• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ժամեգություն. մաս երկրորդ

 

Շարունակում ենք պատմել մեր Եկեղեցու ժամերգությունների մասին: 

Այսօր փոքրիկ անդրադարձ ժամերգություններից յուրաքնչյուրի մասին: 

 

Ում են ուղղված ժամերգությունները

1.Գիշերային ժամերգություն, նվիրված է Հայր Աստծո փառաբանությանը: Տեղի է ունենում  կեսգիշերին: Կատարման ժամանակի համար որպես հիմք վերցված է Դավիթ մարգարեի հետևյալ խոսքը. «Կեսգիշերին ելնում էի գոհություն մատուցելու Քեզ Քո արդար դատաստանի համար» (Սաղմ. ՃԺԸ 62), որովհետև օրը գիշերով է սկսվում: Ունի հետևյալ իմաստը. քունը Աստծո կողմից շնորհված բարիք է և պետք է շնորհակալություն և գոհություն հայտնել Աստծուն այդ բարիքի համար: Խնդրանք առ Աստված, որ գիշերվա շարունակությունն անցնի խաղաղ, իսկ հաջորդ օրը` առանց մեղքի և փորձության: Տերունական տոներին և Սրբոց տոներին երգվում է Ներսես Շնորհալու «Առավոտ լուսոյ» և «Աշխարհ ամենայն» հոգևոր երգերը:

2. Առավոտյան ժամերգություն: Նվիրված է Որդի Աստծո փառաբանությանը: Կատարվում է արշալույսին: Խորհրդանշում է Քրիստոսի երևալը Յուղաբեր կանանց` ամփոփելով Քրիստոսի Հարության և Փրկագործության խորհուրդները: Ժամերգությունը հարուստ է շարականներով: Յուրաքանչյուր կիրակի այս ժամերգության ընթացքին կատարվում է Յուղաբերից կարգը:

3. Արևագալի ժամերգություն: Նվիրված է Սուրբ Հոգուն: Նախկինում եղել է Առավոտյան Ժամերգության մի մասը: Խորհրդանշում է Քրիստոսի Հարությունը և աշակերտներին երևալը: Հաստատել է Եզր Ա Փառաժնակերտցին, ճոխացվել է XII դ. սուրբ Ներսես Շնորհալու գրած երգերով: Կատարվում է արևածագին` Քրիստոսի Հարությունը նույնացնելով արևի ծագմանը:

4. Ճաշու Գ ժամի ժամերգություն:  Ուղղված է Սուրբ Հոգուն: Խորհրդանշում է արգելված պտղից Եվայի ճաշակումը և Քրիստոսով դատապարտումից ազատվելը: Նաև Քրիստոսի չարչարանքի հիշատակումն է: Կատարվում է ժամը 9-ին: Ապաշխարության խորհուրդ պարունակող մի արարողություն է: 

 5. Ճաշու Զ ժամի ժամերգություն: Ուղղված է Հայր Աստծուն: Խորհրդանշումն ու հիշատակումն է Քրիստոսի չարչարանքների ու խաչելության: Կատարվում է ժամը 12-ին: Այս ժամերգությամբ հավատացյալը Աստծուց խնդրում է օգնություն իր մարդկային տկար բնության համար:

6. Ճաշու Թ ժամի ժամերգություն: Ուղղված է Որդի Աստծուն: Խորհրդանշում է Քրիստոսի մահը, որով էլ մարդկությանը ազատում է դժոխքի իշխանությունից: Կատարվում է ժամը 15-ին:

 7. Երեկոյան ժամերգություն: Ուղղված է Որդի Աստծուն: Խորհրդանշում է Քրիստոսի թաղումը: Կատարվում է մայրամուտից առաջ: Գիշերվա շեմին հավատացյալը, աշխատանքից հոգնած և օրվա հոգեկան ալեկոծությունից հետո, խնդրում է Աստծուն, որ իրեն պարգևի խաղաղ գիշեր և բարի քուն:

8. Խաղաղական ժամերգություն: Ուղղված է Հոգի Աստծուն: Խորհրդանշում է Քրիստոսի դժոխք իջնելը: Կատարվում է մայրամուտից հետո: Նպատակն է անդորրություն և խաղաղություն բերել ամենօրյա մեղքերով ծանրաբեռնված մարդու հոգուն:

 9. Հանգստյան ժամերգություն: Ուղղված է Հայր Աստծուն: Նախկինում այս ժամերգությունը նախորդի շարունակությունն էր և առանձին խորհուրդ չունի: Կատարվում է քնելուց առաջ: 

 

Նյութը պատրաստեց Սյուզի Գալստյանը