• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնակցություն և հաղթանակ «Ռուսական ճայ» միջազգային մրցույթում

Պատմում է մրցույթի մասնակից, հաղթող-մրցանակակիր Ժաննա Հակոբյանը․ «Նոյեմբերին «Շագ» կրթական նորարարությունների կենտրոնը (Մոսկվա), ՌԴ կրթության նախարարության աջակցությամբ, հայտարարեց «Ռուսական ճայ» մրցույթը։ Մասնակցության հայտ ուղարկեցի, որտեղ ներկայացրի ռուսաց լեզվի ուսուցիչների լաբորատորիայի ուսումնամեթոդական բլոգը։ Հետո պատասխան ստացա, որտեղ ասվում էր, որ մեր բլոգ-կայքը հայտնվել է «Ռուսական ճայ» մրցույթի կիսաեզրափակիչ փուլ անցած 20 մասնակիցների թվում։ Ասեմ, որ մրցույթին 512 հայտ էր ներկայացվել՝ աշխարհի ավելի քան 20 երկրից։ Ահա և հաղթանակը՝ մեր բլոգ-լաբորատորիան եզրափակիչ անցած 20-ի թվում էր։

Ինձ հրավիրեցին մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին և ներկայացնելու իմ պրակտիկան։ Հանդիպեցինք դեկտեմբերի 12-ին՝ կիրակի ժամը 11:00-ին, Zoom հարթակում։

Պատրաստեցի պրեզենտացիա և ելույթ, որտեղ խոսեցի լաբորատորիայի բլոգի և «Դպիր» ամսագրի ռուսերեն էջի մասին։

Ելույթիս սկզբում ներկայացրի մեր կրթահամալիրն, ասացի, որ սա թափանցիկ, բաց ուսումնական միջավայր ունեցող հաստատություն է, որտեղ ուսուցման հիմքում հեղինակային ծրագիրն է` կարևորելով երեխայի ազատությունը։ Ուսուցումն իրականացվում է գործնական աշխատանքների միջոցով, և հիմնական մեթոդը նախագծայինն է։

Այնուհետև խոսեցի ռուսաց լեզվի ուսուցիչների լաբորատորիայի ստեղծման մասին, որի հիմնական նպատակն ուսումնական գործընթացը հեղինակային ծրագրերով արդյունավետ կազմակերպելն է։ Նաև խոսեցի լաբորատորիայի բլոգի՝ որպես հեղինակ-ուսուցիչների ինքնաարտահայտման հարթակ ստեղծելու անհրաժեշտության մասին, որը ուսուցիչներին հնարավորություն է տալիս ցույց տալ իրենց, իրենց տաղանդն ու հմտությունները։ Առանձին ներկայացրի բլոգի բաժինները և բոլորին ասացի, որ ուրախ կլինենք դրանք համալրել այլ երկրների ռուսաց լեզվի ուսուցիչների աշխատանքներով, բաց ենք և միշտ ուրախ ենք համագործակցելու։

Հիմա մեր բլոգն արդեն մեդիա մրցույթի հաղթող է՝ «Մանկավարժներ» անվանակարգում։

Ասեմ, որ հաղթելը հեշտ չէր. իրենց պրակտիկան ներկայացնում էին արժանի մրցակիցներ, որոնք արդեն հանրահայտ էին։ Սրանք լուրջ մեդիահարթակներ էին, որոնք ներկայացնում էին ռուսերենը՝ որպես օտար լեզու (РКИ) համաշխարհային մեդիատարածքում։ Շատ լուրջ մրցակիցներ էին․ համայնքներ ու կայքեր էին, որոնք ներկայացրին իրենց հարթակները ռուսերենը՝ որպես օտար լեզու (РКИ) ձևաչափով: Մենք հանդիպեցինք արտասահմանում գործող ռուսական դպրոցների ուսուցիչների և ուսանողների, լրագրողների, ռուսաց լեզվի մասին անձնական և մասնագիտական ​​բլոգերի հեղինակների, մանկական և մեծահասակների համար ամսագրերի հրատարակիչների, ռուսերեն հեղինակային ռադիոների հիմնադիրների, հազարավոր ֆեյսբուքյան համայնքների և ռուսերենին վերաբերող պորտալների ղեկավարների հետ։ Եզրափակիչ հանդիպմանը, որպես հանդիսատես, մասնակցում էին մեր դպրոցի ռուսերենի բոլոր ուսուցիչները։ Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար։ Ավելի մանրամասն եզրափակչի մասին․․․

Նշեմ, որ մասնակիցներն ինձ հարցրին․ «Ո՞վ է Մխիթար Սեբաստացին», և ես ուրախությամբ համառոտ ներկայացրի Սեբաստացուն, ում պատվավոր անունը կրում է մեր կրթահամալիրը։

Գլխավոր մրցանակից բացի, ստացա «Ռուսական խոսք» անվճար դասընթացի 72-ժամյա վկայական»։