• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռեալիզմը համաշխարհային Գրականության մեջ

Վերածննդի գրականությունից հետո համաշխարհային գրականության մեջ բարձր արժեքներով է բնորոշվում ռոմանտիզմի և հատկապես ռեալիզմի գրականությունը: Ռոմանտիզի գրականությանը զուգահեռ 18-19-րդ դ. ձևավորվեց ու ողջ քաղաքակիրթ մարդկության գեղարվեստական գրականությունը ընդգրկեց ռեալիզմի ստեղծագործական մեթոդը: Այն էապես տարբերվում էր ռոմանտիզմից և շատ ավելի լրջախոհ, հավասարակշիռ աշխարհայացքային հիմք ուներ, քան ռոմանտիզմը և ռեալիզմ բառը պատահականորեն չէ, որ բնութագրում է այդ ստեղծագործական մեթոդը: Ռեալ- ճիշտ, ճշմարիտ, իրողություն, իրականություն: Գեղարվեստական այս մեթոդը ձևավորվեց ու բարձր զարգացման հասավ նախապես ֆրանսիական գրականության մեջ ու հետո տարածվեց աշխարհով մեկ: Ռոմանտիզմի ձևավորման մեջ մի զգալի նշանակություն ունեցավ հիասթափությունը բուրժուական հասարակակարգից, սակայն այդ հիասթափությունը ռոմանտիկներին մղում էր ոչ այնքան իրապատում, ճշմարիտ նկարագրությունների, բացահայտումների, որքան մտացածին, խիստ հուզական, վերացական, երևակայական աշխարհներում մխիթարանք ու իդեալ փնտրելու: Էմոցիոնալ գերհագեցածությունը ստեղծագործությունների, հաճախ գրողին թույլ չէր տալիս ստեղծելու, վերարտադրելու կյանքի ճշմարիտ պատկերը: Ընթերցողը ռոմանտիկ գրականության առաջ չէր կարող սեփական կարծիք ձևավորել` օբյեկտիվ կարծիք, արտացոլվող ժամանակների ու հանգամանքների նկատմամբ: Այսպես էր, որովհետև ոչ թե կյանքի իրական պատկերն էր մատուցվում ընթերցողին ստեղծագործության միջոցով, այլ այդ կյանքը, ապրած գրողի հիասթափությունը, մերժումը, բողոքը, դժգոհությունը այդ կյանքից: Եվ ռոմանտիկների և ռեալիստների ստեղծագործական հետաքրքրությունները հիմնականում բուրժուական զարգացած հարաբերությունների շրջանակն են ընդգրկում: Հակառակ բազմաթիվ սերունդների հետևողական աշխատանքի կամ պայքարի կապիտալիզմը, մանավանդ ֆեոդալիզմին փոխարինելու շրջանում ազնվության, եղբայրության, հավատարմության այն հասարակարգը չդարձավ, ինչ որ երազում էին: Ռեալիզմի գրականությունը նույնպես ձևավորվեց համաշխարհային տարածում ստացած կապիտալիզմից, հիասթափությունից, բայց ռոմանտիկների համեմատ մի էական տարբերությամբ. ռեալիստները ոչ թե նախընտրում էին էմոցիոնալ սուբյեկտիվ, անհատական անձնավորված նկարագրություններն ու երևակայական մտակառույցները, այլ կյանքի ճշմարիտ պատկերները: Այսինքն, ռեալիստն իր խնդիրը տեսնում էր ոչ թե ընթերցողին կոպտորեն համոզելու մեջ, որ կյանքը իսկապես շատ է անմարդկային ու վատ, այլ այդ իսկապես վատ կյանքը ճշմարտացիորեն նկարագրելու մեջ, որի միջոցով արդեն ընթերցողը իր սեփական կամ անձնական կարծիքը կկազմեր այդ կյանքի մասին: Սակայն չպետք է կարծել, թե ռեալիզմի գրականության մեջ հեղինակը ընդամենը լուսանկարողի դերում է, իրականում այդպես չէ: Ուշադիր կարդալու դեպքում միշտ էլ հնարավոր էջերի ենթատեքստում նկատել հեղինակին ու նրա վերաբերմունքը: Հենց միայն այն, որ նույն ժամանակաշրջանի նույն տեղի կյանքը տարբեր հեղինակներ տարբեր ձևերով են ներկայացնում: Դա արդեն իսկ ցույց է տալիս հեղինակի կարևոր դերը ռեալիզմի գրականության մեջ: Ռեալիզմի գրականությունը կյանքի ճշմարտացի պատկերման հասնելու համար գեղարվեստական արտացոլման երկու կարևոր պրոբլեմ է լուծում: Առաջինը տիպական հանգամանքների և երկրորդը տիպական կերպարների: Սերունդների կյանքում շատ հաճախ է հանդիպում համանման կամ կրկնվող իրավիճակներ, դրանք ավելի շատ են նույն ժամանակաշրջանում և նույն կենսապայմաններում ապրող մարդկանց կյանքում: Գրականությունը եթե ձգտում է ռեալիզմին, պետք է առաջին հերթին կարողանա մասնավոր դեպքերի մեջ գտնել այն էական բնորոշ առանձնահատուկը, որը ընդհանուր է բոլոր համանման դեպքերի համար: Նույնը վերաբերում է նաև հերոսներին: Ռեալիստ գրողը այնպիսի բնորոշ և ընդհանրական հատկանիշներով պետք է կարողանար ներկայացնել իր հերոսին, որ նրա միջոցով ընթերցողը լիարժեք պատկերացում կազմեր կոնկրետ ժամանակաշրջանի մեջ ապրած կոնկրետ մասնագիտություն, հետաքրքրություններ ունեցող մարդուն բնորոշ այն ընդհանրական հատկանիշների մասին, որոնցով բնութագրվում են տվյալ մասնագիտությունը, զբաղմունքը աշխատանքը ունեցող մարդիկ ընդհանրապես: