• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նյութ` գրված GETS 2011-ի դահլիճից

Սկսվեց աշխատանքային երկրորդ օրը: Մռայլ օր է բացվել Բեռլինում: Հիլթոնը շատ մեծ ու հարուստ հյուրանոց է` շատ թանկ ու շատ թույլ ինտերնետ կապով: Ես այսքան անորակ կապ Հայաստանում երբևէ չեմ տեսել, և դրա պատճառով օպերատիվ տեղեկատվություն տալու դժվարություններ ունեմ: Բայց կփորձեմ:

Գիտաժողովի մասնակիցները բավականին հետաքրքրված են առաջադրված թեմայով: Հետաքրքիր է, որ կրթության խնդիրները բոլոր տեղերում նույնն են.  մի մասնակից հարցադրում էր անում` ինչ ստեղծագործական մոտեցման մասին է խոսքը, երբ բուհը այլ պահանջներ է ներկայացնում: Մյուսը` ուսուցիչը տեխնիկային վատ է տիրապետում, ինչ անել, երբ ինտերակտիվ գրատախտակը օգտագործում են որպես սովորական գրատախտակ: Իսկ համոզված եք, որ այս ՏՀՏ միջոցները իրոք արդյունավետ են` հարցնում է մի ուրիշ մասնակից: Դասագրքերը  հնանում են, պետք է թվայնացնել և անընդհատ թարմացնել: Ինչպես եք ապահովում մեծ քանակությամբ համակարգիչների տեխնիկական սպասարկումը: Իսկ սովորողների անհատական նոթբուքերի անվտանգությունը ինչպես ապահովենք: Ինչպես չափել տեխնիկական հաղորդակցման միջոցների արդյունավետությունը, որոնք են չափման  գործիքները: Այո, կրթահամալիրում չենք, բայց հարցադրումներն ու խնդիրները նմանատիպ են: Լավ կլիներ, եթե դրանց մի մասի պատասխանը հնչեր, բայց մարդիկ նոր տեխնիկայի և մոտեցումների արդյունքում բախվել են նոր խնդիրների և առայժմ դրանք առաջադրում են: «Կատարումը նույնքան կարևոր է, որքան գաղափարը»,- ասում է ամերիկացի զեկուցողը:  

«Մենք արդեն այլ աշխարհում ենք ապրում, մեր մոտեցումը միայն ստեղծագործական պիտի լինի, ինչու մետրոն չի կարող երեժշտական ստեղներ ունենալ, ինչու չենք անսպասելի մտածում,- հարցնում է Նենսին  Հարավային Կորեայից,- ինչպես անենք, որ մանկավարժը ցանկանա փոխվել և փոխել իր մոտեցումները շրջապատի նկատմամբ: Ինչպես յուրացնել նոր տեխնոլոգիաները: Այս հարցում շատ կարևոր է  ուսուցիչների համագործակցումը` նոր տեխնոլոգիաները յուրացնելու և դրանց ստեղծագործաբար մոտենալու համար»:

Իսպանացի բանախոսը ժպտում է. «Խոսում ենք տեխնիկայի օգտագործման մասին, բայց մասնակիցների մեծ մասը թուղթ ու գրիչով է աշխատում: Պետք չէ վախենալ տեխնիկայից, այն պետք է համարձակ օգտագործել»,- կոչ է անում զեկուցողը:

Ի՞նչ է առաջարկում Smart-ը: Գրատախտակի նոր սերունդ` կապված մարդու շարժման հետ: Նոր սեղաններ` արդեն ավագ դպրոցի և ուսանողների համար, որի վրա կարող են եռաչափ համակարգով մակետներ ստեղծել, քարտեզներով աշխատել և այլն:   Ընտանեկան ինտերակտիվ սուրճի սեղաններ է փորձարկում: Smart-ը լաբորատորիաներում նոր մոդելների վրա է աշխատում:

Գիտաժողովի գլխին փորձանք է դարձել Հիլթոնի ինտերնետ կապը: Այ քեզ պատմություն:  Առայժմ այսքանը: