• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առողջապահական կրթում

 

   Գոյություն  ունեն  հազարավոր  հիվանդություններ,  բայց  առողջությունը  մեկն  է:

 

                                                        ՈՐՈՎԱՅՆԻ  ՑԱՎ

   Կրթահամալիրի  առողջապահական  ծառայություն  հաճախ  են  դիմում  սովորողները՝ որովայնային  ցավերով:

   Որովայնային  ցավերը  մեծ  մասամբ  կրում  են  ոչ  լուրջ  ու  ժամանակավոր  բնույթ,  և  որոշակի  միջոցներով,  խորհուրդներով  բուժումը  այն  ամենն  է,  ինչ  անհրաժեշտ  է  կատարել ցավերը  մեղմելու  նպատակով:  Սակայն,  մյուս  կողմից,  որովայնային  ցավերը  կարող  են լինել  չափազանց  լուրջ  հիվանդության  դրսևորում,  որոնք  պահանջում  են  անհապաղ բժշկական  միջամտություն:

   Որովայնային  ցավերի  առաջացման  պատճառները  բազմաթիվ  են: Դրանցից  են.

  • անկանոն  սնվելը  և  աղիների  անկանոն  դատարկելը
  • սննդակարգը  / սննդային  ալերգիա  կամ  որոշ  սննդատեսակների  նկատմամբ անհանդուրժողականություն /
  • չափից  ավելի  թթու,  կծու,  սառը,  ճարպոտ  սննդի  ընդունումը
  • դաշտանը
  • մակաբուծային  աղիքային  վարակները / ճճվակրություն, լյամբլիոզ /
  • լեղաքարային  հիվանդությունը
  • որդանման  ելունի բորբոքումը
  • սննդային թունավորումը
  • փորլուծությունը
  • միզուղիների  վարակները
  • երիկամային  քարերը
  • կոնքի  խոռոչի  օրգանների  բորբոքային  հիվանդությունները / ձվարանների,  արգանդափողերի բորբոքում /
  • պարբերական  հիվանդությունը
  • վնասվածքները
  • որոշ  դեղամիջոցներ:

   Ցավի  տեղակայումն  ունի  կարևոր  ախտորոշիչ  նշանակություն: Այսպես՝

  • որովայնի  վերին  հատվածներում  տեղակայված  ցավը  կարող  է  հուշել   կերակրափողի, ստամոքսի  հիվանդությունների  մասին
  • լեղաքարային  հիվանդությանը  և  լյարդաբորբին  բնորոշ  ցավերը  արտահայտվում  են վերորովայնային  շրջանի  աջ  կեսում  և  կարող  են  ճառագայթվել  դեպի  աջ՝  թիակի  ստորին հատված
  • խոցային  հիվանդության  և  ենթաստամոքսային  գեղձի  բորբոքումների  դեպքում
  • ցավերը ճառագայթում  են  մեջքի  շրջան
  • բարակ  աղիների  ախտահարման  դեպքում  / ճիճվակրության  ժամանակ  /ցավերը  տեղակայվում  են  պորտի շուրջը,  իսկ  հաստ  աղու  խանգարումների  ժամանակ՝  որովայնի միջին  հատվածում  կամ  պորտից  ներքև:

   Որովայնի  ցավը  կանխելու  համար

  • եթե  դուք  ունեք  թեթև  որովայնի  ցավ՝  առանց  այլ  ախտանիշների,  հանգստացեք,  մինչև ավելի  լավ  զգաք
  • խմեք  բավարար  քանակով  հեղուկներ
  • խուսափեք  գազավորված  ըմպելիքներից
  • սնվեք  հաճախ՝  փոքր  չափաբաժիններով
  • խուսափեք  ընդունել  կծու,  ճարպոտ  և  համեմունքներով  հարուստ  սնունդ,  ալկոհոլ,  մրգեր
  • մի  ընդունեք  ասպիրին  կամ  այլ  հակաբորբոքիչ  դեղամիջոցներ  ցավը  մեղմելու  համար. դրանք  կարող  են  գրգռել  ստամոքսը  և  ավելի  ուժեղացնել  ցավերը
  • սովորություն  դարձրեք  սնունդն  ընդունել  և  աղիները  դատարկել  կանոնավոր  կերպով:

   Անհրաժեշտ  է  դիմել  բժշկի,  եթե

  • ցավն  ուժգնանում  է  կամ  կենտրոնանում  որովայնի որևէ  հատվածում
  • ցավը  չի  մեղմանում  24-48  ժամ  անց
  • որովայնի  ցավին  միանում  են այլ  ախտանշաններ՝  փորլուծություն,  փսխում,  մեզի  գույնի փոփոխություն,  ջերմություն
  • նկատում  եք  քաշի  անբացատրելի  կորուստ:

                                                                             Առողջ եղեք: