• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խառնարան

Ուզում եմ խոսել և կիսվել օրվա տպավորություններով: Ավելի շատ դրական, քան բացասական: Բայց ընդհանրական: Թբիլիսիում եղել էի երեք տարի առաջ: Շատ բան է փոխվել: Բայց քաղաքն ապացուցում է, որ քաղաք է: Ունի քաղաքային մշակույթին բնորոշ բոլոր շերտերը: Սա մի միջավայր է, որտեղ հետնախորշայինը համակցվում է այսպես ասած բարձրակարգի համարում ունեցողի հետ: Բայց մեկ տարբերությամբ: Այստեղ, Պագանինին չէր ամաչի քաղաքի կենտրոնից աղջիկ ուզել: Գլխապտույտ է: Ոչ ոք ոչ ոքի չի զիջում, բայց միևնույն ժամանակ հանդուրժում է: Սրճարաննեը չեն խեղդում, մարդիկ չտես չեն և ամեն գունավոր շատրվանի հուզմունքով չեն նայում (մտքի հեղինակ՝ Արման Երանոսյան): Քաղաքը տարասեռ է, բայց միախառնումը՝ համաչափ: Սալիկն ապացուցում է իր կենսունակությունը: Պատանիների դեմքին յուրատեսակ ժպիտ կա: Հարդարված, կիսաերկար մազերը և նորաոճ մոտեցումները չեն ասոսացվում մոդեռն քյառտիզմի հետ: Կովկասի երբեմնի մայրաքաղաքն ապացուցում է, որ ունեցել է իրավունք այդպես կոչվելու՝ իր միջնադարյան շինություններով և նոր բացված հնագիտական շերտերով: Առկա է քաղաքային մշակույթն իր բոլոր բաղադրիչներով: Սա յուրատեսակ սինթեզ է, որտեղ համակցվում են արևելյան, արևմտյան, հայկական, վրացական, սլավոնական, չին-տիբեթական էթնոլեզվաընտանիքի մշակույթներ: Այստեղ սևին զարմացած չեն նայում: Շեղ աչքին չեն ծաղրում: Մուրացիկները քանակով հավասար ենք: Կամ մի քիչ զիջում ենք: Երևի զբոսաշրջիկներն են մեղավոր: Հարբածների մասով ստույգ ասել չեմ կարող: Ամեն դեպքում, մարդկանց դեմքին հանգստություն կա: Տիրոջ պահվածք: Թբիլիսիում տոն է: Անկախության տոն: Սա հենց այն տոնն է, որի համար մենք այստեղ ենք: Երկու օրից, ավելի ճիշտ հենց վաղը, մեր Անկախության տոնի օրն է, որը հայտարարվեց հենց այստեղ: Թբիլիսն այն տոնում է ամբողջ շուքով: Ռուսթավելի պողոտան և հարակից փողոցները փակ են մեքենաների համար: Բեմեր են: Շարժական վերնիսաժ: Ազատ կամք արտահայտողներ: Բոլորը տոնի իրական և ակտիվ մասնակիցներ են: Չկա սեռատարիքային բաժանում, բոլոր սոցիալական խմբերը ներառված են համաչափ: Տրամադրությունը՝ իրոք տոնական: Գաղտնիքը մեկն է: Այս մարդկանց մեծ մասը վրացիներ չեն: Նրանք Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Մարդիկ են, ովքեր հպարտ են այդ զգացողությամբ: Մարդիկ են, ովքեր ասում են, որ սա իրենցն է և իրենք վայելում են այն: Սա մեկ բանից է բխում: Այս մարդիկ դարձել են պետականասեր: Վերադառնանք մեզ: Հայասեր և ազգասեր, ազգայնական և շովինիստ, հայիս տեսակը աստվածացնող, հային բոլորից վեր դասողներ մեզանում շատ կան: Բայց... հիշենք լավագույն գործիքը՝ պատմությունը, որը մենք այդքան վատ ենք կիրառում: Մեր բոլոր պետականությունների կործանման պատճառը եղել է այն, որ շատերն իրենց սեփական եսը վեր են դասել հասարակությունից: Չեն ընդունել այն համայնքը, որը կոչվում է պետություն: Այս մասում, չէի ուզի խոսել այն լացակումած թեմաներից, որտեղ մեր բոլոր դժբախտությունների պատճառ համարում ենք օտար նվաճողին, պարսիկին, թուրքին, թաթարին, մոնղոլին, ռուսին, սառը եվրոպացուն, բայց ոչ երբեք մեզ: Այստեղ տեղին է հիշել առաջին նախագահի քարոզչական միտքը._«Իմաստավորելով անցյալը՝ դեպի ապագա»: Իմաստավորել նշանակում է սովորել, վերաարժևորել, չկրկնել չհաջողածը: Պետականություն ոչ մեկին հեշտությամբ չի տրվում: Այն պետք է զգաս զգայական և հոգևոր դաշտերով, ցանկանաս ամբողջությամբ, որպեսզի ունենաս: Ունենալը դեռ հեշտ է: Այն պահելն է դժվար: Պետություն, քաղաքացի: Սրանք լոկ խոսքեր կամ բառակազմություններ չեն: Սա նշանակում է, որ պիտի լինես կրողը և փոխանցողն այդ արժեքի: Սա նշանակում է, որ սեփական անձդ չպետք է վեր դասես համայնքից, որտեղ ապրում ես: Եղիր մասնիկը, առաջնորդիր այդ համայնքը, բայց երբեք մի վերացի: Պահանջատիրության զգացողությունը և արժեքը մի փոխանցիր իշխողին: Այն կկորցնես առհավետ: Քաղաքացի լինել, նշանակում է, որ դու կրողն ես և՛, անհաջողությունների և՛, ձեռքբերումների: Պետականասեր լինելը չի նշանակում այն բարձրաձայնել լոկ խոսքերով: Պետականասերն այն քաղաքացին է, ով կատարում է իր աշխատանքը և այն կատարում է պատասխանատվությամբ: Այս նախագծի շրջանականերում, ուզում եմ կայանան վերոնշյալ մտքերը: Հասարակությանը փոխանցվի պետականասիրությունը: Պետականությունը դիտարկվի որպես բարձրագույն արժեք: Դրա ընկալումը՝ կենսաձև: Կիրառումը՝ տեսակի շարունակականության ապահովող: Հաջողել են այն պետությունները, որոնց քաղաքացիները սիրել են իրենց պետությունը, ոչ թե...: 

Հ. Գ. Տղաները համաչափ խռռացնում են