• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ պապերի էրգիրը...

 

Արփի Հարությունյան, 12-1 դասարան
Ուրախ եմ, որ պիտի քայլեմ պապիս անցած ճամփաներով: Հույս ունեմ` մի օր էլ կհասնեմ Մուշ:

   Առաքելոց վանքը գտնվում է Մուշ քաղաքից մոտ տասը կիլոմետր հարավ-արևելք` Տավրոսի շղթայի երկու կատարների միջև` Տիրնկատար կամ Ծիրնկատար կոչվող լեռան լանջին՝ մի գեղատեսիլ վայրում։ Վանքը ամբողջությամբ պատրաստվել է սրբատաշ քարերից։

   Մուշի մյուս վանքերի նման Առաքելոց վանքը ևս հայտնի է եղել մի քանի անունով. ընդհանրապես կոչվել է Առաքելոց վանք։ Սակայն համանուն մյուս վանքերից տարբերելու համար անվանվել է Մուշի Առաքյալք կամ Երկոտասան վանք։ Այսինքն`տասներկու առաքելոց վանք։ Ըստ ավանդության`երբ 312 թվականին Գրիգոր Լուսավորիչը հիմնել է վանքը, այդտեղ են տեղավորել տասներկու առաքյալներից մի քանիսի մասունքները։ Եվ ի հիշատակ առաքյալների` կոչվել է Տասներկու առաքելոց վանք։ Անվանվել է նաև Թարգմանչաց վանք, որովհետև այնտեղ են գտնվում մի շարք թարգմանիչ վարդապետների գերեզմանները։ Կոչվել է նաև Ղազարու, երբեմն էլ` Եղիազարու վանք: Ըստ ավանդության` վանքի առաջին վանահայրը եղել է Եղիազար անունով մի հոգևորական։ Հետագայում Եղիազար անունը ժողովրդի կողմից ձևափոխվել է և դարձել Ղազար, իսկ վանքը՝ Ղազարու վանք։ Քանի որ վանքը գտնվում է Տիրնկատար սարի ստորոտին, ստացել է նաև Արեգնածագ Տիրնկատար վանք անունը:

   Իմ ապուպապը՝ Առղա Արտաշը, եղել է Առաքելոց վանքի տնտեսը:  1915 թ-ին, երբ սկսվում է կոտորածը, Արտաշը պոկում է Առաքելոց վանքի դուռը, վերցնում է վանքում եղած արծաթյա սկիհները և խաչերը, նաև` «Մշո Ճառընտիրը»:

   Պապս  դուռը ռուսական բանակի միջոցով հասցնում է Էջմիածին, իսկ Ճառընտիրը տալիս է երկու կանանց, որ ապահով տեղ հասցնեն:  Ճանապարհին գիրքը (այն շատ ծանր էր) բաժանում են երկու մասի, որպեսզի երկուսով ավելի հանգիստ տեղափոխեն: Կանանցից մեկը կեսը հասցնում է Արևելյան Հայաստան, իսկ մյուս կեսը  թաղում է հողի մեջ, որ թուրքերի ձեռքը չընկնի: Ճանապարհին քրդերը կանանց թալանում են, տանում են վանքի սկիհներն ու խաչերը: Հետագայում գտնում են գրքի մյուս կեսը, բերում են Արևելյան Հայաստան ու միացնում գրքի մյուս կեսին:

   Սասուն Գրիգորյանի «Հավերժության լուսամատյան» գրքում իր էջն ունի մեծ պապս` Մշո Առաղ գյուղում ծնված (1889 թ.) Արթենի քաջազուն որդին` Առղա Արտաշը: Դեռ վաղ մանկությունից ականատեսը լինելով Տարոն աշխարհում դարավերջի արյունահեղ մարտերին, մանկուց զրկվելով ծնողներից` պապս վրեժով լցվեց թշնամու հանդեպ: 1901 թ. դեռ նրա  տասներկուսը չէր լրացել, երբ զենք վերցրեց և միացավ Առաքելոց վանքի ինքնապաշտպանական կռիվներին` դառնալով Անդրանիկի ուխտյալ զինվորներից մեկը: Նա  իր նախնական կրթությունը ստացել է Մշո սուրբ Առաքելոց վանքի դպրոցում: Այն ավարտելուց հետո մնացել և աշխատել է այնտեղ: Որպես զինատար` նա համագյուղացիների հետ օգնում էր Սասնո երրորդ ապստամբության մասնակից վիրավորներին, ծերերին, մանուկներին, թաքցնում նրանց քուրդ-թուրք ավազակներից: 1915 թ. մասնակցում է Մանազկերտի, Մշո և մի շարք կռիվների:

   Ամեն անգամ Վերին Սասնաշեն գնալիս պապիկս, երբ աստղաճակատ ձի է տեսնում, թվում է, իր հոր նժույգի՝ Բըշոյի մտրուկն է, երբ լսում է մեծերի զրույց-ժղուլներն ու գովքը իր ֆիդայապետ հոր մասին, թվում է, թե ուր որ է հայրը՝ Առղա Արտաշը, ներս կմտնի և կգրկի իրեն՝  Բայց…Չկա, չի գալիս նա՝ ֆիդայիների տարոնցի ընկերն ու զինվորը, քանզի1937-ին նրան էլ են արտաքսել էրգրից, Արարատից ու Արագածից հեռո~ւ-հեռո~ւ`  Աստված գիտի, թե ուր: