• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծովային հիվանդություն

Ծովային հիվանդություն

Կան մարդիկ, որոնց համար ցանկացած ուղևորություն կամ ճամփորդություն ծանր փորձության է վերածվում: Անկախ նրանից, ինքնաթիռով եք ճանապարհորդում, նավով, թե ավտոմեքենայով, հաճախ կարող եք ունենալ թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում: Հիվանդությունը կոչվում է «Ծովային հիվանդություն»:

Երջանիկ ճանապարհորդները կազմում են մարդկանց 6-8 տոկոսը, որոնք չեն տառապում այսպես կոչված ծովային հիվանդությամբ: Ավելի հեշտ են տանում ճանապարհը 60-ից բարձր տարիք ունեցողները, երեխաներից` ավելի շատ աղջիկները, քան տղաները:

Ծովային հիվանդությունը կամ կինետոզը առաջանում է ներքին ականջում տեղադրված վեստիբուլյար ապարատի գերդրդումից: Շրջապատող իրերը երկար ժամանակ տեղաշարժվում են աչքերի առջևով, որից մարդու մոտ առաջանում է թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց և անզուսպ փսխում:  

Մինչև 2 տարեկան երեխաները գրեթե չեն ունենում ճանապարհների տհաճ զգացումներ, պատահական չէ, որ նրանք սիրում են ճոճվել օրորոցում, ճոճանակների վրա, պտտվել խաղերի ժամանակ և այլն: Մինչդեռ, մեծահասակներից ոմանք, կարող են վատանալ նույնիսկ մի պահ նայելով պտտվող ճոճանակներին:

Խորհուրդ է տրվում` 

ուղևորությունից  մի քանի շաբաթ առաջ մարզել վեստիբուլյար ապարատը`

·       ճոճել գլուխը, կռանալ առաջ և կողքի,

·       պառկել որովայնի վրա, կախել գլուխը բազմոցից,

·       ջրավազանում լողալով ստեղծել արհեստական ճոճում` մարմինը թեքելով մեկ մի կողքի, ապա մյուս,

·       պարել վալս և նման վարժություններ:

   Անմիջապես ուղևորությունից առաջ`

·       լավ քնել,

·       թեթև սնվել,

·       չծխել և չօգտագործել ալկոհոլային խմիչքներ,

·       չօգտագործել ուժեղ բույր ունեցող օծանելիքներ:

   Ճանապարհ ուղևորվելու ժամանակ`

·       չկենտրոնանալ տհաճ զգացումների վրա,

·       խուսափել ծանր օդից, միացնել օդորակիչը, բացել պատուհանները,

·       Ճանապարհին պետք է ձեռքի տակ ունենալ լիմոնի կտորներ, անանուխի կարամել, ծամոն, իմբիրով թեյ,

·       խմել սառր ջուր,

·       բերանը դնել մի կտոր սառույց կամ պաղպաղակ:

                                                                           Բժիշկ-առողջագետ` Նելլի Այվազյան