• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լիլիթ Բլեյան. հեքիաթային ձայնով մտածողը

Հեղինակ-կատարող, հեքիաթային ձայնով Լիլիթ Բլեյանը մեզ հետ հարցազրույցում խոսում է իր երգերի, Լիլիթ-մամայի, լրագրող-բանասեր Լիլիթի, լայնադիտակ ստեղծելու անհրաժեշտության, երաժշության և լեզվի կապի, պոեզիայի և իր ստեղծագործական ուղղու սկզբին Ռուբեն Հախվերդյանի մեծ դերի մասին:

– Ե՞րբ Լիլիթը որոշեց երգեր գրել:

 

-Մանրամասները չեմ հիշի, շատ փոքր էի… խոսելուն զուգահեռ եմ սկսել երգել, գրել: Կարող եմ հստակ հիշել՝ երբ եմ ձայնագրել առաջին երգս: 2010 թ. էր, երբ առաջին «Սպասող գնացքներ»/Waiting trains երգս թողարկեցի: Սա կապված էր հատկապես փոքր աղջկաս ծնունդի հետ, որովհետև աղջիկս և երգս զուգահեռ ծնվեցին:
Երգերիցս շատերը աղջկաս օրորելիս են ծնվել: Այս մեկն էլ բացառություն չէր: Սկզբում ինձ մոտ մեղեդին հայտնվեց, հետո հիշեցի էն սիրուն տեսարանները, որոնք ինձ կախարդել էին, երբ ամուսնուս հետ գնացքով Բեռլինից Պրահա էինք գնում: Էդ տեսարանները, եվրոպական գյուղերի էդ պարզ շքեղությունը: Փորձեցի պատկերացնել՝ ինչ կլիներ, եթե էդ գնացքով գնալիս լինեի ինչ-որ մեկի մոտ, որն ինձ սպասում է…

«Ամենահաջողված երգերն այն երգերն են, որոնք գրվում են միանգամից՝ բառերի և մեղեդու համակցությամբ»:

«Ամուսինս՝ Վահեն ինձ համար իսկական ընկեր է, իրեն ունենալը հազվադեպ երջանկություն է: Ինքը միշտ պնդում է, որ եթե երգերը գալիս են, ուրեմն դրանք անպայման պիտի գրվեն: Սիրում է լսել երգերս: Ես անջատում եմ երգերս, ինքն էլի է միացնում: Ասում եմ ՝ էդ աղջկա ձայնն անջատի, արդեն հոգնել եմ… միևնույն է ինքն էլի միացնում է»:

-Իսկ ինչպիսի՞ն է Լիլիթ մաման:

-Ես աշխատում եմ մեղմել ներսիս տագնապները, որովհետև երեխաների հետ կապված հարցերում մայրիկների մոտ առաջին պլանում միշտ այդ տագնապն է: Աշխատում եմ, որ էդ տագնապը, որն իրականում իմ խնդիրն է, չխանգարի իրենց ազատությանը: Այդպիսով իրենք դառնում են մարդիկ, որոնք ունակ են ինքնուրույն որոշումներ կայացնել, որոնք իրենց կարծիքի կարևորությունը հասկանում են ինչպես դպրոցում, այնպես էլ տանը: Նաև փորձում եմ իրենց ճանաչել՝ հասկանալով, որ ինչքան էլ փորձեմ նրանց ինչ-որ բաներ սովորեցնել, իրենք լրիվ ինքնուրույն մարդիկ են և ծնվել են արդեն իրենց բնավորությամբ, ճաշակով, ցանկություններով: Ես առաջարկում եմ, երբեք չեմ պարտադրում և փորձում եմ իրենց համար ընկեր լինել, այնպես, ինչպես իմ ծնողներն են ինձ համար ընկեր:

– Լրագրող-բանասեր Լիլիթ Բլեյանը. Ի՞նչ են Ձեզ տալիս այս մասնագիտությունները երաժշտական ոլորտում աշխատելիս:

-Ես երկար ժամանակ տրվում էի այն հարցերի ճնշմանը, որոնք հակադրում էին երգեր գրելը օրինակ մասնագիտական կրթությանը: Ու ինձ էլ էր թվում, որ դրանք իրար հակասող բաներ են: Իրականում հետո հասկացա, որ, երբ համադրման ճանապարհով ես գնում, ավելի մեծ օգուտ ես ստանում: Իսկ համալսարանական կրթությունս, որը ստացել եմ որպես լեզուների մասնագետ, ինձ միայն օգնել է: Կարողացել եմ ավելի խորը հասկանալ և ճանաչել լեզուները, ինչի շնորհիվ էլ կարողանում եմ երգեր ստեղծել էդ լեզուներով: Դա մի նոր ազատություն է ինձ տվել երգերի և երաժշտության մեջ:

Լրագրությունն էլ ինձ մի շատ մեծ բան է տվել՝ ճշգրտության կարևորության զգացողությունը: Ես ստիպված եմ եղել աշխատել փաստերի հետ և հաշվի եմ նստել դրանց հետ: Ես սովորել եմ պատասխանատու լինել ամեն ասածս բառի համար ու այդ նույնը զարմանալիորեն փոխանցվում է նաև երգերին: Երգերի մեջ պատահական բառեր չեմ դնում, եթե ինչ-որ բառ ինձ չի համոզում, ես էդ բառի հետ մինչև վերջ կռիվ եմ անում: Մի քանի երգ ունեմ, որոնք էդպես էլ մի քանի բառի պատճառով տուժել են և չեն ձայնագրվել: Երևի ենթագիտակցաբար փորձել եմ էն դրականը, որ կա նշված ոլորտներում, փոխանցել երգերին: Մանավանդ, որ դրանցից յուրաքանչյուրի դեպքում էլ լեզվի և խոսքի հետ եմ աշխատում:

-Դուք երգեր եք թարգմանում և դա անում եք այնպես, որ երգի օրիգինալ տարբերակը չլսած մարդուն թվում է՝ դա հայերեն երգ է: Խոսենք թարգմանությունների մասին:

-Երգը պիտի իմը լինի, որ ես այն թարգմանեմ: Եթե ես զգում եմ, որ դա այն երգերից է, որոնք ես կարող եմ կատարել, ուրեմն, կարող եմ նաև թարգմանել: Ես թարգմանում եմ միայն ֆրանսերենից, որովհետև ֆրանսերենն ու հայերենը ամենամոտն են իրենց ռիթմիկ կառուցվածքով, գոնե այն լեզուներից, որոնց ես եմ քիչ թե շատ տիրապետում: Բացի այդ, ֆրանսերեն երգերի մեջ շատ հարուստ ու հետաքրքիր տեքստային պատկերներ կան: Այդ երգերի հետ հետաքրքիր է, դրանց հետ չես ձանձրանում: Հիմնականում թարգմանում եմ Բրելի և Բարբարայի գործերը, նաև՝ Ադամոյի քնքուշ գործերից մի քանիսը: Թարգմանել եմ նաև Պիաֆի կատարումներից: Արդյունքում երգերի պատմությունները փոխադրել եմ հայերենի՝ այդպիսով հարստացնելով հայկական լսադարանը: Առաջին խնդիրը, որ ինքս իմ առաջ դրել եմ հայալեզու երաժշտական կոնտենտը հարստացնելն է:

-Այսօր շատերը, այդ թվում նաև Դուք, երգեր են ստեղծում արդեն դասական դարձած պոեզիայից: Ինչպե՞ս ճիշտ կպնել այս գործերին:

-Ես երգում եմ Չարենցի գործերից մի քանիսը, որոնք սպոնտան, չնախատեսված եմ գրել, «Կապույտը», «Ոսկին»…:
Պոեզիան իր մեջ արդեն ունի երաժշտություն: Երաժշտական չափերը ծնվել են պոետիկ չափերից: Չափածո գործն արդեն ունի երաժշտական կառուցվածք: Հատկապես Չարենցի գործերն իր մեջ ի սկզբանե ունեն ամբողջական ռիթմիկ համակարգը: Ինքը մեզ ամեն ինչ տվել է, մեզ միայն մնում է լսել այն երաժշտությունը, որ տեքստի մեջ կա: Պետք է ուղղակի ազնվորեն կարդաս ու հետևես հեղինակի արած բոլոր շեշտադրումներին: Ես շատ եմ սիրում «Դինջեր» խմբի գործերը. Իրենք շատ լավ են բռնում չարենցյան ռիթմը՝ մեծ հաշվով ոչինչ չավելացնելով: Իրենք երգում են էն, ինչ Չարենցն է գրել:
Ես էլ հենց համարձակվում եմ դիպչել Չարենցի գործերին, ուղղակի վերցնում եմ և կարդում, հետո սկսում եմ երգելով կարդալ՝ իմ ներքին հարմոնիաներն ու թեթև նոտաներն ավելացնելով: Մի քիչ խուսափում եմ վերցնել հեղինակի գործն ու լրիվ փոխել այն:
Օրինակ՝ լսեք ռոմանտիզմի շրջանում գրված գերմանական հրաշք Lieder-ը (art song –ի գերմանական տարբերակը՝ երգեր, որոնք գրվում են պոեզիայի հիման վրա)․ դրանք հիմնականում մոնոդիկ գործեր են՝ գրված ձայնի և մեկ գործիքի համար: Երաժիշտը, որքան էլ շքեղ մեղեդի ստեղծի, այստեղ շեշտը դնում է տեքստի վրա, ասես ասում է՝ լսեք, թե ինչ է գրել բանաստեղծը:

-Աղջկադ՝ Սոնայի հետ վերջերս երգ եք դարձրել Թումանյանի «Ամպն ու սարը»:

 

-«Ամպն ու սարը» դեռ չորս տարեկանում եմ երգ դարձրել: Մայրիկս երաժիշտ է ու միշտ նոտագրում էր այդ տարիքում գրածս երգերը: Վերջերս քանի որ Թումանյանի 150 ամյակն էր, մոտենում մտածեցի, որ կարող ենք այս երգը փորձել գործիքավորել: Ուղարկեցի Տիգրանին՝ գործընկերոջս, ասացի՝ դու էլ մտածիր՝ ինչ կարող ենք անել: Տիգրանն էլ լսեց, լսեց, ասաց՝ արի Սոնայի հետ երգիր սա: Գիտի, որ Սոնան երգել սիրում է, դպրոցում ակտիվ մասնակցում է երգչախմբի դասերին, ջութակ է նվագում…
Այսպես, Տիգրանը կարողացավ կտորները երգում այնպես դասավորել, որ այն հարց ու պատասխանի տեսք ստացավ: Սոնան շատ ուրախացավ, ասում էր՝ իսկական միկրոֆոնո՞վ եմ երգելու… Ասում եմ՝ հա, իսկական միկրոֆոնով ես երգելու:

-Խոսենք լեզվի և երաժշտության կապի, լեզվական ռիթմի և մարդկային ձայնի և դրա առանձնահատկությունների մասին. Գիտեմ, որ բավական երկար ժամանակ է ինչ խորը ուսումնասիրություններ եք անում:

-Ես ընդհանրապես առաջինը չեմ, որ ուսումնասիրում է այս թեման: Շատերն արդեն բավական մեծ աշխատանք են տարել այս ուղղությամբ: Ցավում եմ միայն, որ այս աշխատանքը մեզ մոտ կիրառական գործածություն այդպես էլ չի գտնում, ես անընդհատ լսում եմ երգեր, որտեղ հայերենը սխալ է գործածվում, մի տեսակ իմիջայլոց ենք վերաբերվում լեզվական ռիթմին: Օրինակ՝ եթե խոսեմ սխալ շեշտադրումներով, լսելի չի լինի: Նույնը նաև երգերի մեջ է, ուղղակի սովորել ենք ու սկսել ենք հանգիստ տանել: Կոմիտասը շատ կարճ ձևակերպել է.

«Ժողովուրդը երգում է այնպես, ինչպես խորհում է և խոսում»:

Օրինակ ես չեմ հասկանում՝ ինչու ենք մենք լեզվին գրքերում, գրական ստեղծագործությունների մեջ ավելի լուրջ, իսկ երգերում՝ էսքան անլուրջ մոտենում: Եթե լեզուն կարևոր է, ապա կարևոր է ամեն տեղ: Իսկ լեզվի ու երաժշտության կապն էնքանով է խորը, որ իրենք մեծ հաշվով գալիս են նույն աղբյուրից: Երկուսն էլ մտքեր արտահայտելու տարբեր միջոցներ են:
Մենք նման մտքերի կհանդիպենք մեծ մտածողների, օրինակ՝ Հումբոլդտի գործերում, որտեղ խոսվում է նախասկզբի մասին. այստեղ ձևավորվում է միտքը, որն ինչ-որ մի ձևով պիտի դուրս գա՝ կապ չունի՝ երաժշտության, թե խոսքի ձևով: Դա, միևնույն է, նույն մարդու մտքի արտահայտությունն է: Երաժշտությունը ոչ թե միայն ժամանցի, այլ առաջին հերթին մարդու մտածական գործունեության հետ է կապված:
Մենք մեր մտքերին էլ ենք անլուրջ վերաբերվում, ընդհանրապես հետաքրքիր մտքեր շատ քիչ եմ սկսել լսել: Որքան հետաքրքիր երգերն են պակասում, երևի  դրան համարժեք պակասում են նաև հետաքրքիր մտքերը: Լեզվի սխալ գործածությունն էլ է բերում նրան, որ հետաքրքիր մտքերը պակասում են:
Լեզվին շատ անփույթ ենք վերաբերվում: Այն մեզ համար սեղան սրբելու կտորի պես բան է դարձել:

-Ասում եք՝ լայնադիտակ է պետք հորինել, ինչո՞ւ:

-Շատ նեղ ենք նայում ամեն ինչին: Զարմանալիորեն՝ շարունակում ենք խողովակի միջով նայել ու փնտրել հենց էն կետը, որ մեզ պետք էր ու բաց թողնել էն կողքինը: Պատճառը երևի վախերն են: Եթե սկսենք ավելի լայն նայել գուցե տեսնենք բաներ, որոնք մեզ դուր չգան, և մենք նախընտրում ենք տեսնել միայն այն, ինչ ուզում ենք, և, ինչը որ հաստատում է մեր մտքերը, և չտեսնել այն, ինչ որ գուցե հակառակն է հաստատում: Լայն նայելը շատ ավելի հետաքրքիր է:

-Ռուբեն Հախվերդյանի դերը Լիլիթ Բլեյանի ստեղծագործական կյանքում:

-Մի անգամ գրածս երգերը ցույց տվեցի, ասացի՝ ի՞նչ ես կարծում, ո՞ւմ տամ երգի, ասաց՝ ո՞նց ում տաս, հենց դու էլ պիտի երգես: Հենց էդպես, հրամայական տոնով: Ու այնպես ստացվեց, որ հենց իր գործիքավորողը երգերս գործիքավորեց: Հետո սկսեցինք Տիգրան Տեր Ստեփանյանի հետ ստեղծագործել, որը երկար տարիներ Ռուբիկի հետ էր աշխատում: Մի անգամ ասաց՝ քեզ եմ նվիրել Տիգրանին, ես էլ էդ նվերը սիրով ընդունեցի: Տիգրանի հետ աշխատելու շնորհիվ ես, որպես ստեղծագործող, շատ փոխվել եմ։ Ռուբիկն իմ կյանքում, ստացվում է, իրոք բավականին մեծ դեր է խաղացել:

-Լիլի՛թ, լսարանիդ համերգ է սպասվում, կբացե՞ս չակերտները:

-5 տարի առաջ, ապրիլին տեղի ունեցավ մեր առաջին համերգը: Հենց սա էր մեր կենդանի համերգների սկիզբը: Ու քանի որ Տիգրանն էլ Բրյուսելում է ապրում և այս օրերին պիտի գար, մտածեցի, որ կարող ենք էլի ապրիլին մի փոքրիկ համերգով հանդես գալ: Հենց էդպես էլ կոչվում է՝ «Փոքրիկ համերգ՝ փոքր թատրոնում»: Սպասում ենք ապրիլի 18-ին…

Նյութի աղբյուրը։

Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի