• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասական ուղղագրության հարցի շուրջ

Հրաչ Մարտիրոսյան
Լեյդենի համալսարանի դասախոս, Ավստրիայի գիտությունների ակադեմիայի աշխատակից

Սույն հոդվածով չեմ հավակնում ներկայացնելու խնդիրն իր ամբողջական ընդգրկմամբ և քննարկելու բոլոր կողմ և դեմ փաստարկներն ու ասպեկտները: Պարզապես կփորձեմ մի քանի կետերով հակիրճ ներկայացնել իմ դիրքորոշումը և հիմնավորել, թե ինչու եմ ես դասական ուղղագրության վերականգնումը համարում ոչ նպատակահարմար:

1) Իմ կյանքի իմաստը գրաբարի ու հայերենի մյուս լեզվավիճակների ուսումնասիրությունն է, ուստի պիտի հասկանալի լինի, որ գրաբարն ու դասական ուղղագրությունը ինձ ավելի քան հոգեհարազատ են: Այնպես որ իմ դիրքորոշումը կարող է չընդունվել, բայց տենդենցիոզ համարվել ոչ մի կերպ չի կարող: Ուղղագրությունը փոխելուն դեմ էին հայերենագիտության մի շարք հսկաներ, այդ թվում` ԻՄ ԿՈՒՌՔ Աճառյանը: Այդուհանդերձ, սա քննվող խնդրի հետ կապ չունի: Ես չեմ ուզում այստեղ քննարկել հայտնի ռեֆորմը ու նրան գնահատական տալ (հիմա բոլորովին էական չէ` ռեֆորմը բոլշևիկյան էր, կեղծիք էր, ճիշտ քայլ էր թե սխալ…): Խնդիրն այն է, թե արդյոք այժմ իրատեսական կամ խելամիտ է դասական ուղղագրության վերականգնումը:

Խնդրում եմ ինձ չհամոզեք, թե հիմա հայերենի գրագիտության մակարդակը գոհացուցիչ է: Ես շփման մեջ եմ ամենատարբեր հաստատությունների հարյուրավոր ուսանողների ու երիտասարդ գիտնականների հետ, որոնցից շատերը լավագույններից են իրենց բուհերում. սակայն նրանցից քչերն են ինձ գրում լիովին գրագետ նամակներ: Սոցիալական ցանցերի քննարկումներում արտացոլված անգրագիտության մասին չեմ էլ խոսում: Ամենավատն այն է, որ անգրագետ կամ կիսագրագետ (բանավոր կամ գրավոր) հայերեն են գործածում նաև լրագրողները, հեռուստացույցով ելույթ ունեցողները, համացանցում հրապարակումներ կատարողները…

Վիճակը, իսկապես, այնքան էլ լավ չէ: Իսկ ի՞նչ կլինի, եթե հիմա փոխենք ուղղագրությունը: Հաստատ` աղետալի շիլաշփոթ (տես և պարագրաֆ 5):

2) «Մայրենի լեզվի դասեր» խմբի քննարկումներում շատերը քանիցս նշեցին, որ անպատասխան մնաց նրանց գլխավոր հարցադրումը. ո՞րն է այժմյան ուղղագրության խնդիրը, որ մեզ ստիպում է հրաժարվել դրանից ու վերադառնալ դասականին: Իմ պատասխանը հետևյալն է. խնդիր չկա: Այժմյան ուղղագրությունը միանգամայն ներդաշնակ է ժամանակակից արևելահայերենին: Դասականի կողմնակիցները սովորաբար մի երկու խնդիր են մատնանշում. դիտարկենք դրանք:

3) Ասում են, թե ներկա ուղղագրությունը մեզ կտրել է մեր լեզվի արմատներից, գրաբարից: Տպավորություն է ստեղծվում, թե, դասական ուղղագրության վերադառնալով մեր գրաբարյան մատենագրությունը պետք է մատչելի դառնա լայն մասսաներին: Դա, իհարկե, մոլորություն է: Ուղղագրությունն ընդամենը դիմափոշի է, դրա յուրացմամբ գրաբարյան քերականությունը հասկանալի չի դառնա: Գրաբարի քերականությունը պետք է հատուկ սովորել: ԵՎ, ԻՍԿԱՊԵՍ, ՊԵ՛ՏՔ Է ԱՅՆ ՍՈՎՈՐԵԼ: ԻՄ ՀԱՄՈԶՄԱՄԲ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԻՐԹ ՀԱՅ (ԷԼ ՉԵՄ ԽՈՍՈՒՄ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՈԼՈՐՏԻ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ) ՊԵՏՔ Է ԱՆՊԱՅՄԱՆ ԳՐԱԲԱՐ ԻՄԱՆԱ: Ինչու՞ լավ կրթություն ունեցող յուրաքանչյուր հոլանդացի գիմնազիայում հանգամանորեն ուսումնասիրում է հունարենն ու լատիներենը (որ դասական լեզուներ են, բայց ոչ հոլանդերենի մայրերը), իսկ հայերը իրենց մայր լեզու գրաբարը` ոչ:

Աղետալի է, բայց` փաստ, որ նույնիսկ շատ լեզվաբաններ, որոնք, ասենք, բարբառագետ են կամ լեզվաբանության այլ ճյուղի մասնագետ, յոլա են գնում առանց գրաբարի իմացության` մխիթարվելով այն հանգամանքով, որ գրաբարը իրենց նեղ մասնագիտական շրջանակից դուրս է:

4) Ասում են, թե քսանականների ուղղագրական ռեֆորմը մեծ դավադրություն էր, որի նպատակն էր աստիճանաբար դուրս մղել հայկական տառերը և անցնել լատինական այբուբենի: Ես չեմ ուզում քննարկել` դա արդյոք այդպես է թե ոչ: Դա հիմա էական չէ: Էականն այն է, որ հիմա այդ հարցը ուղղագրության հետ կապ չունի: Եթե գլոբալիզացիան սպառնում է հայկական այբուբենին, ապա մենք լավ գիտենք, որ այդ սպառնալիքը հրաշալիորեն արտացոլվում է առաջին հերթին համացանցում և տեխնիկական այլ ոլորտներում: Ինչ ուղղագրություն էլ ունենանք, լատինատառ գրողը պիտի լատինատառ էլ գրի: Մենք պետք է պարզապես մտահոգվենք հայատառ այբուբենի կարգավիճակով և ամեն կերպ պայքարենք հայերենի ԼԱՏԻՆԱՏԱՌ ԽՐՏՎԻԼԱԿԱՅԻՆ ԳՐՈՒԹՅԱՆ դեմ:

5) Եթե վերադառնանք դասական ուղղագրությանը, ապա, ինչպես ասացի, մեծ շիլաշփոթ կսկսվի: Լավատեսությունն անտեղի է: Ոմանք ասում են, թե ընդամենը մի քանի ուղղագրական կանոն պետք է սովորել և վերջ: Բայց դա այդքան էլ հեշտ չէ: Կանոնները թափանցիկ ու հասկանալի են, երբ գործ ունենք գրաբարի հետ: Իսկ ներկայիս լեզվավիճակի հետ դասական ուղղագրությունը, հատկապես մեկդարյա ընդմիջման անդունդից հետո, այդքան էլ օրգանականորեն չի համատեղվում: Մանրամասների մեջ չեմ մտնի. շատերն են քննել այս հարցը և բերել բազմաթիվ օրինակներ: Միայն նշեմ, որ այժմ իսկ դասական ուղղագրություն գործածող (նույնիսկ հրապարակավ` թերթերում, համացանցում…) մարդկանց ճնշող մեծամասնությունը բազմաթիվ սխալներ է թույլ տալիս, ընդ որում` և՛ դասական ուղղագրություն չիմանալու հետևանքով կատարված սխալներ, և՛ այնպիսիք, որ պայմանավորված են ժամանակակից լեզվական իրողությունը դասականի հետ պատվաստելու հետ առնչվող դժվարություններով:

Մի հայտնի խնդիր է, օրինակ, գրաբարում բացակայող կրավորական -վ-ի հարցը: Զգալիորեն տարածված է այն -ւ-ի տեսքով ներկայացնելու ավանդույթը: Այն գործածված է, մասնավորապես, հենց այս քննարկումը խթանած երեկվա մի հոդվածում: Կրավորականի ծագման տարբեր տեսակետներ կան. դրանք, իհարկե, այստեղ չեմ քննարկի (տես, օրինակ, Հայոց լեզվի պատմ. քեր., 2, 1975, էջ 371-377). բայց դրանց բոլորի ընդգրկած նյութում հիշատակվող և այս կամ այն կերպ խնդրին առնչվող քերականական ձևերը -ու-ով են` հատուած, բացուեալ ևն: Ուստի հիմա արդեն կրավորականի -վ-ն գրում են -ու-. սա արդեն դարձել է կանոն: Սակայն անկատար դերբայի մեջ -ուում անախորժ գրությունից խուսափելու նպատակով գրում են -ւում, օրինակ` առնչւում, հրաւիրւում ևն: Փաստորեն, կանոնարկման համար այսպիսի դեպքերում ստիպված ենք լինում լրացուցիչ պայմանականություններ ստեղծել ու բարդացնել վիճակը: Ավելին ասեմ: Հաճախ ասում են, թե նոր ուղղագրությունը խեղագրություն է: Սակայն, շարունակելով կրավորական -Վ-ի թեման, մի հստակ օրինակ բերեմ, որ ՀԵՆՑ արևելահայերենում հին ուղղագրությամբ գրելն է դառնում խեղագրություն: ԹՎԱԼ բայը գրաբարում ԹՈՒ- հիմքն ունի: Բայց նոր հայերենում հին ուղղագրությամբ գրողները ստիպված են անկատար դերբայում այդ -ու-ն սարքել -ւ-. օրինակ` Վ. Առաքելյան 2010, 14` թւում է: Փաստորեն` այս նոր ու շինծու կանոնները մեզ մի բան էլ հեռացնում են մեր լեզվի արմատներից. աղավաղվում է ԹՈՒԻՄ բայի հիմքը` թու-ն դառնում է թւ-:

Դասականին վերադառնալու դեպքում է՛լ ավելի լուրջ խնդիրների հետ ենք բախվելու ժամանակակից կենցաղի ու տեխնիկայի բազմաթիվ բնագավառներում: Շատերը խճճվում են բառավերջի -ա-յին և -ո-յին առնչվող հարցերում: Օրինակ՝ գիտենք, որ գրաբարում այդպիսի բառերի վերջում միշտ յ է դրվում` -այ և -ոյ (մի երկու քերականական ձև չհաշված): Ուստի նոր ուղղագրության անցնելիս ինչպե՞ս ենք կանոնարկելու. -ա-յով և -ո-յով վերջացող բոլոր հին ու նոր բառերում պիտի -յավելացնե՞նք: Այսինքն, գրաբարյան բառերի կողքին, նաև`Անտարկտիդայ, բազայ,Զինայ, կազինոյ, պաուզայ, Սյուզաննայ…Գոնե ինձ համար արտառոց է: Կարող են առաջարկել` եկեք հին բառերում -յ գրությունը պահենք, բայց նորերում -յ չավելացնենք: Բայց վստա՞հ ենք, որ հեշտ է լինելու նման տարբերակումը: Օրինակ` մարդիկ իմանալու՞ են, որ փիլիսոփա բառը գրաբարում էլ կա, ուստի պետք է փիլիսոփայ գրել: Կամ կիմանա՞ն արդյոք, որ այսօր բառիայսօրվա հոլովաձևը գրաբարում չկար, ուստի, ըստ այդ հնարավոր կանոնի, պետք է գրեն այսօրւա, ոչ թե այսօրւայ: Հետաքրքիր է, որ բազմաթիվ կիրթ մարդիկ գործածում են հենց այդ ձևը` այսօրւա, բայց դրա կողքին նաև, օրինակ, 900-ամեա, մինչդեռ -ամեայ բաղադրիչը կա գրաբարում` միամեայ, եռամեայ և այլն: Հիմա, արդյո՞ք բոլոր նման դեպքերում մարդիկ կողմնորոշվելու են, թե ինչպես գրեն:

Շատերն ինձ հաստատ կհակադարձեն` ասելով. վերոհիշյալ օրինակները պարզապես կանոնարկման բացակայության հետևանքներ են և անհատական վրիպումներ կամ բացթողումներ. երբ վերադառնանք դասական ուղղագրությանը, մանրամասնորեն կմշակենք ու կկանոնարկենք ամեն ինչ: Հասկանալի է: Բայց ես ուղղակի ցույց տվեցի երկու բան. նախ` սխալ է այն կարծիքը, թե ընդամենը մի քանի կանոնի հարց է: Իրականում, ահավոր շիլայից խուսափելու համար, հարկ կլինի ստեղծել կանոնների մի հսկա ու հակասական համակարգ, ընդ որում շատ հարցերում բանասիրական տվյալները նույնիսկ թույլ էլ չեն տալու հստակ ու հիմնավոր որոշումներ ընդունել: Եվ երկրորդ, այդ ամենը յուրացնելու համար հարկ կլինի մարդկանց բացատրել գրաբարյան ձևերի հետ կապված բազմաթիվ նրբություններ: Դա, իհարկե, լավ է. մարդիկ կծանոթանան գրաբարին: Բայց ինչու՞ նրանք գրաբարին ծանոթանան անօրգանական պատվաստումների այդ խճճված համակարգում: Ավելի խելամիտ ու արդյունավետ չի՞ լինի, եթե ժամանակակից պարզ ու հստակ ուղղագրությունը թողնենք ժամանակակից արևելահայերենի համար, իսկ դրա կողքին էլ ամեն ջանք գործադրելով հնարավորինս մասսայականացնենք գրաբարի (և, ինչու չէ, արևմտահայերոնի) գրագետ իմացությունը:

6) Հաճախ խոսում են այն մասին, որ այժմյան ուղղագրությունը «լղոզում» է բառերի ծագումնաբանական տեսքը և արհեստականորեն սարքում է համանուններ, հմմտ. սեր ևսէր: Սակայն դա խնդիր չէ. մարդիկ պարզապես գիտեն, որ կա սեր ձևով գրվող երկու բառ, որոնք տարբեր են իմաստով էլ, ծագումով էլ, հոլովմամբ էլ (սերի vs. սիրո): Համանուններ կան բոլոր լեզուներում. գրաբարում կար, օրինակ, երեք հատ հաւ` ա)‘թռչուն’, բ) ‘պապ’, գ) ‘ծայր, սկիզբ’ նշանակություններով, և դա երբեք խնդիր չի եղել:

7) Ինչպես հաճախ է նշվում, դասական ուղղագրության վերադառնալու դեպքում հարկ կլինի վերահրատարակել հսկայական քանակությամբ դասագրքեր, գիտական ու գեղարվեստական գրականություն: Այս հուսահատ կետը թողնում եմ առանց մեկնաբանության:

8) Մի շատ կարևոր հանգամանք: Թող ինձ ներեն բոլոր այն մարդիկ, ովքեր հենց հիմա էլ ժամանակակից արևելահայերենը գործածում են դասական ուղղագրությամբ, և այն էլ, շատ հաճախ, հրապարակավ: Այդ թվում կան այնպիսի անձինք, որոնց ես շատ հարգում եմ և գնահատում նրանց վաստակը: Սակայն իրավունք ունեմ իմ կարծիքը հայտնելու կոնկրետ քննվող հարցի կապակցությամբ: Միևնույն երկրում միևնույն լեզուն տարբեր ուղղագրություններով գործածելը ստեղծում է ՔԱՈՍ ուԱՆԱՐԽԻԱ, մանավանդ որ դասական ուղղագրությամբ գրված նյութերը շատ հեռու են հետևողական լինելուց և լի են սխալներով (ես հաճախ եմ հետևում նման հրապարակումների): Ժամանակակից արևելահայերենը (գոնե գրքերում ու մամուլում) պետք է ունենա ՄԵԿ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ: Մարդիկ, իհարկե, իրավունք ունեն նախապատվությունը տալ դասական ուղղագրությանը, գործածել այն ու պայքարել հանուն նրա վերականգնման, բայց քանի դեռ այդ վերականգնումը չի կատարվել, գոնե հրապարակային մակարդակում պետք է գործածել այժմյան ուղղագրությունը:

ԱՄՓՈՓՈՒՄ. Կարելի է վիճել 20-րդ դարի առաջին կեսի ուղղագրական ռեֆորմների գնահատականների հարցերում: Սակայն մեր ներկա վիճակում դասական ուղղագրության վերադառնալը ոչ մի լավ բանի չի բերի: (Ժողովուրդն ասում է. «Էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու»): Պետք է ձգտել հասնել մասսայական լիարժեք գրագիտության: Հրաշալի եմ համարում քննարկման տարբեր մասնակիցների հնչեցրած կոչերը մեր բազմադարյան չքնաղ լեզվի ու այբուբենի և մյուս ազգային արժեքների վերաբերյալ: Դրանք միավորելով կձևակերպեի հետևյալը`«ճանաչենք և մաքուր պահենք մեր ոսկեղենիկ գրաբարը և ժամանակակից հայերենը»: Այո, եթե ուզում ենք ունենալ մեր լեզուն, արմատներն ու մշակույթը հարգող ու ճանաչող սերունդ, ապապետք է ազգովի ձգտենք հասնել հետևյալ երկու ԻՐԱՐ ՉՀԱԿԱՍՈՂ, բայց միմյանց հետ չխառնելի նպատակներին. 1) ժամանակակից գրական լեզվի գերազանց իմացություն, 2) գրաբարի և մեր հնամյա մատենագրության գոնե տարրական իմացության:

07.02.2012, Լեյդեն