Բուլղարական կուսակցություններից մեկը որոշում է կայացրել առաջադրել ավանակին քաղաքներից մեկի ղեկավարի պաշտոնին: Հոկտեմբերի 23-ին Մարկո անունով էշը կներկայացնի «Հասարակություն հանուն նոր Բուլղարիայի» կուսակցությունը Վառնա քաղաքի ընտրություններում: Այս որոշումը կայացվել է՝ որպես բողոքի նշան ներկայիս քաղաքապետ Կիրիլ Յորդանովի կողմից պարտականությունները վատ կատարելու դեմ,- գրում է The Daily Mail-ը:
Ավանակի քարոզարշավի պատասխանատու Անգել Դյանկովն ասել է, որ, ի տարբերություն մյուս թեկնածուների և քաղաքական գործիչների, Մարկոն պինդ բնավորություն ունի, չի գողանում, չի խաբում և իր գործն էլ անում է: Բացի այդ, քարոզարշավի նպատակն է ցույց տալ, որ Մարկոյի կյանքը դժվարացել է, քանի որ վերացվում են կանաչ տարածքները: Տեղի լրատվամիջոցները նշում են, որ ավանակն ուշադրություն կհրավիրի բնապահպանական խնդիրներին:
Աղբյուր` 1in.am