• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամփորդություն, որ սկսվեց ու չի ավարտվում...

Արևմտյան Հայաստան գնալն այնքա՜ն հեռու եղող երազանք էր... Վստահ էի, որ երբեք չեմ գնա: Անգամ վերջին օրը, վերջին րոպեին չէի հավատում, որ կանգնած եմ երազանքիս իրականացման ճանապարհին: Այսպես սկսվեց մի ճամփորդություն, որ դեռ չի ավարտվել, շարունակվում է և կշարունակվի: Ոչ մի րոպե ինձ օտար երկրում չեմ զգացել, ոչ մի չար հայացք կամ անտարբերություն չեմ տեսել: Ես իմ հողում էի, իմ հայրենիքում, երկրում, որ գրկաբաց ընդունեց և չափազանց հոգատար վերաբերվեց: 

Առաջինը տեսա չքնաղ Ծովակնը, պարզ ու մաքուր լիճը սիրալիր ողջունեց մեզ, հիացրեց և անմոռանալի բերկրանք պարգևեց: Նույն բերկրանքը զգացի, երբ տեսա Բերկրիի ջրվեժը`  բնության հրաշքներից մեկը: Ժամերով կարելի էր նայել գահավիժող ջրին և չհոգնել...

Ճանապարհը մեզ տարավ Անի՝ Բագրատունյաց թագավորության երբեմնի ճոխ ու գեղեցկությամբ նմանը չունեցող քաղաքը: Ծաղկուն քաղաքից միայն ավերակներ են մնացել, որոնք միևնույնն է հիացմունք են պատճառում: Անին յուրօրինակ թանգարան էր, որի եկեղեցիները թուքերը վերականգնում էին, այցելուներն էլ գնալով շատանում էին: Անին հատված առ հատված ուսումնասիրելու համար երկար ժամանակ է պետք, տեսնելու, զգալու, շնչելու այնքան բան կա.  զարմանալի մշակութային լուծումներ, տարբերվող, բայց ներքին նմանություն ունեցող եկեղեցիներ, առանձնահատուկ զրադանախշեր և որմնանկարներ: Անին դեռ շատ կզարմացնի մեզ...

Չարենցի նկարագրած քաղաքն այնպիսին էր, ինչպիսին կարդացել էի՝ անտաշ քարով շինված հայկական տներ, որոնցից մի քանիսն էին մնացել, մով երկինք, կանաչ այգի, գետի վրա շինված կամուրջ, որ տանում է դեպի Կարսի բերդ: Իսկ Առաքելոց եկեղեցին վերածվել էր մզկիթի, բայց ոչ ոք նայելիս երբեք չէր կարծի, թե մզկիթ է. հայկական մշակույթի շունչն այդտեղ դեռ պահպանվել էր:

Հեքիաթային էր Տայքի բնությունը և չափազանց նման Վայքին. կանաչի մեջ թաղված գյուղեր ու դաշտավայրեր, ժայռոտ լեռնային տարածքներ, աննկարագրելի շքեղ և մեծ եկեղեցիներ՝ Խախուվանք, Օշկվանք, Թորթումի լիճ և ջրվեժ: 

Ամենից շատ տպավորվել է Վանը: Այնքան հարազատ էր. ճանապարհի ցուցանակների վրա գրված էր հայերեն, վաճառականները մեզ ողջունեցին և խոսեցին հայերեն, Սուբ Խաչ եկեղեցու մասին պատմող ցուցատախտակի վրա նշված էր, որ այն հայկական է: Ամենայուրօրինակ եկեղեցին էր, որ տեսել եմ. ներսում աստվածաշնչյան թեմաներով որմնանկարներ էին՝ գունավոր և մեծ վարպետությամբ արված, իսկ դրսում՝ եկեղեցու արտաքին պատերին հայոց պատմությունը ներկայացնող պատկերներ էին, կենդանիներ, թռչուններ և յուրօրինակ զարդանախշեր...

Տապավորություններս շատ են, կարելի է դեռ երկար խոսել, բայց դեռ ժամանակ է պետք տեսածը վերլուծելու համար...