Նկարագրություն:
Պարզ լիճ
Լիճը գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձության վրա։ Հոսուն լիճ է։ Սնվում է աղբյուրներից,մթնոլորտային տեղումներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.027 քառակուսի կմ, ծավալը 83.8 հազար խորանարդ մետր։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Զարգացած են սողանքային երևույթները։ Լճի ջուրը թափանցիկ է, կանաչավուն երնագով: Մոտակայքում նախկինում սաղարթապխիտ անտառն էր, որի հիասքանչ արտացոլանքը զարդարում է լճի մակերևույթը: Իհարկե հիմա անտառը այն սաղարթը չունի, բայց արտացոլանքը կա:
Ափամերձ գոտին հարթ է, հվ. գոտին՝ քարքարոտ։ Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է 15.50 C:
Պարզ լիճը Դիլիջանի համար ունի ռեկրեացիոն նշանակություն:Լիճը Կիրակոս Գանձակեցու մոտ կոչվում է «Տըզկա Ծով»։
Ըստ լեգենդի, նորապսակների մի զույգ է խեղդվել այս լճում: Դարձել է ավանդույթ`բոլոր նորապսակները պսակադրման օրը այցելում են Պարզ լիճ` զոհված ամուսինների հիշատակը հարգելու:
Անկախ ամեն ինչից, լճի շրջակայքը խաղաղ է, կտրված աղմկոտ առօրյայից:
Ֆոտոշարքը՝ Շոթա Թորոսյանի