• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ոչ թե «ընդդեմ», այլ՝ «հանուն»

Այսօր վերջապես տեղի ունեցավ «Կադենսա» մենակատարների անսամբլի ելույթը կրթահամալիրի Համերգասրահում: Ծրագրում՝ Կոմիտաս, Տիգրանյան, իտալական օպերա, այսինքն՝ ինչպես միշտ, լավ երաժշտություն (մեր կազմակերպիչները մեզ երես են տալիս): Մենակատարների ելույթներն ընդմիջվում էի համույթի ղեկավարի մեջբերումներով: Այդպիսի մեջբերումներից մեկում հնչեց. «ՄԻ անգամ կատակով մեր գործունեությունն անվանեցի՝ ընդդեմ ռաբիզի»: Որովհետև, գիտե՞ք, այդ սուտը, իբր ժողովուրդը հենց դա է ուզում, պահանջարկը մեծ է, հորինել են մեզ հիմարացնելու համար: Ամեն անգամ դպրոցներում ելույթ ունենալիս ես զգում եմ, որ այս երաժշտությունն է պետք մարդկանց»:

Լավ է ասված, մանավանդ որ այսօր բոլորս էլ զգացինք՝ որքան հզոր է իրական հայկական երաժշտությունը: Պատահական չէ, որ մեր «Անուշին» հաջորդեց աշխարհահռչակ «Ռիգոլետոն»:

Կհանդգնեմ ուղղել հարգարժան արվեստագետին: Ոչ թե «ընդդեմ», այլ՝ «հանուն»: Մենք չենք լսում հայ դասական երաժշտությունը, որովհետև դեմ ենք ռաբիզին: Մենք լսում ենք, որովհետև դրա կարիքն ունենք, որովհետև որքան էլ տարածված լինի անկրթությունն ու անճաշակությունը, մարդը ձգտում է դեպի գեղեցիկը: Իսկ համերգը իրոք գեղեցիկ էր:

P.S. Գիտեմ, որ չեք մոռացել, բայց հիշեցման կարգով ասեմ, որ «Կադենսա» մենակատարների անսամբլի կազմում հանդես եկավ կրթահամալիրի շրջանավարտ Սոֆյա Սայադյանը (սոպրանո):

info.mskh ակումբ

Լուսանկարները` Նոր դպրոցի լրագրողներ Էրիկի ու Լևոնի