• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քարինջ և Ծաղկունք

Արդեն երեք օր է Ծաղկունքում ենք: Ժամանակն այստեղ շատ արագ ու հետաքրքիր է անցնում, բայց միևնույն է, ես կարոտում եմ իմ հարազատ գյուղին՝ Լոռու մարզի Քարինջին:Հիշելով իմ գյուղը՝ որոշեցի գրել ու համեմատել Քարինջն ու ինձ համար արդեն հարազատ դարձած Ծաղկունքը:
Եղնախաղ լեռան ստորոտում տարածվում է չնաշխարհիկ մի գյուղ՝ Քարինջը: Գյուղը շրջապատված է անտառապատ սարերով, ինչը Լոռվա գեղեցիկ բնության մի փոքրիկ մասն է կազմում: Տարիներ առաջ մարդիկ որոշել են ուսումնասիրել այժմյան Քարինջի տարածքը՝ տեսնելու, թե այնտեղ հարմար է բնակավայր հիմնելու համար: Երբ վերադարձել են, նրանց հարցրել են, թե ինչ կար այդ տարածքում, նրանք պատասծանել են. «Քար, ինչ»: Այդտեղից  էլ առաջացել է Քարինջի անվանումը: Մինչև հիմա էլ, ի տարբերություն Ծաղկունքի,  Քարինջի ճանապարհները քարքարոտ են, ինչը գյուղի ամենակարևոր խնդիրներից մեկն է:
Հայաստանում Ծաղկունք անունով երկու գյուղ կա՝ մեկը Էջմիածնի, մյուսը Սևանի շրջանում: Այժմ մենք Սևանի շրջանի Ծաղկունք գյուղում ենք: Գյուղը հիմնադրել են Խոյից, Վանից և Մակուից գաղթածները 1828 թվականին: Ծաղկունքն այն հազվադեպ գյուղերից է, որն ունի գործող եկեղեցի՝ լեռան գագաթին, ինչը չունի Քարինջը: Քարինջում գործում է մանկապարտեզ, բայց Ծաղկունքում բացակայում է այն: Երկու գյուղում էլ 1945 թվականին զոհվածներին նվիրված հուշարձան է կառուցվել, որի մոտ ամեն տարի մայիսի 9-ի կազմակերպվում է միջոցառում: Ինչպես Քարինջում, այնպես էլ Ծաղկունքում ազգային և եկեղեցական տոները կազմակերպվում են ինքնատիպ: Ծաղկունքում ամեն տարի օգոստոսի տասնմեկին կազմակերպվում է թոնրի փառատոն, իսկՔարինջում հետաքրքիր շուքով նշվում է Վարդավառը, մեծ ու փոքր բարձրանում են սարերը, ջրուկ են խաղում, սեղաններ բացում ու լավ ուրախանում:
Ինչպես այսօր իմացա, Ծաղկունքում ճամբարներ կազմակերպելը սկսել են այս տարվանից, իսկ Քարինջում յուրաքանչյուր օգոստոս ամսվա մեկ շաբաթը աշակերտական խորհուրդը կազմակերպում է բակային ճամբար, որին ամեն տարի անհամբերությամբ սպասում են երեխաները, ու դա գյուղական կյանքին մի նոր շուք է տալիս: Ճամբարի վերջում նրանք ձեռք են բերում լավ ընկերներ և նոր գիտելիքներ: 
Ինչպես ես նկատեցի, մեր մարզում կա արտահայտված բառբառ, ինքնատիպ երգեցիկ խոսակցական, բայց Ծաղկունքում այդքան արտահայտիչ բառբառ չկա:
Չգիտեմ, այսպես կարող եմ երկար համեմատել, պատմել ու պատմել: Բայց կուզեի ասել, որ իրոք հետաքրքիր էր նոր վայրում լինելը, նոր մարդկանց ճանաչելը, համեմատելն ու վերլուծելը:
Ուխխ, ի՜նչ լավն է մեր ճամբարը: