• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի հյուրը

Գերալդ Քյոլլերը, ով Հայաստան է եկել Գերմանիայից, Գերմանիայի միջազգային համագործակցության արդյունաբերական հիմնադրամի հետ համագործակցության ծրագրով արդեն երկու օր է ապրում է Արևմտյան դպրոց-պարտեզի հյուրատանը: Բարեհամբույր գերմանացին սիրով ընդունվեց բոլորիս կողմից, ներառվեց սեբաստացիական միջավայրում և պատրաստակամ եղավ ցանկացած հարցում: Զրուցեցինք, պարզվեց մի փոքր ռուսերեն գիտի: Լեզուն խոչընդոտ չէ.  մեզ հետ էր Միջին դպրոցի սովորող Վաչե Խաչատրյանը, ով հրաշալի տիրապետում է գերմաներեին, և այս դեպքում ոչ միայն համատեղ իրականացվող նախագծի մասնակից էր, այլև թարգմանիչ: Առավոտյան մի փոքր զրուցեցինք. Գերալդ Քյոլլերը պատմեց իր ջերմոցի, աճեցրած բույսերի մասին, ցույց տվեց բերած սերմերը, սոխուկները, այնուհետև շրջեց կրթահամալիրի մյուս դպրոցներով՝ Մայր դպրոց-Արևելյան դպրոց-Քոլեջ-Հյուսիսային դպրոց: 

Գերալդ Քյոլլերը եկել է Գերմանիայի  Միտվայդա քաղաքից, որը գտնվում է Ցակեն նահանգում: Քաղաքն ունի 16 000 բնակիչ և 7 000 ուսանող: Սկզբում սովորել է հարազատ քաղաքում, այնուհետև Դրեզդենի համալսարանում՝ բանջարաբոստանային և պտղատու ծառերի խնամքի, բազմացման, պահպանման ֆակուլտետում: Շուրջ 16 տարի եղել է ընդհանուր կանաչապատման և ջերմոցների կառուցման ղեկավար: Հիմա ունի իր ,,ընտանեկան,, պարտեզ-ջերմոցը, որտեղ աճեցնում է 600 տեսակի բույսեր, կենդանիների համար նախատեսված խոտեր, բանջարեղեններ և ծաղիկներ: 16 տարի առավոտից երեկո աշխատել է, ամեն օր ` 09:00-19:00-ն: Բացարձակ ժամանակ չէր ունենում, հոգնել էր, որոշեց զբաղվել այլ գործունեությամբ: Զուգահեռ նաև աշխատում է հարազատ քաղաքի հիմնարկում, որտեղ Քյոլլերը հանդիսանում է հեռուստառադիոհաղորդումների որակի դիտորդ-գնահատող:  Որպես ֆիլմերի գնահատող մի շարք մրցույթներում եղել է ժյուրիի անդամ: 
16 տարվա տանջագին աշխատանքից  բացի զբաղվել է նաև ծաղիկների, բույսերի ռեստավրացիայով(վերականգնում), լանդշաֆտային դիզայնով Գերմանիայի տարբեր քաղաքներում և Լիխտենշտեյնում: Այս աշխատանքով նոր կյանք, նոր ոճ է հաղորդել քաղաքներին:
Ընտանիք չունի: «Իմ ընկերներն իմ ընտանիքն են: Եթե ընտանիք ունենամ, չեմ հասցնի ամեն ինչով զբաղվել»- ասում է Քյոլլերը:

Նրա պնդմամբ 09:00-15:00-ն բակում աշխատելու, գործունեություն ծավալելու ամենահարմար ժամանակն է: Պայմանավորվեցինք առավոտյան 10:00-ից սկսել աշխատանքը Միջին դպրոցի ջերմոց-լաբորատորիայում, տնկել ծաղիկների սերմերը և սոխուկները, ստեղծել ծաղկաբուծարան:

Օրվա շրջայցին, աշխատանքներին մասնակցել են Միջին դպրոցի սովորողները:
Կենսագրական տեղեկությունները թարգմանել  և գրառել է Վաչե Խաչատրյանը: 

Տեղեկությունը` Տաթև Աբրահամյանի