• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիր, որտեղ չկան պատեր

Շատ չէր փոխվել կրթահամալիրս: Շուրջ վեց տարի անց իր սանին ընդունեց նույնքան ջերմությամբ, որքան որ ժամանակին հրաժեշտ էր տվել: Նույն ստեղծագործական եռուզեռը. անդադար շարժում, սեր, ժպիտ և պատասխանատվություն՝ մեկը բոլորի և բոլորը մեկի խաղաղության ու ազատության համար:
Շատ ուրախացա, երբ ընկերուհիս` Մարիամ Մարտիրոսյանը, ով նույնպես կրթահամալիրի շրջանավարտ է, միացավ ուսուցչական կոլեկտիվին: Ո՞վ կմտածեր, որ իմ Մարիամը շուտով դառնալու է ընկեր Մարիամ:
Եվ այսպես. շաբաթ օր էր, առավոտյան որոշեցի գնալ մեր Սուրբ Երրորդություն եկեղեցին: Ընկեր Մարիամը և իրենց ուսուցչական երգչախումբը պետք է ելույթ ունենային եկեղեցում. կրթահամալիրում հարիսայի տոն էր: Շնորհակալություն մաեստրոյին՝ վաստակավոր արտիստ Հարություն Թոփիկյանին. վերջին մի քանի տարվա ընթացքում շաբաթվա նման առավոտ չեմ կարողանում հիշել: Հանդիպեցի նաև ուսուցիչներիս՝ տիկին Նունուֆարին, ընկեր Գալստյանին, տիար Գևորգին, միսթր Յուրային, տիկին Մարիետին, տիկին Հասմիկին և Անահիտին, տիկին Աիդային, ընկեր Արմինեին և վերջապես տիար Բլեյանին: Այս անուններին ենք պարտական մեր կենսագրության լուսավոր էջերի համար, որոնք իրոք լուսավոր են, աշխարհայացի համար, որն ուրույն է՝ հստակ, մտածումի համար, որն ուղղվում է դեպի ճիշտ բևեռ, անկախ մեր ժամանակի մագնիսական դաշտերի այլասերումից, մեր անձի, հոգու և մտքի ճիշտ ազատության համար, որ սանձարձակ չէ և ազնիվ է իր գործողության մեջ: Նրանք են կոտրել մեր միջի բոլոր պատերը, որոնք պիտի խանգարեին մեզ ամբողջ կյանքի ընթացքում:

Կեցցե մեր կրթահամալիրը, կեցցե առանց պատերի դպրոցը: 

Կրթահամալիրի շրշանավարտ, այժմ զինծառայող Էրիկ Աստվածատրյան