• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մարդիկ չկա՞ն

Ստորև ներկայացվող բովանդակային տեքստի հեղինակը Վիկա Մարկոսյանն է: Տիգրան Հայրապետյան օրերին ընդառաջ, հաճախ կլինեն հրապարակումներ, թարգմանություններ, գրախոսություններ, որոնք նվիրված կլինեն Տիգրան Հայրապետյանի գործին և ժառանգությանը: Համանուն գրադարանին առաջարկում եմ ընտրել այդ նյութերից և հարստացնել մեդիագրադարանի ֆոնդը: Շարքը բացում է Վիկա Մարկոսյանը:

Տիգրան Հայրապետյանը ծնվել է 1964 թվականին, մարտի 18-ին, մահացել 1999-ի մարտին:
Հասցրել է շատ հոդվածներ գրել-հրատարակել: Դրանց մի մասն այսօր տպագրվել է Տիգրան Հայրապետյանի երկու գրքերում, որոնք տպագրվեցին միայն նրա մահվանից հետո:
Այսօր նա հայկական շրջանակում քիչ հայտնի է, բայց չի նշանակում, որ արտահայտած մտքերը պակաս արժեքավոր են:
Հայրապետյանը քաղաքագետ է, ով կարողացել է կանխատեսել ոչ թե մեկ-երկու, այլ գոնե տասը տարվա կտրվածքով: 1995 թվականին գրված հոդվածները կարդում ու մտածում՝ ճիշտ այսօրվա մասին է:

Մարտի 18-ը մոտենում է և նեղ (խելացի) շրջանակներում սկսում են վերհիշել Տիգրան Հայրապետյանին, կարդալ գրածները, քննարկել, նշել ծնունդը, և նրա ստեղծած արժեքները ավելի լայն շրջանակներին հասցնել: Ու ես որոշում եմ վերցնել «Անապատի հազար տարի» գիրքը, տեսնել՝ ինչ կա էստեղ: «ԱՅԲ»-ից «ԺԵ» գլուխներում մի շարք հոդվածներ, մի քանի հարցազրույցներ են ներառված:
Աչքի զարնողը «ԺԵ» գլուխն է, «Մարդիկ չկա՞ն» վերնագրով (չնայած «ԸԹ»՝ «'' The show must go on'' կամ մի տարեք մեզ ի փորձություն»-ն էլ էր լավը): Կարդում եմ, որոշում մի քանի հոդվածի անդրադառնալ:
Ոճը հետաքրքիր է, չկրկնվող, ասելիքը՝ առանց անիմաստ նկարագրությունների: Համոզվենք օրինակներով:
«Խղճի խայթիկ» (բոլոր նրանց, ով դեռ ապերիկ է): Վերլուծելու կարիք չկա: Հասկանում ես՝ Տիգրանը որպես լրագրող էլ անկախ է եղել, սուբյեկտիվ, միևնույն ժամանակ հետաքրքիր, ինֆորմացիայի հետ աշխատող, ոչ թե այն հորինող ու չափազանցնող: Եվ հենց սա է նրա հետաքրքիր, սովորեցնող լինելու գաղտնիքը: Մեջբերում, ու անցնեք առաջ. «Սուտ է, ոչ Հաբեթը, ոչ Հայկը, առավելևս՝ Թորգոմաց տունը հայ ժողովրդի ծագումնաբանության հետ ոչ մի կապ չունեն: Թովմայի սերունդն եք, որ անմահացավ իր անհավատության շնորհիվ, այլապես որտեղից խաչվածների վերքերի մեջ փորփրելու ձեր անհաղթահարելի մոլուցքը…»:
Հաջորդը «Մարդիկ չկան»-ն է: Սա քաղաքականության հետ գրեթե կապ չունի: Ամբոխի մասին է: Նրանց Աստծո հետ ունեցած կապերի, նրանց տեսակի, որակի մասին: Ամբոխը չի հասկանում, նա միայն գիտի, որ պիտի լինել ինչպես բոլորը, և ոչ ոք մարդկանց առկայության պահանջը չի զգում և բոլորը բերկրանք են ապրում նրանց բացակայությունից: Ու… Իսկապես մարդիկ չկան:
Մյուս կողմից էլ «եթե մարդիկ չկան, ուրեմն պետք է հնազանդվել Խոսքին և թույլ տալ, որ մեռելները թաղեն իրենց մեռելներին…»:
Պարզ չէ՝ մարդիկ կան, թե՞ չէ, բայց Հայրապետյանը կարծում է, որ դեռ կան «հազարավորներ, ովքեր դեռ Գազանի դրոշմը չեն առել իրենց ճակատին»: Հուսադրող է, անգամ՝ համամիտ եմ:

Վերջինը «Դու ինձ չես հավատում»-ն է: Սա վերլուծելու կարիք չկա և մեջբերելու կարիք նույնպես (ամբողջ նյութը կարելի է մեջբերել, իսկ վերլուծելը… մի ուրիշ, առանձին անգամ): Բայց տպավորված եմ, ուզում էի խորհուրդ տալ, որ կարդաք:

Կուզեք՝ որպես ապագա լրագրողի, կուզեք՝ ուղղակի դպրոցում սովորող մեկի, կուզեք՝ չձևավորված անհատականության, կուզեք՝ ուղղակի իմ կարծիքով, Տիգրան Հայրապետյանը իսկապես սովորեցնող է, իսկապես մտածելու տեղիք տվող, իսկապես նոր որակ է հայկական լրագրողական, քաղաքագիտական ասպարեզում ու իսկապես ասելիք ունի:

Հ.Գ. Որոշել էի երբեք այս արտահայտությունը չօգտագործել, բայց անկեղծ՝ հասկանում եմ, որ Տիգրան Հայրապետյան տեսակի պակասն այսօր շատ ունենք…
Եվ Մարդիկ կան…