Հանրակրթական Դիջիտեք 2013, այլ կերպ ասած՝ նորարարական մեթոդների և լուծումների, տեղեկատվական տեխնոլոգիաների, գործիքների արդյունավետ կիրառումը հանրակրթության մեջ: Ստուգատեսն անցկացվում է հինգ տարի շարունակ, տարին մեկ անգամ: Այն կազմակերպում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Ստուգատեսի ընթացքում հրապարակվում, ներկայացվում են այն աշխատանքները, որոնք հրապարակվել են նախորդ տարվա Դիջիտեքի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում:
Քանի որ Հանրակրթական Դիջիտեքը համարվում է միջազգային ստուգատես, մասնակիցներ կան նաև այլ մարզերի, քաղաքների դպրոցներից: Այս տարի փետրվարի 4-ից սկսած, կրթահամալիրում հյուրընկալվել են մոտ 70 սովորողներ, ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից: Մեզ էին հյուրընկալվել Լոռու մարզից (Հաղպատ, Մղարթ, Արևածագ, Ախթալա), Արցախից՝ (Ասկերան, Շուշի, Ստեփանակերտ), Վաղարշապատից, Արմավիրից, Շիրակից, Վայոց Ձորից: Բոլոր հյուրերին կրթահամալիրը հյուրընկալեց կրթական փոխանակումների կացարաններում, որտեղ էլ նրանք գիշերել են:
Ստուգատեսի շրջանակում կազմակերպվեցին և անցկացվեցին մեդիահմտությունների առաջնություն և այլ մրցույթներ` գովազդային հոլովակի, երգի։ Հունվարի 10-ից փետրվարի 3-ը ստուգատեսն ընթանում էր համացանցում. 13 անվանկարգերով ներկայացվեցին 1000-ից ավելի անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան հայտեր, որոնցից մոտ 800-ը գրանցվեց մրցութային հանձնաժողովի կողմից։ Մրցութային նյութերը, նախագծերը հեղինակների կողմից հրապարակված են իրենց բլոգներում, կայքերում, սոցիալական ցանցերում։
Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին փետրվարի 7-ին։ Մրցութային հանձնաժողովի որոշմամբ 25 մանկավարժական աշխատող, 35 սովորող և սովորողների խմբեր արժանացել գլխավոր, խրախուսական և անվանական մրցանակների։ Մրցանակները որոշել և հանձնում են ստուգատեսի գործընկեր կազմակերպությունները` Հայ Առաքելական Եկեցեցու Արարատյան թեմի առաջնորդարանը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, ՀՀ Պաշտպանության նախարարությունը, «Յունիքոմփ», «Մայքրոսոֆթ Հայաստան», «Նաիրի կոնսորցիում», «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ, Ինստիգեյթ ՓԲԸ, Forex4you, կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպություն, ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարությունը, «Տաթև» գիտակրթական համալիրը, Ինտերնյուզը, PC Electronics-ը: Մրցանակներն էլ հիմնականում ուսումնական ճամփորդությունների ուղեգրեր են կամ թվային գործիքներ:
Փետրվարի 8-ին տեղի ունենցավ Հանրակրթական Դիջիտեք 2013-ի հանդիսավոր փակումն ու 2014-ի բացումը, որի ընթացքում էլ հայտնի դարձան գլխավոր մրցանակակիրների անուններն ու հանձնվեցին մրցանակները:
Վիկա Մարկոսյան