• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տերյանական օրեր՝ Վահան Տերյան (1885-1920)

 

Հայ բանաստեղծությունը քնարական բարձունքներ նվաճում է Տերյանի և Թեքեյանի գեղարվեստական մակարդակների շնորհիվ: Մինչ այդ քնարերգության լավագույն արտահայտություններ էին Դուրյանի, Իսահակյանի երգերը, թերևս այսքանով էլ չափվում է հայ դասական քնարերգության սահմանը՝ Դուրյան-Մեծարենց-Իսահակյան-Թեքեյան: Տերյանի գեղարվեստական ստեղծագործությունն այս փաղանգի մեջ ներկայանում է մտածողության ինքնատիպ խորքով: Տերյանի ստեղծագործության մասին պետք է ասել՝ նշելով նրա սիմվոլիստական խոր երակը, մի բան, որ դժվարությամբ է ամրագրվել: Տասնամյակներ շարունակ սիմվոլիզմը ընկալվում էր որպես հակամարդկային մի տեսություն, որպես անհատապաշտության հաղթարշավ: Տերյանի առաջին ժողովածուն լույս է տեսել 1908թ.-ին Մոսկվայում՝ <<Մթնշաղի անուրջներ>>  խորագրով: Տերյանի համար ավելի դժվար էր, քան Թումանյանի և Իսահակյանի համար. Տերյանը Թումանյան ուներ իր ետևում.  <<ձեզանից հետո  կամ նոր երգ պետք է ասել, կամ բոլորովին լռել>>: Իսկ դժվարն էլ <<նոր երգ>> ասելն էր, որ կրկնություն չլինի: 1912թ.-ին նա հրատարակում է իր երկրորդ ժողովածուն Բանաստեղծություններ Բ հատոր խորագրով, իսկ 1913թ. աշնանից տեղափոխվում է Պետերբուրգ և գրում իր <<Երկիր նաիրի>> շարքը: Տերյանին մեղադրում էին նրա առաջին ժողովածույից հետո. օտար է գեղարվեստական դաստիարակությունը: Նրան անվանեցին  ամենից օտարը հայ գրականության մեջ: Սակայն Տերյանի երգը բերում էր հայրենական բանաստեղծության  նոր աշխարհագրական որակը` մարդու ներաշխարհի տարածքը: Տերյանը դեմ է դուրս գալիս բանաստեղծական նախկին չափումներին՝ <<Ճորոխի հովիտը>>, <<Հայրենի գետի եզերք>>,  անգամ արտաքին թվացող թեմաներին: Տերյանը բանաստեղծությունը համարում էր հոգու երգ, որի գլխավոր նպատակը ներաշխարհի հայտնատեսությունն է: Ուրիշ բան, թե  այդ ներաշխարհում ինչպես է ցոլանում, բեկվում արտաքին աշխարհը: Այս անկյունի մեծությունն էլ բանաստեղծի մեծության սահմանն է:

Երկար ժամանակ կար մի թյուր կարծիք, թե Տերյանը ցարական ռեակցիայի հոռետեսական տրամադրությունների կրողն է՝ առաջին հեղափոխության վերելքից հետո  (1908-1911թթ): Մինչդեռ այդպես չէ. Տերյանն ունի իր գեղագիտական իդեալը: 10-ական թվականներին նա երգում է նաև հայրենիքը՝ իր երկիր նաիրին, որով դեմ է դուրս գալիս այն բոլոր քննադատություններին, ըստ որոնց ինքն անհայրենիք էր:

1914թ.-ի ապրիլի 30-ին Թիֆլիսում կարդում է <<հոգևոր Հայաստան, հայ գրականության գալիք օրը>> ծրագրային զեկուցումները, այնուհետև մեկ տարի անց լույս է տեսնում նրա <<երկիր Նաիրին>>, որն անվանում է հայրենասիրական երգաշար: Շրջապատում նոր են մտաբերում, որ  մինչև 10-ականները Տերյանի պաշտպանությամբ հանդես եկավ Թումանյանը, ով հոգեհարազատ համարեց տերյանական թախիծը:

1917թ.-ին Տերյանը նետվում է ռուսական հեղափոխական շարժման նոր բարիկադներ, տարվում սոցիալիզմով, դառնում կոմունիստ, դառնում Բրեստ-Լիտովսկյան հաշտության մասնակից: Կոմունիստները նրան <<պարգևատրում>> են՝ ուղարկելով Սիբիր: Ճանապարհին գնացքի վագոնում էլ 1920թ.-ի հունվարի 8-ին կնքում է իր մահկանացուն:

Տերյանի գեղարվեստական յուրահատկություններից մեկը շարքերն են՝ ՙ<<գիշեր և հուշեր>>,  <<հուշեր Լազարյան ճեմարանից>>, <<Վերադարձի երգեր>>,  <<Ոսկի շղթա>>, <<Կատվի դրախտ>>, <<Ոսկի հեքիաթ>>,  <<Երկիր նաիրի>>:  <<Մթնշաղի անուրջներ>>- ի 77 երգերում նա ներկայացնում է մարդու ներաշխարհի ձևավորման ընթացքը, բացահայտում է գեղեցիկի իր ըմբռնումը. իդեալը ցնորք է և իրականության մեջ անորսալի:  Այն ներկայանում է որպես ուրու, որպես անհայտ երկրի մանուշակ, կին, որին երբեք չես հասնի, ինչպես կասեր Վարուժանը՝ <<տառապի մարդ ու չը՛ կրնա դիպչիլ քեզ>>: Իդեալի պաշտամունքը արտահայտող  <<Անծանոթ  աղջկան>>,  <<Կարոտ>>, <<Իրիկնաժամ>>,  <<Ցնորք>> բանաստեղծություններում,  նկատվում է մեծ երազի և դառն իրականության  սուր բախումը, որ քնարական հերոսը հպատակվում է երազին: Իդեալի հետ քնարական հերոսը պայմանավորված ժամին է հանդիպում՝ իրիկնաժամին: Օրվա մնացած ժամերը բանաստեղծի համար դառնություն են բերում, որովհետև մատնանշում են անջատումը, հեռացումը, այստեղից՝ հերոսի (քնարական)  խոր տառապանքը:  Տերյանն առաջիններից էր, ով փորձում էր նկատել անցողիկը և իդեալականը, որը տեսնում ենք <<Ցնորք>> և  <<Հրաշք աղջիկ>> բանաստեղծություններում: 

Նորագույն բանաստեղծական օրինակները ընդգծում են ռոմանտիզմը, որն ի տարբերություն դասական շրջանի, կոչվում է նոր ռոմանտիզմ: Դասական ռոմանտիզմի ժամանակ իդեալն ու իրականությունը հակադրվում էին իրար, բայց ոչ սերտաճում: Նեոռոմանտիկները չեն բավարարվում հակադրության այս եղանակով: Նրանք շատ հաճախ փորձում են իրականությունը բարձրացնել դեպի իդեալը՝ տրորելով գեղեցիկի, անհասի իրենց ըմբռնումը: Ստացվում է, որ քնարական հերոսը հասնում է կնոջը, տիրում նրան, բայց նրա իդեալը չէ: Ընդհակառակը, դա ոչ թե վերելք է, այլ՝ անկում, վիհ:  Նման գեղարվեստական կառույցը, որը բնորոշ է Իսահակյանին, Մ. Իշխանին, Դ. Վարուժանին, առաջինը բացել է Տերյանը և կոչվում է սիրո ու մեղքի պարտեզ:

Երբեմն բանաստեղծին թվում է, թե իդեալն անուրջ է, բնավ չի եղել, և իրենք՝ բանաստեղծներն են գունազարդում այն:

ՏԵՍ նաև Իմ բլոգում՝ http://vaheh76.wordpress.com

 Նյութերից օգտվելիս՝ հղումը բլոգիս պարտադիր է:

Հեղինակային իրավունքները պաշտպանված են: