Նկարագրություն:
Էկոտուրի ամփոփիչ ակորդը մեր ուսումնական ճամփորդությունն էր դեպի Դիլիջանի շրջանի Աղավնավանքի վանական համալիր: Գողտրիկ եկեղեցի է համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին:Կիսավեր հայկական վանքային համալիրը 11-12-րդ դարերի կառույց է Հայաստանի Տավուշի մարզի համանուն գյուղում։ Հայտնի է նաև Անապատ Սբ. Աստվածածին և Աղնաբաթի վանք անուններով։ Գտնվում է Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կենի (կարմրածառ) ծառատեսակով։
Եկեղեցին փոքրաչափ կենտրոնագմբեթ կառույց է՝ ավանդատներով։ Կառուցված է դեղնավուն, սրբատաշ չեչաքարից։ Որմնասյուները միացնող կամարներն իրենց վրա պահում են գմբեթը, որն ավարտվում է սրածայր վեղարով։ Արևելյան ճակատին փորված է երկու եռանկյունաձև խորշ։ Գմբեթի վեղարը և եկեղեցու տանիքը ծածկված են եղել սրբատաշ սալաքարերով, որոնցից մի քանիսն են պահպանվել տանիքին, իսկ վեղարն ամբողջությամբ մերկացել է։ Թափվել են նաև քիվի ձևավոր քարերը։ Հուշարձանից դեպի հարավ պահպանվել են բազմաթիվ կառույցների մնացորդներ, որոնք, հավանաբար, եկեղեցու միաբանության բնակելի և տնտեսական շինություններն են եղել։ Եկեղեցու վիմագրությունն աղքատիկ է։ Ավանդատների արևմտյան ճակատներին փորագրությունների հետքեր կան, որոնց տառաձևերը բնորոշ են 11-12-րդ դարերի վիմագրության արվեստին։ Եկեղեցին գործող չէ, սակայն տարիներ առաջ հրավիրյալ քահանան մկրտության արարողություն է անցկացրել Աղավնավանք գյուղի չմկրտված բոլոր բնակիչների համար։ Եկեղեցին այսօր ունի բազմաթիվ այցելուներ, որոնք իրենց ուժերով ձևավորել են խորանը։ Այստեղ մշտապես կատարվում է մոմավառություն։