• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ռուսաստանի անունից կեղտոտ ոտքերով ներխուժել սուվերեն երկրի տիրույթ՝ արդեն վտանգավոր է»

«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ հայ լրագրողը Ռուսաստանի Դաշնության խորհրդարանում հնարավորություն ունենար ելույթ ունենալու և այդտեսակ հարցեր բարձրացնելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով Россия сегодня պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի՝ խորհրդարանում հնչեցրած հայտարարություններին:

Բլեյանը հավելեց, որ երբ ռուս լրագրողին հնարավորություն է տրվում կարծես Ռուսաստանի անունից նման հայտարարություններ անել և դրանով կեղտոտ ոտքերով ներխուժել սուվերեն երկրի տիրույթ՝ դա արդեն վտանգավոր է և նշանակում է, որ մեր ինքնիշխանությունն իրոք վտանգված է:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ Կիսելյովը արդարացի է այն բանում, որ այստեղ հանրակրթական բնագավառում անօրինականության դաշտ է ստեղծվել․ «Ռուսերենը հայտնվել է խնամյալ կարգավիճակում, ընդ որում՝ հենց 1991 թվականից: Իմ ձեռքին է ԿԳ նախարարի 12․07․2011 թվականի հաստատած՝ ՀՀ ռուսերեն լեզվով ուսուցման դպրոցների ցանկը. այդ, որ ասում են՝ փակեցին ռուսական դպրոցները՝ չեն փակել… ավելին, ռուսերեն լեզվով ուսուցմամբ 42 պետական դպրոցներ կան, դրանցից 18-ը գործում է Երևանում, մնացած 24-ը՝ Հայաստանի մարզերում»:

Աշոտ Բլեյանն ընդգծեց, որ այդ դպրոցները գործում են ՀՀ օրենսդրության անտեսմամբ․ «Դրանք պարզապես չպետք է լինեին, փակե՛ք այդ դպրոցներ, օրենքի դաշտ բերեք հանրակրթությունը»:

Ինչ վերաբերում է ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդմանը, ապա, ըստ Բլեյանի, խառնվելու կարիք չկա․ «Որպես ուսուցման առարկա դասավանդվում է ՀՀ բոլոր պետական, ոչ պետական դպրոցներում՝ սկսած երկրորդ դասարանից մինչև 12-րդ դասարան: Ընդ որում, դրան հատկացված են, իմ կարծիքով, «անհրաժեշտ»-ից շատ ժամեր»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Աղբյուրը՝ 1in.am