• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

mskh.am-ի աշխատակարգ

mskh.am կայքը (այսուհետ` mskh.am) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պաշտոնական զանգվածային լրատվամիջոցն է: Կայքի խնդիրն է լուսաբանել և տարածել կրթահամալիրում ստեղծվող և իրականացվող հեղինակային կրթական ծրագիրը: mskh.am-ը գործում է կրթահամալիրի սերվերային տարածքում, հասանելի է օրվա բոլոր ժամերին:

mskh.am-ի՝

  • կազմում գործում են ենթակայքեր, էլեկտրոնային ամսագրեր (որպես ենթակայքեր), բաժիններ, էջեր (որպես մենյուներ, ենթամենյուներ). կրթահամալիրի դասավանդողների և սովորողների բլոգները ունեն mskh.am-ի էջի կարգավիճակ. 
  • կառուցվածքը մասնաժողովի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը.
  • բաժիններն ունեն պատասխանատուներ (խմբագիրներ).
  • թողարկիչները կրթահամալիրի դպրոցների, մասնախմբերի, լաբորատորիաների ղեկավարներն են, օտարալեզու էջերի խմբագիրները.
  • սպասարկման և զարգացման աշխատանքին մասնակցում են կրթահամալիրի բոլոր մանկավարժական աշխատողները, սովորողները. նրանք նյութերը տրամադրում են թողարկիչների, բաժինների պատասխանատուների միջոցով.
  • էլեկտրոնային ամսագրերն ունեն խմբագիրներ։

Կրթահամալիրի մասնաճյուղերի ենթակայքերի  (բովանդակային, կառուցվածքային) պատասխանատուները դպրոցների ղեկավարներն են: mskh.am-ի, նրա բաժինների, ենթակայքերի, ամսագրերի, խմբագիրները-պատասխանատուները հետևում են, որ իրենց ենթակայքում, բաժնում տեղեկատվությունը ամբողջական, կանոնակարգված լինի, մատչելի բոլոր այցելուներին` անկախ կրթահամալիրի հետ նրանց առնչությունից: 

mskh.am-ի նյութը.

  • կրթահամալիրի պաշտոնական տեղեկատվություն, կրթահամալիրի խորհրդի, մասնաժողովի, վարչական խորհրդի նիստերի մասին հայտարարություն. հրապարակում է կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարը.
  • կրթահամալիրի օրացույց (տարվա, ամսվա, օրվա). հրապարակում է կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի մասնագետը.
  • կրթահամալիրում աշխատողի թափուր պաշտոնի, կրթահամալիր դիմող մասնագետների վերապատրաստումների մասին հայտարարություններ, կրթահամալիրի աշխատողներին շնորհավորանքներ, ցավակցություններ. տեղադրում է կրթահամալիրի կադրերի տեսուչը.
  • կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի՝ ենթակայքերից, մասնախմբերի, ուսումնական կենտրոնների, դասավանդողների, սովորողների, դասարանների, խմբերի բլոգներից բերվող նյութեր, ֆլեշմոբների նյութեր. հրապարակում են թողարկիչները.
  • կրթահամալիրի կյանքի ֆոտոլուսաբանում, ռեպորտաժ, TV հաղորդում, «Դիտեք մեր եթերում» բաժնի տեսանյութեր. հրապարակում է TVmskh-ի խմբագիրը.
  • հեղինակային կրթական ծրագրի իրականացման օտարալեզու լուսաբանում, կայքի հայերեն նյութերի թարգմանություն անգլերեն, վրացերեն, ռուսերեն, իսպաներեն. հրապարակում են օտարալեզու էջերի խմբագիրները։ 

mskh.am-ի նյութին ներկայացվող պահանջներ.

  • նյութի լեզուն գրական հայերենն է, բացառությամբ օտարալեզու էջերի նյութերից.
  • նյութը ձևավորված է հեղինակի, կրթահամալիրի սովորողի, դասավանդողի ստեղծած որակյալ նկարով. չի կարող պարունակել համացանցից ներբեռնած նկար, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հազվագյուտ, հանրահայտ մարդու, հանրապետական, տարածաշրջանային, համաշխարհային, տիեզերական իրադարձության լուսանկար է.
  • նյութը չի պարունակում անորակ կամ վատ ձայնագրված երաժշտություն, բացի այն դեպքերից, երբ ներկայացվում է հազվագյուտ ձայանագրություն.
  • մեջբերվող տեղեկությունը կարող է լինել կրթական բովանդակության հայտարարություն` մրցույթի, օլիմպիադայի, ստեղծագործական հավաքի, հանդիպման, ուշադրություն է հրավիրում կրթական, գիտական, մշակութային, հայրենագիտական, մարզական, էկոլոգիական, տեխնոլոգիական իրադարձության, խնդրի վրա. 
  • mskh.am-ում հայերեն կարծիքը (comment) գրվում է միայն հայատառ. 
  • կարծիքը չի կարող պարունակել վիրավորանք, անպարկեշտ արտահայտություն կամ գովազդ.
  • ներկայացվող պահանջների խախտումով կարծիքը առանց զգուշացնելու ջնջվում է.
  • mskh.am-ի առաջին էջում նյութի որակի պատասխանատուն mskh.am-ի ղեկավարն է. նա կարող է անմիջականորեն աշխատել նյութերի հեղինակների, թողարկիչների հետ։ 

Թողարկիչները հերթով լինում են mskh.am-ի առաջին էջի խմբագիր։ Առաջին էջի խմբագիրը.

  • հետևում է, որ mskh.am-ը ժամանակին արձագանքի կրթահամալիրային իրադարձություններին. կարող է առաջին էջի համար նյութեր պատվիրել կրթահամալիրի, դպրոցի, դասարանի, խմբի TV-ռադիո խմբագրություններին, ամսագրերի, ենթակայքերի խմբագրություններին.
  • հետևում է, որ հրապարակված նյութերը համապատասխանեն պահանջներին. 
  • ժամանակին հրապարակում է mskh.am-ի հյուրերի կարծիքները, անհրաժեշտության դեպքում դրանք ուղարկում հասցեատերերին կամ պատասխանում դրանց, հեռացնում է որպես կարծիք եկած անցանկալի տեղեկությունը (վիրուս, անցանկալի գովազդ և այլն)։

mskh.am-ի ղեկավարը.

  • հետևում է mskh.am-ի վարկանիշին.
  • մշակում, մասնաժողովին է ներկայացնում  mskh.am-ի զարգացման նախագծեր.
  • գրանցում է mskh.am-ի նոր անդամներին (user), որոշում է նրանց դերը (սովորող, ուսուցիչ, խմբագիր և այլ).
  • իրականացնում է նոր շահառուների ներգրավմանն ուղղված աշխատանք.
  • սահմանված կարգով ներկայացնում է mskh.am-ի ամսական, տարեկան հաշվետվությունը:

mskh.am-ի տեխնիկական պատասխանատու մասնագետը.

  • ամենօրյա վերահսկողություն է իրականացնում mskh.am-ի տեխնիկական աշխատանքի նկատմամբ, հետևում է mskh.am-ի համակարգում տեխնիկական խնդիրների գրանցմանը (report, update, error), օպերատիվ վերացնում խնդիրները.
  • հետևում է mskh.am-ի հիմնական ծրագրային թարմացումներին և կիրառում դրանք.
  • մշակում,  ներկայացնում և տնօրենի որոշմամբ իրականացնում է mskh.am-ի տեխնիկական զարգացման նախագծեր.
  • գրանցում է կայքի արխիվը (պահպանում է բազաները) արտակարգ պատահարի պատճառով կորուստը հնարավոր նվազագույնի հասցնելու համար:

Նախկինը