• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ագրարային համալսարանի ռեկտորը տպավորված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր կատարած այցից

Փետրվարի սկզբին Ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում մենք հյուրընկալել էինք «Մխիթար Սեբաստաց կրթահամալիրի քոլեջի և ավագ դպրոցի աշակերտներին՝ տնօրեն Աշոտ Բլեյանի գլխավորությամբ: Սեբաստացիների հրավերով վերջերս համալսարանի պատվիրակությունն էր արդեն այցելել կրթահամալիր՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի գլխավորությամբ:

Պարոն Բլեյանը և նորարարական կրթական ծրագրերով ու մոտեցումներով հայտնի կրթահամալիրի տարբեր դասարանների աշակերտները հաճույքով ընդունեցին ՀԱԱՀ ռեկտորին, աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանին, Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոնի տնօրեն Գարուշ Սամվելյանին և կենտրոնի գլխավոր գինեգործ Արտակ Գաբրիելյանին: Կրթահամալիրի ագարակում շրջագայելիս հյուրերի առջև մեկը մյուսին հաջորդում էին գործնական ուսուցման ու գյուղատնտեսական աշխատանքների գեղեցիկ տեսարանները. աշակերտների մի խումբը պտղատու ծառերն էր սպիտակեցնում կրակաթով, մեկ այլ խումբ հողն էր փորում, ուրիշները սածիլներ էին տնկում՝ մինչ մյուսները հողն էին նախապատրաստում այլ մշակաբույսերի ցանքի համար կամ կոմպոստ պատրաստում: Սենյակային ծաղիկների խնամողները ետ չէին մնում:

Ձիավարությունն էլ իր ուրույն տեղն ունի այս դպրոցի աշակերտների առօրյայում: Իսկ գինին սեբաստացիների կյանքում սկսել է հատուկ տեղ գրավել. կրթահամալիրն ունի Խաղողի և գինու դպրոց՝ իր տեսակի մեջ միակը երկրում և թերևս՝ տարածաշրջանում: 2018-ի աշնանը երեխաները խաղողի առաջին բերքն են հավաքել և արտադրել իրենց առաջին գինին: Եվ հիմա հանգիստ կարող են դրսում Չարենց արտասանել, ինչպես մի խումբ երեխաներ էին անում ՀԱԱՀ-ի ռեկտորի այցի ժամանակ:
Կրթահամալիրի Մայր դպրոցում, Արևմտյան դպրոցում, Ագարակում և այլ ստորաբաժանումներում շրջագայությունից, երեխաների հետ հաճելի շփումից հետո պարոն ՈՒռուտյանն ասաց.

«Այս ամենն իսկապես տպավորիչ է: Կարծում եմ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետ գործակցության, համատեղ ծրագրերի իրականացման մեծ ներուժ ունենք: Սեբաստացիներին պարբերաբար կհրավիրենք համալսարան՝ ապագա մասնագիտական կարիերայի ուղղությամբ կողմնորոշման նպատակով, կարճաժամկետ նպատակային դասընթացներ կկազմակերպենք նրանց համար: Բավականին լավ հեռանկարներ եմ տեսնում Գինու դպրոցի շրջանակում գործակցության համար»:

Արդեն հաջորդ շաբաթ պլանավորված է կրթահամալիրի աշակերտների ուսումնաճանաչողական այցելությունը Ագրարային համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսություն, որի ընթացքում նրանք խաղողի էտ են կատարելու:

Նյութի աղբյուրը։