• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր ծնվել է Հովհաննես Շիրազը

Նրա մասին

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը XX դարի հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է: Նա գրականություն մտավ որպես թարմ հոսանքի ավետաբեր՝ նորովի ու վերաիմաստավորված ներկայացնելով հայրենիքի, բնության, սիրո, մայրական սիրո և ավանդական այլ թեմաներ: 

Հովհաննես Շիրազը (իսկական անուն-ազգանունը՝ Օնիկ Կարապետյան) փոքր տարիքում կորցրել է հորը, մանկությունն անցկացրել որբանոցում: Շուկայում պատահաբար գտել է մորը, նրա խորհրդով դարձել է կոշկակարի աշակերտ, ապա՝ ջուլհակ: 

1925–32թթ. սովորել է ծննդավայրի 7-ամյա դպրոցներից մեկում, այնուհետև աշխատել է տեքստիլ կոմբինատի «Մանածագործ» թերթում, որտեղ էլ 1932թ. տպագրվել են նրա առաջին բանաստեղծությունները: 1941թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1956թ.՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1941–45թթ. աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում: 

1935թ. լույս է տեսել Շիրազի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Գարնանամուտը», որտեղ դրսևորվել է հեղինակի անհատականությունը` նախընտրած թեմաների յուրովի մեկնաբանություն, զգացմունքների արտահայտման անմիջականություն, պատկերային ինքնատիպ գույներ: 

«Գարնանամուտ»-ին հաջորդել են «Սիամանթո և Խջեզարե» (1935թ.) վիպերգը, «Արևի երկիր» (1938թ.) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940թ.), «Բանաստեղծի ձայնը», «Երգերի գիրք» (երկուսն էլ՝ 1942թ.), «Լիրիկա» (1946թ.) ժողովածուները, որոնք նշանակալի երևույթ են հայ քնարերգության մեջ: 

1946թ. լույս է տեսել «Բիբլիական» խոհափիլիսոփայական պոեմը, որի հերոսը մարդն է՝ ժամանակային մեծ ընդգրկումների մեջ. ցավն ու տառապանքը մարդուն մաքրում են մեղքերից, դարձնում հնարամիտ, հրաշագործ և որոնող, որն էլ իմաստավորում է կատարելության հասնելու նրա ձգտումը: 

Շիրազը մեծ ժողովրդականության է արժանացել «Քնար Հայաստանի» (3 հատոր, 1958, 1964 և 1974 թթ.), «Հուշարձան մայրիկիս» (1968թ.), «Համամարդկային» (1975թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ) ժողովածուներով, «Հայոց դանթեականը» (1965թ., Բեյրութ, 1990թ., Երևան), «Խաղաղություն ամենեցուն» (1982թ.) պոեմներով: 

Շիրազի քնարերգության լավագույն էջերից են մորը նվիրված երգերը («Մայր իմ բարի», «Մայրս՝ մշտավառ գթության կանթեղ», «Մայրս մի բուռ մայր Հայաստան», «Ձյուն է իջնում, կուտակվում...», «Անհույս իմ տան հույս ձեռքեր», «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել» և այլն): Մայրը Շիրազի համար վեր է ամեն ինչից. նա սրբություն է, ոգեղեն ուժ, երկրային կյանքի բարի հրեշտակ. 

Կարդում ենք Շիրազ

Հայոց դանթեականը

Բանաստեղծություններ

Բիբլիական