• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վիրահայոց թեմի առաջնորդի այցելությունը Աջարիա

Հունիսի 7-ից 9-ը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, առաջնորդական այցելությամբ գտնվում էր Բաթումիում:

Սրբազան հայրը հունիսի 7-ի առավոտյան, Բաթումի «Սուրբ Փրկիչ« եկեղեցում մասնակցեց տեղի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց« և Քոբուլեթի «Վռամշապուհ» հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցների սաների փոխադրական և ավարտական քննություններին և իր օրհնությունը բաշխեց սաներին, ուսուցիչներին և ծնողներին: Նա իր գնահատանքը տվեց տեղի կրթական բաժնի աշխատակազմի գործունեությանը և Բաթումիում և Քոբուլեթիում գործող մեկօրյա դպրոցների աշխատանքին և առաջարկեց , որ եկող ուսումնական տարում ընդլայնվի Քոբուլեթի կիրակնօրյա դպրոցը և հիմնադրվի հայերենի ուսուցման մեկօրյա դպրոց նաև Օզուրգեթիում (նախկին Մախարաձեի շրջան):

Նույն օրը կեսօրին Թեմակալ առաջնորդը, ուղեկցությամբ «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի, հանդիպեց եկեղեցու երիտասարդական միության անդամներին, ովքեր իրենց մասնակցությունն են բերում եկեղեցուն կից գործող «Աղբյուր» երգի, «Հեղնար» պարի խմբերին և եկեղեցու դպրաց դասին:Սրբազան Հայրն իր քաջալերանքն ու բարեմաղթանքները հղեց երիտասարդությանը և նրանց տվեց անհրաժեշտ պատգամներ:

Երեկոյան Վիրահայոց թեմի առաջնորդը Աջարիայում, Գուրիայում և Իմերեթիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի հետ մասնակցեց Բաթումիի թիվ 9 դպրոցում կազմակերպված Սայաթնովյան «Վարդատոնի» 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը, որը հագեցած էր մեծ սիրերգակ Սայաթ-Նովայի անկրկնելի տաղերի հմայքով, բարեկամության անմահ շնչով:Ուշ երեկոյան Սրբազան Հայրը հանդիպեց «Սուրբ Փրկիչ» եկեղեցու ծխական խորհրդի անդամների հետ, որտեղ քննարկվեցին եկեղեցուն հուզող հիմնահարցեր:

Կիրակի օրը, հունիսի 8-ին, Սուրբ Հոգեգալստյան տոնի առիթով Բաթումիում, «Սուրբ Փրկիչ» եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդը մատուցեց Սուրբ Պատարագ, որին ժողովրդի հետ միասին մասնակցեցին Գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը և հյուպատոսության աշխատակազմը:

Հավարտ Պատարագի Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց, կոչ անելով հավատարիմ մնալ քրիստոնեական հավատքին, սիրել լեզուն, պահպանել ավանդույթները:

Նույն օրը երեկոյան Թեմակալ առաջնորդը Բաթումի «Էդեմ» սրահում ներկա գտնվեց «Վրաստանը մեր տունն է» հասարակական կազմակերպության ու Աջարիայի հայերի միության նախաձեռնությամբ, Աջարիայում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հովվության աջակցությամբ, կազմակերպված համայնքային տոնական միջոցառմանը, նվիրված Վրաստանում և Հայաստանում պետականության վերականգնման տոներին:

Միջոցառման ավարտին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը բարձր գնահատեց ՀՀ Գլխավոր հյուպատոսության և հոգևոր հովվության համայնքային գործունեությունը և կոչ արեց նոր ուժով ու եռանդով շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ: Վիրահայոց թեմի առաջնորդը կազմակերպիչներին նվիրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված մանրանկարներ:

Իսկ հունիսի 9-ի առավոտյան «Սուրբ Փրկիչ» եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ կատարվեց առավոտյան ժամերգություն: Թեմակալ առաջնորդն իր առաքելությունը ավարտած համարելով, վերադարձավ Թբիլիսի:

Աջարիա կատարած այցելության ընթացքում Վիրահայոց թեմի առաջնորդին ուղեկցում էին Վիրահայոց թեմի կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը, վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը, «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանը: