• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխարհի բոլոր անտառներին...

 

Այսօր նշում ենք Անտառի միջազգային օրը, այնպես որ կփորձեմ պատմել ձեզ, ինչ գիտեմ անտառների մասին: Կպատմեմ միայն այն, ինչ գիտեի մինչև այսօր` առանց համացանցի օգնության:

Եվ այսպես, մենք գիտենք, որ հնում անտառները ծիսական, կրոնական նշանակություն ունեին, օժտված էին միստիկ ուժով:

Հին հույները հավատում էին, որ անտառներում ապրում են գեղեցիկ, բարի ոգիներ` նիմֆաներ: Այդպիսի մի հոգի էր հրաշագեղ Դափնեն, որին սիրահարվեց Ապոլլոն աստվածը: Այս պատմությունը վատ ավարտ ունեցավ, բայց հիմա դրա ժամանակը չէ: Մեր նախնիները նույնպես հավատալիքներ ունեին` անտառի հետ կապված: Սոսյաց անտառների մասին հաստատ լսել եք: Գիտեք, որ հայ քրմերը սոսիների խշխշոցով գուշակություններ էին անում, և այդ նպատակով հայ արքաները հրամայում էին սոսյաց անտառներ տնկել:

Անգլիացիների սիրած հերոսը` Ռոբին Հուդը, նույնպես բնակվում էր անտառում` Շերվուդյան անտառում: Նա իր քաջերի հետ կանաչ զգեստներ էր կրում, այդ պատճառով էլ ագահ Շերիֆը չէր կարողանում գտնել նրան սաղարթախիտ անտառում: Ասեմ նաև, որ Անգլիայում կային արքայական հատուկ անտառներ, որտեղ արգելվում էր որս անել. այդ մենաշնորհն ուներ միայն արքան, և այս օրենքի խախտումը համարվում էր ապստամբություն:

Որս սիրում էին անել ոչ միայն անգլիացիները: Եթե հիշում եք, մեր ազգային էպոսում Առյուծ Մհերն ուներ Որսասար: Այս սարի անտառածածկ լանջերին նա իր իգիթ ընկերների հետ որսի էր գնում:

Հնդկաստանում կան հատուկ մենաստաններ, որոնք կառուցվում են անտառներում: Դրանք փակ դպրոցներ են, որտեղ դասավանդում և սովորում են միայն աղջիկները: Սովորում են պարել: Նրանց պարերի գաղտնիքը կողմնակի ոչ ոք չգիտի: Նույնիսկ իրենց հազվադեպ ելույթների ժամանակ նրանք թույլ չեն տալիս նկարահանումներ իրականացնել, որպեսզի պարի գաղտնիքը չբացահայտվի: Ամենահրաշալին այն է, որ երկարատև դասերից հետո աղջիկները դուրս են գալիս դպրոցի տարածքից և միայնակ թափառում անտառում: Այստեղ նրանք նստում են ու լսում ծառերի շշուկները, քամու մեղեդին: Ուշադիր դիտում են՝ ինչպես է շարժվում յուրաքանչյուր տերևը, և հորինում նորանոր պարեր, որոնց գաղտնիքը գիտեն միայն իրենք և անտառը:

Անտառն ունի նաև այլ նշանակություն: Օդն այստեղ մաքուր է. ինքներդ էլ արդեն հասկացաք՝ ինչ փառք է դա մեր՝ քաղաքի աղտոտված օդին սովոր թոքերի համար: Հետո անտառում գերակշռում է կանաչ գույնը: Կանաչ գույնը այն հազվադեպ գույներից է, որ ոչ տաք է, ոչ էլ սառը, այսինքն՝ այն ոչ մի ճնշում չի գործադրում մեր աչքերի վրա, այլ, ընդհակառակը, հանգստացնում է լարված աչքերը, լավացնում տեսողությունը: Եվ, իհարկե, անտառի անդորրը. մեր գերարարգ դարում, երբ պետք չէ <<սպասել ինը ամիս>>, մենք ենթարկվում ենք <<երկու անգամ>> ավելի շատ սթրեսների, քան մեր նախնիները: Նյարդայնանում ենք, լարվում ու սկսում տարբեր դեղեր ընդունել: Իսկ դրա փոխարեն կարելի է գնալ անտառ: Նույնիսկ անտառի նկարներն արդեն հանգստացնում են, իսկ պատկերացրեք ինքը` անտառը` իր համ ու հոտով, բազմապիսի ու բազմահազար ձայներով ու տեսարաններով:

Կա Համաշխարհային օվկիանոս: Բայց Համաշխարհային անտառ չկա, որովհետև աշխարհի բոլոր անտառները յուրահատուկ են: Կարծում եմ, Բնությունը, երբ ստեղծում էր մեր Աշխարհը, առաջին հերթին ստեղծեց անտառը, որպեսզի հանգստանա այնտեղ իր երկարատև աշխատանքից հետո:

Շնորհավոր ձեր տոնը, աշխարհի բոլոր անտառնե՛ր: 

Արսենյան Սոնա