• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթական պարտեզ արվարձանում

Վիճակն արվարձանում այսօր

Օրերս, Երևանի քաղաքային ավագանու անդամ Անահիտ Բախշյանը մեզ տրամադրեց այսպիսի պաշտոնական գրություն. «Հարավարևմտյան թաղամասում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրինության «Կրթական պարտեզ» նախաձեռնության ֆինանսավորում (Բլեյանի առաջարկություն), որը համահունչ է Երևանում 16.11.2015թ. քաղաքապետարանի և ՎիվաՍել-ի կողմից նախաձեռնած հեծանվորդների համար ճանապարհներ ստեղծելու նախաձեռնությանը: Առաջարկությունը ողջունելի է, սակայն անհրաժեշտ է ներկայացնել ֆինանսատնտեսական գնահատականով համապատասխան ծրագիր, որը սահմանված կարգով կուսումնասիրվի, կքննարկվի և հնարավորության սահմաններում հարցին կտրվի համապատասխան լուծում»:

1990-ից սկսած՝ տարբեր ինտենսիվությամբ ու ձևերով մենք բարձրացրել ենք բանգլադեշյան կրթական պարտեզի ստեղծման անհրաժեշտության հարցը, առաջարկել Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասի մանկական-կրթական հաստատությունները՝ բոլորը, անկախ նրանց պատկանելությունից, մեկ կենսական տարածքում բարեկարգել՝ խելամիտ-գրավիչ-հարմար անցումներով՝ իրար հետ ու թաղի, կանաչապատումով-բարեկարգումով, ենթակառուցվածքներով։ Վերջին անգամ 2015-ի սեպտեմբերի 1-ին ենք դիմել Երևանի քաղաքապետին. «Ուզում ենք հավատալ, որ նոր ուսումնական տարին առիթ կդառնա մեր կողմից բազմիցս ներկայացված «Կրթական պարտեզ» նախագծին վերադառնալու համար, հատկապես որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով որոշված է «ներառական կրթությունը՝ որպես յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում»»։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝«Զորավար Անդրանիկի թաղամասի՝ շինարարական անունով Բ-1 բնակելի թաղամասը (այսուհետ՝ թաղամաս), եզրափակված Րաֆֆի, Զորավար Անդրանիկ, Առնո Բաբաջանյան փողոցներով, կառուցապատված է հիմնականում 1977-1986 թթ 9-11 հարկանի բնակելի շենքերով: Թաղամասում այսօր գործում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 181 հիմնական դպրոցը (հասցեն՝ ՀԱԶ, Ա. Բաբաջանյան 4), թիվ 95 (հասցեն՝ ՀԱԶ, Զ. Անդրանիկի 124), թիվ 93 (հասցեն՝ ՀԱԶ, Զ. Րաֆֆու 69) և թիվ 98 (հասցեն՝ ՀԱԶ, Զ. Րաֆֆու 85/5) նախադպրոցական հաստատությունները, «Տարոն» գեղագիտական դաստիարակության տունը (հասցեն՝ ՀԱԶ, Զ. Անդրանիկի 54), ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում գործող Նոր դպրոց-պարտեզը (հասցեն՝ ՀԱԶ, Ա. Բաբաջանյան 47/1), Քոլեջը (հասցեն՝ ՀԱԶ, Զ Անդրանիկի 92/1), Գեղարվեստի դպրոցը (հասցեն՝ ՀԱԶ, Րաֆֆու 69/1), Մեդիակենտրոնը (հասցեն՝ ՀԱԶ, Րաֆֆու 57), Մայր դպրոցը (հասցեն՝ ՀԱԶ, Ա. Բաբաջանյան 25): Թաղամասում են գտնվում տասնյակի չափ մանկական խաղահրապարակներ:

Թաղամասի բնակիչները, թաղամասում գործող ուսումնական հաստատությունների սովորողները դժվարություններ են կրում թաղամասի հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ուղղություններով հետիոտն, սայլակով, հեծանվով միջթաղամասային առօրյա հաղորդակցության ժամանակ. թաղամասի կառուցապատման ժամանակ բնակչության համար այս պարտադիր խնդիրը թերի է լուծվել, իսկ 1990-ականների հախուռն շինարարությունը վատացրեց վիճակը: Շուրջ 20000 բնակիչ, 1000-ի չափ նախադպրոցական սաներ, մոտավորապես 4000 տարատարիք սովորողներ ունեցող թաղամասը չի կարող հարմարեցված միջավայր չլինել, այնպիսին, որ բացառի խտրությունը և ապահովի հավասար հնարավորություններ ազատ տեղաշարժի։ Առաջարկվող «Կրթական պարտեզ» նախագիծն ուղղված է սահմանափակումների, խոչընդոտների վերացմանը, կլուծի բնակիչների ազատ-հարմար տեղաշարժի խնդիրը։

Թաղամասը կունենա նշագծված հեծանվուղի, հետիոտն անցումներ՝ հյուսիս-հարավ, հարավ-արևմուտք հատվածներն իրար կապող, ինչպես նաև՝ շրջանաձև: Կրթական պարտեզի կառուցումով թաղամասի հետիոտն անցումները բարեկարգվում-կանաչապատվում են, դառնում խնամված մշտապես: Թաղամասի ուսումնական հաստատությունների կադաստրային տարածքները (բակերը), դրանց հարող հողատարածքները կրթական-մարզական-մշակութային, հանգստի, զբոսանքի կիրառում են ստանում, կանաչ տարածքներ են դառնում:

Կրթական պարտեզի շահառուն թաղամասի բոլոր բնակիչներն են, թաղամասում գտնվող ուսումնական, այդ թվում՝ նախադպրոցական հաստատությունների ամեն մի սովորող-սան, աշխատող, յուրաքանչյուրը, որ որևէ ձևով առնչվում է թաղամասին: Կրթական պարտեզը որևէ ձևով չի վատթարացնի բնակչի, սովորողի, աշխատողի, հաստատության այսօրվա վիճակը. պարտեզի կառուցումով-գործարկումով բարելավվում է յուրաքանչյուրի կենսագործունեությունը։ Պարտեզի գործարկումով թաղամասը՝ որպես միջավայր կդառնա ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի պահանջով ամբողջովին ներառական, ՀՀ քաղաքաշինության մասին օրենքի պահանջին համապատասխան՝ «հաշմանդամների համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներից անարգել օգտվելու` օրենքից բխող պահանջների իրականացում» (հոդված 10)։

Քաղաքացիական նախաձեռնությունը գործում է: Կրթական պարտեզի շահառուներ, ճարտարապետներ Արտավազդ Թարխանյանը, Արամ Կիրակոսյանը ստանձնել են Կրթական պարտեզի նախագծման ճարտարապետական լուծում պահանջող խնդիրների լուծումը. գործը թափով առաջ են տանում: Կրթական պարտեզի նախագծի հետ տեղում մանրամասն ծանոթացել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Կրթական պարտեզը՝ որպես պիլոտային ծրագիր, տարածում կգտնի ոչ միայն Երևանի, այլև Վանաձորի, Գյումրիի, Կապանի, այլ քաղաքների բնակելի զանգվածներում: Կրթական պարտեզի առաջարկի սաղմնավորման փուլում իր աջակցությունն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախաձեռնությանն իր օրհնությունն է բերել Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:  

Կրթական տարածքին առնչվող, թաղամասի ուսումնական հաստատությունների նպատակային-անհատույց օգտագործման իրավունքով պատկանող տարածքները Երևանի քաղաքապետարանի սեփականությունն են: «Կրթական պարտեզը» գործում է որպես քաղաքացիական նախաձեռնություն: Երևանի քաղաքապետարանի նպատակային հատկացումներից բացի, կրթական պարտեզում 50/50 սկզբունքով կներառվեն կամավորական միջոցներ, ինչպես աշխատանքի, ծառայությունների, ապրանքների, այնպես և դրամական ձևով: «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը ոչ միայն գործուն մասնակցում է, այլև Կրթական պարտեզի աջակիցների մեջ ներգրավում է ոչ կառավարական այլ կազմակերպությունների, ինչպես «Մանուկներ Հայաստանի», «ԻԴԵԱ», «Կրթասեր», «ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն», «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամ և այլն։ Կրթական պարտեզը ներառված է կրթահամալիրի և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի միջև համագործակցության պայմանագրում։ 

Նախագծի հանրայնացման շրջանում «Բանգլադեշ անիվների վրա» նախաձեռնությունը լայն արձագանք գտավ քաղաքում, թաղամասում։ Դրա ազդեցությամբ իրականացվեց և գործում է առաջին մանկապատանեկան հեծանվային ակումբը, ապահով հանրակրթական հեծանվաուղին։ «Ideal Bikes in Armenia»-ի աջակցությամբ ստեղծվում է հեծանվային բաց արհեստանոց, որը կսպասարկի կրթական պարտեզի հեծանվավոր, սայլակավոր շահառուներին։

«Սեբաստիա» մարզադաշտը, որը կառուցվեց-բարեկարգվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աջակցությամբ, այսօր բաց է թաղամասի բոլոր տարիքի բնակիչների համար. հեծանիվ, վազք, բացօթյա-մարմնամարզության, լողափնյա վոլեյբոլ, ֆուտբոլ, նետաձգություն, ռազմամարզական խաղեր, հրաձգություն... 2014-2015-ին անցկացվեց ամենամյա «Բանգլադեշ-արվարձան» պլեները, որին մանակցեցին սովորողներ, ուսուցիչներ Արցախից, Վրաստանից, մարզերից։ Պլեներն ուղղակի ազդեցություն ունեցավ շրջակա միջավայրի վրա ոչ միայն կրթահամալիրի տարածքում. դրա շրջանակում սովորողները մասնակցեցին Բ-4 թաղամասում Յու. Բախշյանի անվան մանկական այգու բարեկարգմանը, Բ-1 թաղամասում իրականացվեցին ձևավորման առանձին ակցիաներ։

Ամեն ամառ՝ հունիսի 1-ից սեպտեմբերի վերջը գործում են կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզների բաց լողափերը,  2016թ. կգործարկվի նաև պատանեկան բացօթյա լողավազանը... 2016թ. նախատեսվում է անցկացնել ռազմամարզական ազգային խաղերի բաց առաջնություն դեռահասների համար, մարզական բաց խաղեր ուսուցիչների համար...

2015-ին նորոգված կրթահամալիրի բրուտանոցը, գործարկված հայրենագիտական-արշավախմբային կենտրոնը, ձիասպորտի կենտրոնը բաց են. թաղամասի բնակիչներն անարգել օգտվում են, կարող են օգտվել դրանցից։

Ինչպես հաշվել է կրթահամալիրի քոլեջի ուսանող Աննա Պետրոսյանը, Րաֆֆու պողոտայից թաղամասի հյուսիս-հարավ ուղղությամբ դեպի Մայր դպրոց և թիվ 181 դպրոց տանող մի կողմի նոր կառուցապատված աստիճանները 98-ն են, դրան զուգահեռ երկարաժամկետ անհայտ պատճառներով արգելափակված և աղբանոցի վերածված աստիճանները՝ 142,Անդրանիկ Զորավարի փողոցի կողմից քոլեջից թիվ 181 և Մայր դպրոց՝ արևելք-արևմուտք ուղղությամբ աստիճանները՝ 52...

«Կրթական պարտեզ» նախագծի տեսլականով ոգևորված ծնողների, բնակիչների, ուսուցիչների և սովորողների միջոցով բարեկարգվում են Նոր դպրոցի պարտեզի բակը, Քոլեջի բակային տարածքը, նրանց արանքում ընկած հողակտորի վրա հիմնվել է «Սեբաստիա» ուսումնական փորձարարական պտղատու այգին... Էապես բարելավվել-կանաչապատվել է Գեղարվեստի դպրոցի բակային տարածքը: Ցանկապատերի վերացումը թիվ 181 և Մայր դպրոցների իրար նայող հողային տարածքներից, հնարավորություն տվեց ստեղծել թաղամասի բնակիչների համար կենսական նշանակության զբոսայգի:

«Կրթական պարտեզ» քաղաքացիական նախաձեռնությունը համալրվում է նորանոր ակտիվիստներով: Թաղամասի բնակիչ Անահիտ Մելքոնյանը բացել է «Կրթական պարտեզ արվարձանում» ֆեյսբուքյան էջը, որին սկսել են ակտիվ արձագանքել տասնյակ շահառուներ, սովորողներ և ուսանողներ...

«Կրթական պարտեզ» նախագիծը, իհարկե, տարիների ծավալուն աշխատանք է, բայց որոշիչը 2016-ի աշխատանքն է, որը ապահովելու է արդեն քաղաքացիական նախաձեռնության ցանցի ստեղծումը ըստ շենքերի, ենթաթաղամասերի, երբ ամեն մի շենք, խաղահրապարակ, հատված, կապվում է նախագծի հետ, ներառվում է նախագծում և լուծում է կոնկրետ խնդիրներ։