• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համարյա մոռացված հիշատակի օր

1949թ.-ի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը խորհրդային ամբողջատիրությունը հերթական հարվածը հասցրեց հայ ժողովրդին`Խորհրդային Հայաստանից, հարևան հանրապետություններից, ՌԴ հարավային շրջաններից և Միջին Ասիայից Ալթայի երկրամաս աքսորվեցին հազարավոր հայ ընտանիքներ (ըստ որոշ աղբյուրների միայն Խորհրդային Հայաստանից` 5300 ընտանիք): 

1994թ.-ի հունիսի 14-ին Հայաստանի Հանրապետությունում ընդունվեց օրենք «Բռնադատվածների մասին»: Հիմնականում սոցիալական բնույթ կրող այս օրենքը հետագայում բովանդակային փոփոխություններ կրեց ի վնաս բռնադատվածների և նրանց ժառանգների:

2006թ.-ի մայիսի 31-ին «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում կատարվեց լրացում`«Հոդված 101. Բռնադատվածների հիշատակի օր` հունիսի 14», որը...  քչերն են հիշում: 

2008թ.-ի դեկտեմբերի 3-ին Երևանում բացվեց բռնադատվածների հուշարձանը, որի տեղը քչերը գիտեն: 

Այսօր` 2014թ.-ի հունիսի 14-ին, ՀՀ նախագահն իր այցերի ճանապարհային քարտեզում չներառեց վերոհիշյալ հուշարձանը: Հայաստանի բնակիչներն անհաղորդ էին օրվա խորհրդին: Սոսկ փոքրաթիվ մտավորականներ և խորհրդային ամբողջատիրության զոհեր ՆՓԱԿ-ում, «Ամբողջ/ատիր/ական Հայաստան» ծրագրի ներկայացման և կայքի պաշտոնական մեկնարկի շրջանակում ներկայացրին այս երևույթի մի քանի կողմեր, նրա դեմ պայքարը շարունակելու պատրաստակամությամբ: Պայքարելու, որովհետև խորհրդային ամբողջատիրության հետևանքներն առկա են մեր իրականության բոլոր ոլորտներում:

Մենք կհասնենք ամբողջատիրության քաղաքական և իրավական դատապարտմանը, եթե յուրաքանչյուրս մեր մտածողությունն ու հոգին մաքրենք այդ ախտի նվազագույն իսկ դրսևորումից և գործենք այդ երևութի բոլոր մետամորֆոզների դեմ:

                 «Բռնադատվածներ» և «Ամբողջատիրություն» նախագծերի խորհրդատու ուսուցիչ` Աշոտ Տիգրանյան