• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մտածողության համատեքստը

Կոնստանտին Շերեմետև

Մտածողության համատեքստը

Եկեք այսօր խոսենք այնպիսի կարևոր մի բանի մասին, ինչպիսին մտածողության համատեքստն է։ Մտածողության համատեքստի սխալը բերում է նրան, որ ձեր ամենակարող միտքը կորցնում է իր ուժը և ձեր մտածողությունը դառնում է միանգամայն անիմաստ։ Մտածում էիք, մտածում, բայց՝ իզուր։
Մտածողության համատեքստն արդյունքն է, որին դուք ուզում եք հասնել մտածողության շնորհիվ։
Ավելի կոնկրետ՝

  • որ փաստերն եք դուք ընտրում
  • որ հարցերի պատասխաններն եք փնտրում
  • ինչի վրա եք հենվում
  • ինչն եք համարում վերջնական նպատակ

Կյանքն անսահման տարբեր տեսակների է։ Ձեր շուրջը ծով տեղեկություն է։ Եթե մտածողության համատեքստը ճիշտ չի ընտրված, դուք պարզապես կխեղդվեք տեղեկությունների այդ ծովում և ոչնչի չեք հասնի։ Օրինակ՝ մտածում եք ամառային հանգստի մասին։ Հրաշալի բան է, բայց հենց սկսում եք մտածել, պետք է լինում միանգամից որոշել, թե ինչն եք քննարկում։ Չէ՞որհանգստիտարբերակներըշատեն.

  • կարող եք պառկել տաք ավազին
  • ուսապարկով շրջել սարուձորերի կածաներով
  • այցելել ճարտարապետության հրաշալիքները և այլն

Մինչև չկողմնորոշվեք՝ հանգստի որ տեսակն եք հիմա քննարկում, ոչ մի տեղ էլ չեք գնա։ Որքան կոնկրետ եք պատկերացնում ձեր երազանքը, այնքան մեծ է դրա իրականացման հավանականությունը։ Բայց սա էլ դեռ բոլորը չէ։ Հանգստի քննարկումը պահանջում է մի շարք ավելի փոքր հարցերի պատասխաններ.

  • հանգստի տեղի որոշում
  • տուրիստական գործակալության ընտրություն
  • վիզաներ, տոմսեր, փաստաթղթեր
  • հետը վերցնելիքը և այլն

Մտածողության համատեքստը անընդհատ սեղմվում է և դառնում ավելի ու ավելի կոնկրետ։ Մտածողության այս հնարքը կիրառելի է կենցաղային բացարձակապես բոլոր խնդիրներում՝ աշխատանքում, կյանքի ընկեր փնտրելիս, գործ հիմնելիս և այլն։
Իսկ հիմա՝ մտածողության թակարդը. հենց դուք սկսում եք տեղեկություն հավաքել և հարցուփորձ եք անում ուրիշ մարդկանց ձեր մտածողության համատեքստում, նրանք սկսում են պատասխանել իրենց մտածողության համատեքստում։ Եվ, եթե խախտեք համատեքստը, ձեր ցանկություններն այդպես էլ երբեք չեն իրագործվի։
Սա ավելի է խորանում նրանով, որ մեր մշակույթում շատ են կեղծ համատեքստերը։ Դրանք նման են շարժվող ավազի։ Ոտք դրիր վրան՝ սկսում ես խրվել խոնավ կեղտի մեջ, որտեղից էլ չես կարող դուրս գալ։
Կեղծ համատեքստերը շատ են։ Ո՞րոնք են դրանցից ամենավտանգավորները։  

Քաղաքական համատեքստ

Շատ ափսոս, որ բոլոր նրանք, ովքեր
լավ գիտեն, թե ինչպես պետք է
ղեկավարել Ռուսաստանը, մշտապես զբաղված են
ֆորումներում հիմարություններ գրոտելով։

Մտածողության ամենատարածված համատեքստը քաղաքականության մասին քարոզչի պես մտածելն է.

  • Ռուսաստանի առանձնահատուկ ուղին
  • Ռուսաստան և ԱՄՆ. ո՞վ՝ ում
  • Պատգամավորները (իշխանությունը, նախագահը) արդեն համը հանեցին և այլն։

Խոսքային մարտեր, ֆորումային պատերազմներ, խոհանոցային սկանդալներ… սրանք բոլորը խելքից դուրս ջանք ու ժամանակ են տանում։ Իսկ արդյո՞ւնքը։ Արդյունքը՝ զրո։ Հարց. ձեր ինչի՞ն է դա պետք։ Ի՞նչ իմաստ ունի քննարկել մի բան, ինչը ձեր կյանքի վրա ոչ մի ազդեցություն չի ունենալու։ Եթե կարծում եք, որ քաղաքականությունը կարևոր բան է, գնացեք ու արհեստավարժորեն քաղաքականությամբ զբաղվեք։ Դարձեք ձեր ավանի պետը և հասցրեք այն արտասովոր բարձունքների։
Եթե չեք ուզում, ուրեմն պետք չէ նաև այդ թեմայով մտածել։  

Ազգային համատեքստ

Հենց ընդդիմախոսը սպառում է փաստարկները,
սկսում է ճշտել ազգությունը
Արկադի Դավիդովիչ

Մտածողության ամենաանկայուն ու վտանգավոր համատեքստը մտքին դրա արտահայտողի ազգության մասին ցուցումն ավելացնելն է։ Այդտեղ միանգամից կորչում է մտքի ճշմարտացիությունն ու սկսվում է ազգային հարաբերություններ պարզելը։
Հարաբերություններ պարզելն անիմաստ է, որովհետև վեճը ոչ մի արդյունք չի տալիս։ Մարդը, միևնույն է, չի կարող փոխել իր ազգությունը։ Ոչ էլ հնարավոր է ճշգրիտ որոշել մարդու ազգությունը. շատ են խառն ամուսնությունները։
Ուրեմն՝ մոռացեք ազգությունների մասին և կենտրոնացեք ձեր նպատակի վրա։  

Սոցիալական անհավասարության համատեքստ

Ազատությունը անհավասար լինելու իրավունքն է։
Նիկոլայ Բերդյաև

Սա զարմանալիորեն տարօրինակ թակարդ է։ Բոլորն այս թակարդն ընկնում են։ Ֆորումներում ամենատարածված թեման այն մասին է, թե ինչ անբարեկիրթ է իրեն պահում Բիլլ Գեյթսն ու Forbes-ի ցուցակի մյուս անդամները։
Նորությունը, թե Բիլլ Գեյթսն այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ, ողողել է ողջ համացանցը։ Նրան դուրս է մղել Կարլոս Սլիմ Էլուն։ Այ՛ քեզ կարևոր բան։ Հարկավոր է շտապ քննարկել։ Ու ոչ մեկի գլխում չի ծագում մի տափակ միտք՝ եթե մարդկանց դասակարգենք ցանկացած սկզբունքով` ՝

  • ամենաբարձրահասակը
  • ամենագերը
  • ամենաերկարամազը և այլն

միշտ ինչ-որ մեկը առաջինը կլինի։
Հիմա՝ մի հարց. հետո՞ ինչ։ Անձամբ ձեզ ի՞նչ օգուտ այդ քննարկումից։  

Կրոնական համատեքստ

Կրոնը համոզվածություն է,
որ մեզ հետ կատարվող ամենայն ինչ
ծայրահեղ կարևոր է։
Հենց դրա համար էլ կրոնը միշտ գոյություն կունենա։
Չեզարե Պավեզե

Եվ կեղծ համատեքստերի մեր հիթ-շքերթը եզրափակում է կրոնական համատեքստը։ Կրոնական վեճերի ընթերցումը շատ հետաքրքրական տեսարան է։ Մարդիկ վիճում են մի բանի մասին, ինչը չեն հասկանում, և հիմնավորում են իրենց բառերը թեզիսներով, որոնք իմաստ չունեն։ Դրա համար էլ իրար համոզել չեն կարողանում, և սա շարունակվում է անվերջ։ Այս ճահճից ազատվելը գործնականում անհնար է։ Կրոնական ճահճի կապանքների հիանալի պատկերում է Մարկ Տվենի «Հետաքրքրասեր Բեսսին» պատմվածքը, որը կարող եք կարդալ այստեղ։

Ուրեմն՝ մտածողության ո՞ր համատեքստն է միշտ ճիշտ։ Այն համատեքստը, ուր դուք մտածում եք՝ ինչպես ավելացնել ձեր կյանքում սերը, ուրախությունն ու գեղեցկությունը։

Թրգմանեց Հասմիկ Ղազարյանը