• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շամիրամի այգիները պտուղ են տալիս: Եվ դա լավ է:

Նկարագրություն: 
Այսօր որոշել էի Հարավային դպրոց այցելել: Աշխարհը, միևնույն է, հոգատարաության ու բարի կամքի դրսևորման վրա է հիմնված: Շնորհակալություն գործընկերոջս՝ տիար Յուրային, իր մեքենայով ինձ Կենտրոնից Հարավային դպրոց հասցնելու համար: Բակում արդեն ճամբարային աշխույժ էր, ծափ ու ծիծաղ: Ձնակոլոլ սովորողներ. Գոհար Սմբատյանի սաներն են՝ սահնակով ու ճիչ-աղմուկով: Հիշեցի Վիլյամ Սարոյանի հերոսին՝ Հոմերին, ով ցավով փաստում էր, որ դպրոցներում քիչ են ծիծաղում, ուրախության պակաս կա: Իսկ, այ, մեր կրթահամալիրի հոմերներին դա չի սպառնում: Տեսեք՝ ի՜նչ հրճվանք է բերել ձմեռային ուսումնական ճամբարը: Դպրոցի միջանցքներում պակաս եռուզեռ չէր: Հեծանիվ են վարում 6-7 տարեկանները: Դասվար Կարինե Բաբուջյանը, աչքերը պսպղացնելով, ներկայացնում է իրենց նոր հաջողությունը՝ Մարին ու Դավիթը այսօր կարողացել են ինքնուրույն հեծանիվ վարել: Չեմ ճանաչում Մարիին ու Դավթին, բայց հավուր պատշաճի ասում եմ.«Ի՜նչ լավ է, շատ ուրախ եմ»: Հենց այդ պահին ինձ է մոտենում աղջնակը, նայում է աչքերիս և ասում է.«Այդ Մարին ես եմ»: Հետո էլ, թե. «Նկարի՛ր ինձ, հետո էլ՝ իմ ընկերուհու հետ»: Լա՜վ դաս էր ինձ, Մարի ջան: Իսկապես, ինչո՞ւ կոնկրետ չես, ընկեր մանկավարժ, վերացարկված խոսելս ո՞րն է: Հետաքրիր նախագիծ էին իրականացնում նաև Տաթև Մելքոնյանն ու ընկերները: Դարձել էին հեքիաթասաց իրենց կրտսեր ընկերների համար: Պետք էր տեսնել՝ ինչ կլանված էին լսում փոքրերը իրենց ավագ ընկերների պատումը: Ամեն ինչ լավ է, Շամիրամ ջան, իսկ ո՞ւր է շունը: Շամիրամը պատմում է շուն ունենալու իրենց մեծ ցանկության, այդ ցանկության չիրականացման, գարնանը շուն ունենալու հեռանկարի, Լուսինեի և Խորենի հետ պայմանավորվածության մասին: Բայց այդքան սպասե՞լ կլինի: Զանգ ընկերոջը: Պայմանավորվեցինք Լուսինե Աբրահամյանի հետ: Չենք սպասում մինչև գարուն: Խորհրդանիշ-շուն ենք գտնում Հարավային դպրոցի համար: Շամիրամ ջան, հետևողական եղիր: Առանց խորհրդանիշ-շան ի՞նչ կրթական ծրագիր: Շամիրամի հետ քննարկեցինք գիտագործնական հավաքի նյութերը: Կարծում եմ՝ օգտակար եղավ մեր զրույցը: Իսկ Հարավային դպրոցում նռնենին բերք է տվել: Դպրոցի բերքը հավաքելու շրջանն է: