• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի գարնանաշաբաթ օր

    Մի երկար (իսկ երբ աշխատանքից ուշանում եմ, ավելի անվերջանալի թվացող երկար) ծառապատ ճանապարհ է բաժանում մեր տունն ու այն կանգառը, որտեղից ամեն օր աշխատանքի եմ գնում (տեղին կլինի ասել՝ շտապում): Ծառուղու վերջում խաչմերուկ է, դեպի տաս քայլ ներքև` կանգառը: Քանի՜-քանի՜անգամ ինձ բռնացրել եմ էն մտքի վրա, թե ինչ լավ կլիներ` հենց էդ խաչմերուկում էլ սպասեի երթուղայինի, քանի որ էդտեղից մոտ հիսուն մետրի վրա ազատ ճանապարհն է երևում, ու մոտ մեկ րոպե շուտ կարող եմ նշմարել եկող կամ չեկող իմ համարին: Ու էդ մեկ րոպեում երկար-հանգիստ կմնամ իմ մտքերի հետ, իսկ էսպես՝ թեքվելով կանգառ, ամեն վայրկյան պիտի ուշքս վրաս պահեմ, որովհետև իրար գլխի կուտակված թերթերի ու նման մանր կրպակները փակում են երևացող ճանապարհը, ու արդեն կտրուկ անկյունից են դուրս գալիս երթուղիները՝ ուղիղ իմ դիմաց. աչքս թարթեցի՝ կանցնի, կգնա: Է՜հ, ի՞նչ արած, <<կարևոր մտքերս թողած>>՝ ստիպված եմ կենտրոնանալ անիմաստ սպասումի վրա: Պատահում է նաև, որ ավելի վաղ եմ արթնանում ու վերջացնելով էն առավոտյան պարտադիր խառը-խշտիկ վազվզուքը՝ հասցնում եմ ամուսնուս հետ դուրս գալ, մեքենայով հասնում կրթահամալիր՝ ճանապարհին մի արհամարհական հայացք գցելով ինձ համար սխալ կառուցված էդ խաչմերուկի վրա: Իսկ երբեմն էլ կարող է մի ծանոթ պատահի ու խոսք-զրույցի բռնված՝ էլի շրջանցեմ էդ ճանապարհը: Բայց այսօր արդեն կանգնած էի թեք մայթի վրա շարված, այս ժամին դեռ փակ խանութների առջև: Կարծես մի քիչ ուշանում էի շաբաթօրյա ընդհանուր ժողովից: Բայց այսօրվա սպասումին միացել էր մի այլ հին <<խաղ>>. արդեն գարնան արևն այս ժամին (իմ համար անուշ-հաճելի, իսկ ոմանց համար թաքնվելու աստիճան տհաճ) չարաճճի շողեր էր խաղեցնում մարդկանց աչքերում: Մի քանիսը ջղային հայացք նետած անկանոն թրթռացող շողերի շիթերին՝ ամբողջ ձմռանը մազակալ ծառայած ակնոցները գլխի վրայից իջեցնում են աչքերին ու դեռ ակնոցի տակից էլ երևում է դժգոհող մտքերը: Իսկ մեկի <<բախտը>> միշտ ավելի շատ է բերում, քանի որ ճիշտ էդտեղ բարձր, լուռ մի սյուն կա, որը մի մարդու կանգնելու չափ ստվեր է գցում իրենից ներքև: Ու էդ անշուք ստվերի տակ միշտ հանդիսավոր կեցվածքով մեկը կանգնած՝ իրեն էնպես պաշպանված է զգում: Իսկ երբ իր երթուղայինը գալիս է, մնացած հավաքվածների մեջ մի լուռ խորհրդատվություն է անցնում, ու միասնական համաձայնությամբ որոշվում է, թե ով է հաջորդը կանգնում սյան տակ: Մինչ մտքումս փորձում էի ինձ համար հորինել էս կամ էն մարդու կերպարն ու մտքերը, արդեն հասել էի ժողովիս: Ականջս պահած հավաքի թեմային՝ մտքով հասել էի մեր գյուղի այգուն (երևի ծառերը նոր ուռել են, որ ծաղկեն), երբ տեսնեմ մի աշխույժ խոսակցություն է պտտվում աղջիկների մեջ. առավոտվա ծիրանագույն խաղ բռնած արևն ավելի լուսավոր էր տարածվել աշխարհով մեկ, ու նման լույս աշխարհին նեղացնել ու տուն գնալը անհեթեթ մի բան կլիներ: Տորթ ու ծնունդ ունեինք, հայրիկի ծաղկած այգի-թոնրատուն էլ մտքներիս մեջ: Որոշեցինք գնալ, ձկան խորովածն ու էս արև օրն իրար խառնել, մի լավ նստել: Է՜հ, առօրյա ավանդույթ դարձած միապաղաղից հետո կարգին յուրահատուկ գործ էր ձուկը թոնիր կախելը: Էլ չասեմ, թե բոլորիս ջանք ու հավեսն իրար եկած՝ ինչ շշմելու խորոված էր ստացվել: Տեսնես առավոտվա էն անգամ արևից դժգոհող մարդիկ էս արև ու վառ պահին ի՞նչ են անում: