• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շան՝ նկուղից լսվող հաչոցը

Կոնստանտին Շերեմետև

Մի տեղ Նիցշեն գրել է. « Իմաստություն ձեռք բերելու համար պիտի սովորեք ձեր նկուղից եկող վայրի շների հաչոցը լսել»։
Նիցշեի այս արտահայտությունը շատ ուրիշների նման հանրահայտ է դարձել։ Բայց, որպես ինտելեկտը հետազոտող, ես սրան վերաբերում եմ, ինչպես հայկական ռադիոն՝ հայտնի անեկդոտում.
Հայկական ռադիոյին հարցնում են.
-Ճի՞շտ է, որ Պողոսը վիճակախաղով տասը հազար է շահել։
-Ճիշտ է,- պատասխանում է հայկական ռադիոն,-բայց ոչ թե Պողոսը, այլ Պետրոսը, ու ոչ թե վիճակախաղով, այլ պրեֆերանսով, այն էլ ոչ թե տասը հազար, այլ հարյուր ռուբլի, ու չի շահել, այլ տանուլ է տվել։
Ենթագիտակցության խորքերը ոչ թե նկուղ են, այլ գանձերի հեքիաթային քարանձավ։ Եվ պետք է ոչ թե ականջ դնել, թե ինչ ձայներ են այնտեղից գալիս, այլ համարձակ մտնել սեփական հոգու խորքերը։
Ձեր երջանկությունը գտնվում է բացառապես ձեր ենթագիտակցության մեջ։ Նրան էլ ոչ մի ուրիշ տեղ փնտրել չարժե։

Այսբերգի երեսը

Ասումեն՝ երկնքում են դժոխքն ու դրախտը,
Երբ իմ ներսն եմ նայում, տեսնում եմ, որ սուտ է.
Մի փնտրիր ուրիշ տեղ շինությունն այդ երկու
Քո հոգու երկու կեսն են դրախտն ու դժոխքը։
Օմար Խայամ

Մեր գիտակցությունը մեր հոգեկան կյանքի վիթխարի այսբերգի ընդամենը երեսն է։ Մեր ուղեղը գործընթացների օվկիանոս է, որ անդրադարձնում է շրջապատող աշխարհն իր ողջ հարստությամբ։
Գիտակցաբար մենք տեսնում ենք մեզ շրջապատող բաների չնչին մասը։ Գիտակցությունը կարելի է համեմատել սուզանավի շրջադիտակի հետ՝ ջրից դուրս է գալիս ու դեսուդեն նայում։ Ինչ տեսավ՝ տեսավ։ Դա էլ՝ շրջադիտակը, ինքնության գիտակցության հազվադեպ պահեր են։
Իսկ ժամանակի մեծ մասը մենք սուզանավում ենք։ Չգիտեմ ինչու, չգիտեմ ուր ենք գնում։ Բայց եթե ուշադրություն դարձնենք ենթագիտակցական գործընթացներին, որ ղեկավարում են մեզ, միանգամայն ուրիշ պատկեր կտեսնենք։ Հստակ կտեսնեք, որ ձեր տրամադրությունը, ինքնազգացողությունը, հոգեկան հանգստությունը կախված է մանր, շատ մանր իրադարձություններից, որ կատարվում են ձեզ հետ՝

  • մի բան լսեցիր՝ տրամադրությունդ ընկավ
  • մեկը չբարևեց՝ անհանգստացար՝ տեսնես ինչո՞ւ…
  • հայացքդ առավ չլվացած սպասքի դեզին՝ նյարդայնացար։

Եվ այսպես՝ անընդհատ։
Զարմանալի է, բայց այս իրադարձություններից ու անկումներից յուրաքանչյուրը դուռ է դեպի հեքիաթային քարանձավը։ Չէ՞ որ դրանք նշան են, որ դուք մի բան ակնհայտորեն ճիշտ չեք անում։ Եթե փոխեք վարքը, շուրջն ամեն ինչ տրամադրությունը փչացնելու փոխարեն կսկսի ուրախացնել։
Նյարդայնության ու անընկալունակության պահերի միջոցով ենթագիտակցությունը հուշում է, որ դուք շեղվել եք ճանապարհից։ Դուք դադարել եք նկատել ձեր թաքնված պահանջմունքները։

Ճանապարհ դեպի գանձերը
Ուշ ժամին տուն էի գնում,
Գլխիս մի ուժեղ հասցրին.
Գոհ եմ, որ գոնե սաղ մնացի,
Be Happy!
Միխայիլ Բաշկով

Ցավոք, հասարակության հեչ պետքը չի, թե դուք որքանով եք կյանքից գոհ։ Դրա համար նման դեպքերի խորհուրդը մեկն է՝ տիպիկ պոզիտիվ թանձրամտություն.

  • մի՛ թթվիր
  • մի՛ լարվիր
  • թեթև՛ տար… և այլն։

Եթե դուք պոզիտիվներին լսեք, կսկսեք ժխտել, որ ձեր մեջ մի բան սխալ է։ Եվ վերջ։ Հետո փակուղի է։ Դա նույնն է, որ ուշադրություն չդարձնեք, թե նոր կոշիկը ոտքդ խփում է։ Է, ոտքը կարյունոտվի։
Հոգևոր վերքերը նույն կանոններով են ձևավորվում։ Ժամանակին չնկատեցիր, բանի տեղ չդրեցիր՝ գնալով ավելի վատ է լինելու։
Մարդու գլխավոր սխալն այն է, որ երբ հոգևոր անհարմարություն է լինում, դա բարդում է արտաքին հանգամանքների վրա։ Ընդ որում, հաճախ նկատել եմ, որ մարդն իրեն չի ուզում տեսնել նույնիսկ ամենաակնհայտ դեպքերում, երբ պարզ երևում է, որ մարդն ինքն է իր համար խնդիր ստեղծել։ Այն էլ, մտավոր բարդ կառույցների միջոցով մարդը համոզում է իրեն, որ ինքն իրեն անթերի է պահում, ու մեղավորն ուրիշն է։ Չար շրջապատը մի հոգս ունի՝ ինչպես իր կյանքը խորտակի։
Ինչպե՞ս, ուրեմն, վարվել հոգևոր անհարմարության դեպքում։ Ամենագլխավորը՝ հրաժարվեք ձեր իդեալական լինելուց։ Մի պահ հնարավոր համարեք, որ դուք էլ կարող եք սխալվել։ Եվ «շների՝ նկուղից լսվող հաչոցը» իրականում ձեր սեփական ձայնն է։
Ձեզ հարց տվեք. «Իչո՞ւ եմ իմ կյանքի վրա հաչում»։ Այդ ժամանակ կտեսնեք, որ պատճառը դուք եք, որ դուք շատ ուժեղ ուզում եք մի բան, բայց չեք ստանում, որովհետև ձեզ սխալ եք պահում։ Հերիք է՝ փոխեք ձեր վարքը, և կյանքն անմիջապես կդառնա շատ ավելի պարզ ու հաճելի։

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը