• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Չվախենանք ձմերուկ կորցնելուց

Պարոն Բլեյան, Դուք միշտ նշել եք, որ առանց սահմանների աշխարհի ժամանակն է եկել: Սակայն  Հայաստանը  դեռ անվտանգության երաշխավորներ է փնտրում, մի կողմից ՀԱԿՊ-ի հետ անդամակցելով, մյուս կողմիցՆԱՏՕ-ի հետ համագործակցելով: Առանց սահմանների աշխարհում պե՞տք են արդյոք անվտանգության երաշխավորներ: Թե Հայաստանն ապագայում պետք է չեզոքություն հայտարարի ու չպետք է որևէ ռազմաքաղաքական դաշինքի անդամ լինի։

Որքան էլ երրորդ հանրապետության քսաներկու տարիները սրընթաց են, ինչպես մեր կյանքը, բայց այն որոշակի, տարողունակ ժամանակաշրջան է: Հայաստան-առանց սահմանների աշխարհ, ասել է թե` չկա որևէ խոչընդոտ հայաստանցու, Հայաստանում արտադրվող ապրանքների, ծառայությունների տեղաշարժի և Հայաստան` մարդու մուտքի, ապրանքների և ծառայությունների համար: Ասել է թե` մրցունակ Հայաստան` երբ գրավիչ է այն մասնավոր ներդրողի համար, երբ մրցունակ է այն Հայաստանում տնտեսվարողի համար: Այսօր մեզանում, ավաղ, ամենևին էլ այդպես չէ: Փակ են մնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր սահմանները, Ռուսաստանի սեփականությունը հանդիսացող հայ-վրացական երկաթուղին ցարի ժամանակներում է մնացել: Հայաստանը ոչ թե ապագայում, այլ իր անկախության հռչակման օրից պիտի որդեգրեր գործուն, նախաձեռնող չեզոքությունը, որպեսզի չունենար որևէ խնդիր իր չորս հարևաններից յուրաքանչյուրի հետ: Այսօր մի վիճակում ենք, որ առանց երաշխավորի չի պատկերացվում մեր անվտանգությունը: Այստեղից էլ մեր մեծացող կախվածությունը Ռուսաստան-ՀԱՊԿ-ից, ԱՄՆ-ՆԱՏՕ-ից:

ՆԱՏՕ-ն որքանո՞վ կարող է նպաստել Զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես վերջերս Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, պրոֆեսիոնալ կրտսեր ենթասպայական` սերժանտական կորպուսի ձևավորման օրենսդրական փաթեթի խնդրին անդրադարձան: Այս ռազմական ռեֆորմները արդյոք նկատելի՞ են և որքանո՞վ կնպաստեն բանակում բարեփոխումներին:

Կարելի է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ` լինելով ՀԱՊԿ-ի հավատարիմ անդամ: Այդ համագործակցությունն անպայման նպաստավոր է Հայաստանի զինված ուժերում ինչ-ինչ փոփոխությունների համար. ՆԱՏՕ-ն ինքը, որպես ռազմաքաղաքական համակարգ, նախատեսում և իրականացնում է այդպիսի համագործակցություն տասնյակ երկրների հետ, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի հետ: Սակայն չի կարելի լուրջ խոսել այդ ազդեցության մասին, քանի որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետություն լինելու հայտ չի ներկայացրել: Ավելին, այդպիսի քաղաքական կուրս կամ օրակարգ գոյություն չունի: Խնդրեմ, ԱԺ ընտրությունների քարոզարշավում ցույց տվեք: ՆԱՏՕ-ն անդամության հայտ ներկայացրած պետություններին հայտնի պահանջներ (ստանդարտներ) է ներկայացնում, որը հենց պարտադրում-ենթադրում է ռեֆորմներ իրականացնելը:

Մեր պաշտոնյաները բավարարվում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցելով, և այդպես էլ չեն դնում անդամակցության խնդիր` գտնելով, որ ՀԱՊԿ-ը որպես անվտանգության երաշխավոր լիովին բավարար է, մինչդեռ Վրաստանը անդամակցության հայտ է ներկայացրել: Ի՞նչ եք կարծում, արդյոք պետք է դնել անդամակցության խնդիր:

Վրաստանի պարագան հենց այդ է: Նա հետևողական, որպես իշխանության և հասարակության քաղաքական գիտակցված ընտրություն, հենց այդ ճանապարհն է ընտրել ու անցնում: Վատ է, որ միասին չենք անցնում այդ ճանապարհը: Մնում է, որ չվնասենք վրացիներին, առավել ևս որևէ անխոհեմ քայլով չխոչընդոտենք մեր հարևանին: Հնարավոր է, որ ինքը ճանապարհ է հարթում նաև մեզ համար: Ինչ վերաբերում է մեր անդամակցության խնդրին, սա մի ձեռքով երկու ձմերուկ բռնելու` հայերիս սիրած ֆոկուսն է, որը, երբ դառնում է քաղաքական մտածողություն, ստեղծում է այն իրականությունը, որում մենք ապրում ենք: Անհնար է լինել և ՀԱՊԿ-ի անդամ, և ՆԱՏՕ-ի: Սաակաշվիլու շրջանում Վրաստանը նախ դուրս եկավ ԱՊՀ կազմից, չվախեցավ ձմերուկ կորցնելուց: Հիմա, վստահ եմ, գնում է գտնելու, ձեռքբերումների ճանապարհով:

Պարոն Բլեյան, տեսակետ կա, որ ՆԱՏՕ-ն ժողովրդավար կառույց է, մինչդեռ ՀԱՊԿ-ը ավտորիտար է, նման տարբերություն արդյոք նկատո՞ւմ եք:

Տեսակետ չի, փաստ է: ՀԱՊԿ-ԱՊՀ-ն ինչ փաստաթղթեր էլ ստորագրի, ինչ նախաձեռնություններով էլ հանդես գա, Ռուսաստանն է` իր մեծապետականությամբ, իր բազում չլուծված ներքին տնտեսական, ազգային, քաղաքակրթական խնդիրներով թելադրված անկանխատեսելիությամբ: Ռուսական արջի վայրիվերումներին մենք ոչ միայն ծանոթ ենք պատմությունից, մենք կրել ենք դրա կործանարար ազդեցությունը և առաջին հանրապետության ձևավորման շրջանում, և երրորդ հանրապետության շրջանում: Մեր զինված ուժերը ձևավորվել են փլուզված Խորհրդային Միության, նրա իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնության զինուժի նմանությամբ, ավանդույթներով ու աջակցությամբ: Չմոռանանք: Մեր զինված ուժերում առկա ռազմական տեխնիկան գլխավորապես ռուսական է, բարձրագույն հրամանատարական կազմը սովետական ռազմական կրթություն ունի: Մեր զինված ուժերը, ինչին ականատես եղանք, ՆԱՏՕ-ի գլխավոր քաղաքական պահանջը, ներքին հարցերում չեզոքությունը, չեն կարողանում պահպանել: Ես Արևմուտքով ոգևորված անձ չեմ. «Աստծո անեծքը բոլոր հզորների վրա»` ասում էր Թումանյանը: Երբ ասում ենք Եվրոպա, Արևմուտք, նկատի ունենք քաղաքակրթական արժեքները, մարդու իրավունքները, որը թվում է`որդեգրած պիտի լինեինք քրիստոնեության ընդունմամբ: Էլ չեմ խոսում 1991 թ. մեր հռչակած Հայաստանի Հանրապետությունը: Մեր խնդիրը եղել և մնում է մեր հռչակած իրավական -սոցիալական Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուրիս իրավունքի իրացումը և սոցիալացումը: Սա ենթադրում է ակտիվ, գործուն բարիդրացիություն մեր յուրաքանչյուր հարևանի հետ:

Սիրանուշ Պապյան, Lragir.am
25/04/2012