• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիտելիքի բուրգը

Կոնստանտին Շերեմետև
Գիտելիքի բուրգը

Մի ընդհանրական խնդիր կա. դու կարծես թե ամեն ինչ գիտես, բայց բան դուրս չի գալիս։ Մեկը մյուսի հետևից անհաջողություն է՝ամեն ինչ ջարդվում է, քանդվում ու փչանում։ Ի՞նչը կարող է սրա պատճառը լինել։
Ամենից հաճախ պատճառն այն է, որ մարդիկ չեն հասկանում, թե որ գիտելիքի վրա կարող են հույս դնել կյանքում։ Այդ չհասկանալն էլ բերում է տխուր հետևանքների։ Հենց սկսում եք գործել՝ կեղծ գիտելիքից ելնելով, ձեր բոլոր փորձերն անհաջողության են մատնվում։ Եվ որքան շատ աշխատանք եք ներդնում, այնքան արագ է ամեն ինչ փուլ գալիս։ Սա ճահճի նման մի բան է՝ որքան թափով եք շարժվում, այնքան խորն եք խրվում։
վ այսպես՝ ի՞նչ է պետք իմանալ գիտելիքի մասին։
Ձերգիտեցածամենինչըհնարավոր է բաժանել գիտելիքի երեք տեսակի.

  • Պինդ կամ նյութական գիտելիքներ։ Սա այն է, ինչ գիտեք ու ինքներդ եք փորձել։
  • Հեղուկ կամ ուրիշի գիտելիքներ։ Սա գիտեք ուրիշի ասելով, բայց տեսականորեն կարող եք ստուգել։
  • Գազային կամ աշխարհի մոդել։ Ամեն տեսակ տեսություններն են, որ դժվար է ստուգել, և կարող ես միայն հավատով ընդունել։

Նյութական գիտելիքներ
Որոշ սկզբունքների իմացությունը
հեշտ հատուցում է մի քանի
փաստերի չիմացությունը
Հելվեցիուս

Վաղ մանկուց դուք բազում գիտելիքներ եք ստանում աշխարհի մասին, որ ստուգում եք սեփական մաշկի վրա։
Ձեռքը մեկնել եք կրակին՝ այրել եք։
Թեթև հագնված դուրս եք եկել սառնամանիքին՝ մրսել եք։
Գավաթը գցել եք ձեռքից, ու դա կոտրվել է…

Այսպիսի շատ գիտելիքներ ունեք և բոլորն էլ իրականությունն են արտացոլում։ Դրանք ճշգրիտ են, ճշմարտացի և հուսալի։
Մեկ որ իմացաք՝ ինչ է եռացրած ջուրն ու թեյի թուրմը, և փորձեցիք դա, հետո ամբողջ կյանքում կկարողանաք ձեզ համար թեյ պատրաստել, և ամեն անգամ կստացվի։
Նյութական գիտելիքի առավելությունն այն է, որ երբ դուք հենվում եք միայն դրանց վրա, էլ ձեզ խաբել չի լինի։ Հնարավոր չի լինի ձեզ կավ տալ ու ասել՝ համեղ է։ Դուք շատ լավ գիտեք, որ այդպես չէ։

Ուրիշի գիտելիքները

Խիղճ ունեցեք, տեա՛րք,
չէ՞ որ ոչ մի ճառ էլ մինչև չհորինվի,
չի արտասանվի։
Ն.Վ.Գոգոլ

Ուրիշի գիտելիքներն արդեն ջրախառն են, որովհետև մարդը միանգամայն սուբյեկտիվ է և երբ ինչ-որ բան է պատմում, ենթագիտակցաբար տեղեկությունն աղավաղում է իրեն հարմար ուղղությամբ։ 
Դրա համար էլ ինչ-որ բանի մասին պատմությունների մեծ մասը շատ պարծենկոտություն, չափազանցություն է պարունակում։ Սա՝ անձի մակարդակով։ Իսկ եթե խոսքը քաղաքականությանն է վերաբերում կամ բիզնեսին, արդեն ապատեղեկատվությունը սահման չի ճանաչում։ Մի շարք ճյուղեր զբաղված են պրոպագանդայով ու հակապրոպագանդայով, գովազդով ու հակագովազդով ու իրականությունն աղավաղող էլի ուրիշ բաներով։
Բայց, ըետ էության, եթե մի բան տարբեր մարդկանցից եք լսում, հետո հա՛մ նկարներով եք տեսնում, հա՛մ տեսանյութով, հա՛մ հեռուստացույցով, ապա, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կա։ Օրինակ՝ այդպես կարող եք բավականին համոզված համարել, որ Անտարկդիտան կա, իսկ Ատլանտիդան՝ ոչ։

Դատողություն ոչ մի բանի մասին

Այս տեսությունը ճշմարիտ է հանդիսանում նրանով,
որ դրանում միանգամայն տեղավորվում է, դրան
համապատասխանում է և դրանով բացատրվում է
ամենայն ինչ։
Միխայիլ Վելլեր «Ամենայնի համընդհանուր տեսությունը»

Եվ ահա, վերջապես, ամենավտանգավոր գիտելիքը աշխարհի մոդելներն են։ Մոդելներով գիտականորեն աշխատող մասնագետները գիտեն, որ մոդելն ինքնին արժեք չունի։ Արժեքավոր են գործնականում դրանցից ստացվող արդյունքները միայն։ Իսկ մոդելները նրա համար են պետք, որ կոնկրետ խնդրի դեպքում դուրս նետեն անկարևոր մանրամասները։
Օրինակ՝ Ռեզերֆորդի՝ ատոմի մոլորակային մոդելը տարրական մասնիկների ֆիզիկան հասկանալու ճանապարհին բավականին օգնել է այն ժամանակվա գիտնականներին։ Բայց հենց մոդելը, թե միջուկ-գնդիկի շուրջը պտտվում են էլեկտրոնների գնդիկները, լրիվ անիմաստ բան է, որովհետև ո՛չ ատոմի միջուկը, ո՛չ էլեկտրոնները ոչ մի կերպ գնդիկի նման չեն։ Ալիքային այդ գոյացություններն ավելի շատ նման են կտրատված նկարի։ Դե իսկ քվանտային ֆիզիկան այնքան է ապշեցնում իր անսովորությամբ, որ Նիլս Բորը մի տեղ ասում է. «Եթե քվանտային մեխանիկան ձեզ չի ցնցել մինչև հոգու խորքը, ուրեմն դուք դա դեռ չեք հասկացել»։
Բայց գիտնականները մոդելի հետ վարվել գիտեն։ Ինչպես Պոլ Վալերին է ասում, «Գիտությունն իրենց արդարացրած բաղադրատոմսերի հավաքածու է»։ Այդ պատճառով գիտության պտուղները հեշտ շոշափելի են՝ մեքենաներ, համակարգիչներ, արբանյակներ՝ սրանք բոլորը մոդելների հետ գրագետ աշխատանքի օրինակներ են։ Բայց եթե չգիտեք մոդելի հետ աշխատելու ձևը, պետք է դրանց հետ շատ զգույշ լինեք։
Աշխարհի մոդելը մշուշ է, ուր հեշտ է մոլորվելը։ Եվ շատ հաճախ ինձ նամակ են գրում մարդիկ, ում գլխում հենց մշուշ է։ Նրանք երկար դատողություններ են անում ինչ-ինչ էզոթերիկ ճշմարտությունների, խորհրդավոր դաշտերի, պի-մեզոնների ու այլ բաների մասին, բայց պարզ երևում է, որ իրենց սեփական կյանքում հաջողության մասով լրիվ ձախողում է. փող չունեն, նրանց ոչ ոք չի սիրում, զբաղված են ատելի աշխատանքով և կյանքից դժգոհ են։
Ինչպես իմ վեբինարների մասնակցուհիներից մեկն է գրում՝ Սարի չափ էզոթերիկ գրականություն եմ կարդացել, բայց փող ոչ կար, ոչ էլ կա»։
Դրա համար մի՛ հենվեք մշուշապատ գիտելիքին կամ ուրիշի բառերին։ Հենվեք միայն նրա վրա, ինչ հնարավոր է տեսնել, շոշափել, փորձել։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը