• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային վեցօրյա բաց ճամբար դասվարների համար. օր առաջին

Այսօր դասվարների վերապատրաստման ամառային բաց ճամբարի մեկնարկն էր: Օրը սկսեցինք առավոտյան տողանով, երգ ու պարի ուսուցմամբ: Բացի կրթահամալիրի աշխատողներից՝ վերապատրաստման էին դիմել նաև այլ մասնագետներ: Նրանց համար շատ հետաքրքիր էր վերապատրաստում անցնել նման անմիջական մթնոլորտում,  ճամբարային պայմաններում: Միասնական երգ ու պարից հետո տիար Գևորգի հետ նայեցինք և քննարկեցինք շաբաթվա անելիքները, կիրակի օրը սպասվելիք ճամփորդության մանրամասները, ճշտեցինք, թե ով է կարողանում լողալ, շախմատ խաղալ. իսկ ով չգիտի՝ ավելի հետաքրքիր՝ կսովորի:

Այս ամենից հետո իսկական մաթեմատիկական ֆլեշմոբ էր՝ խնդիրները ներբեռնեցինք, զույգերով լուծեցինք, արդյունքներն ամփոփեցինք: Մտքներս մարզելուց հետո շտապեցինք մարմիններս մարզել: Լո՜ղ, հրաշք ջու՜ր, չլողացողների բարի նախանձով հայացքնե՜ր: Լողից հետո համեղ ընդմիջման սեղանն էր մեզ սպասում: Զրուցելով ճաշեցինք, սուրճ վայելեցինք և ընկեր Առնոլդի հետ պարզեցինք մեր շախմատային կարողություները: Հրաժեշտ տվեցինք՝ հանդիպելու ակնկալիքով: Որպես մասնակից՝ կարող եմ վստահեցնել,թե ինչ հավես օրեր են մեզ սպասում:

Սեմինարի մասնակից՝ Դիանա Գևորգյան

Այսօր դասվարների վերապատրաստման դասընթացի առաջին օրն էր։ Վերապատրաստմանը մասնակցում էին կրթահամալիրի դասվարները, երկարացված օրվա կազմակերպիչներն ու կրթահամալիր աշխատանքի դիմած այլ մասնագետներ։ Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով՝ երգ ու պարով։ Այնուհետև տիար Գևորգի առաջարկով ծանոթացանք։ Յուրաքանչյուրը ներկայացնում էր ոչ թե ինքն իրեն, այլ ընկերոջը՝ պատմելով մի զավեշտալի պատմություն նրա մասին։

Մեզ ծանոթ ու անծանոթ մարդկանց մասին լսելով հետաքրքիր ու զավեշտալի պատմություններ՝ մի լավ ուրախացանք ու սկսեցինք լուծել մաթեմատիկական խնդիրներ։

Տպավորիչ էր հատկապես լողավազանում անցկացրած ժամանակը։ Սովորողների նման մենք էլ աղմկում էինք, խաղում, իրար օգնում, ցատկում, հրճվում։

Օրվա ամենահամեղ պահը ընդմիջումն էր։ Տիկին Վարդուհու պատրաստած համեղ ուտելիքները համտեսելուց հետո, հետաքրքիր շախմատային քննարկում սկսվեց Առնոլդի հետ։ Մասնակիցներից շատերը խոստովանեցին, որ նույնիսկ խաղաքարերի դիրքերն ու անվանումները չգիտեն։ Սկսեցինք պարզագույնից՝ ավելի մեծ հաջողություններ ունենալու ակնկալիքով։

Մասնակիցներ՝ Տաթև Մելքոնյան, Մարինե Մարտիրոսյան