տոներում առկա կենցաղա-մշակութային բազում շերտերը: 

 Տոն և տոնակատարություն գաղափարը, անկախ իր ձևից, բովանդակությունից, հղացողներից և կազմակերպիչներից, կոչված է առավել մերձեցնելու հասարակության տարբեր շերտերը, համախմբելու  և առավել ամբողջական դարձնելու հասարակությունները: Տոնն ունի նաև մեկ այլ գործառույթ` կազմակերպել տվյալ հասարակության զանգվածային ժամանցը, թեկուզ ընդհանուրի մեջ և կարճ ժամանակահատվածով:

ՉՄՈՌԱՆԱՔ. ՄԱՐԴԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻ Է ԵՎ ՄՅՈՒՍ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ԳՈՆԵ ԾԻԾԱՂԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ...