• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր իտալացի ռեժիսոր, համաշխարհային կինոյի ամենանշանավոր կինոգործիչ՝ Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան օրն է:

 

 «Ե­թե այդ հսկա տա­ճար-Հի­մա­լայ­նե­րից այն կողմ կա եր­կինք, ար­ձակ տա­րածք, ու­րեմն հենց այն­տեղ է ինձ անհ­րա­ժեշտ տա­րա­ծութ­յու­նը, ու ես պետք է այն­տեղ հաս­նե­լու մի­ջոց գտնեմ»:                                  
                                                                                                                                      Ֆեդերիկո Ֆելինի
 

Աշխարհահռչակ իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին (1920թ. հունվարի 20, Ռիմինի - 1993թ. հոկտեմբերի 31) իր արվեստով արմատապես վերաիմաստավորել է նեոռեալիզմի սկզբունքները, մեծապես ազդել համաշխարհային կինոյի զարգացման վրա, նախանշել իտալական կինոյի զարգացման ուղիները:

 

Ֆեդերիկո Ֆելինին 1937թ.՝ Ֆլորենցիայում, 1938–42թթ. Հռոմում, որպես ծաղրանկարիչ, աշխատակցել է պատկերազարդ ամսագրերին. «Մարկոս Ավրելիոս» հակաֆաշիստական ամսագրում տպագրել է 700 ծաղրանկար: 1943թ.-ից գրել է ռադիոհաղորդումների տեքստեր, որոնք նաև նկարահանել է: Կինոռեժիսոր Ռոբերտո Ռոսսելինիի հրավերով, որպես սցենարիստ, մասնակցել է նրա մի քանի ֆիլմերի («Հռոմը` բաց քաղաք», 1945 թ., «Պայզա», 1946 թ., և այլն) ստեղծմանը: 

 

Ֆելինիի առաջին ինքնուրույն կինոնկարը «Սպիտակ շեյխ»-ն է (1952թ.), սակայն համաշխարհային ճանաչման է արժանացել «Ճանապարհ»  ֆիլմով, որտեղ արտահայտել է մարդասիրության, փոխըմբռնման ու հոգու բարության թեման: Ռեժիսորը նույն գաղափարներն է արծարծել նաև «Կաբիրիայի գիշերները» (1956թ.) կինոնկարում, որտեղ փնտրում է չարի և բարու հավերժական պայքարի խորհրդավոր իմաստը: 
 
Ֆելինիի ստեղծագործության բարձրակետը «Քաղցր կյանք» (1959թ., Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ) կինոնկարն է, որտեղ հեղինակը ցույց է տալիս, թե որքան դատարկ ու անիմաստ է կյանքը, երբ մարդիկ միայնակ են և օտարացած միմյանցից: «Ութ ու կես» (1962թ., «Օսկար», Մոսկվայի միջազգային կինոփառատոնի Գլխավոր մրցանակ) ֆիլմում Ֆելինին քննադատել է բուրժուական հասարակության արատները, որոնք հագեցած են ճշմարտության տառապագին որոնումներով:
 
Ֆելինիի ստեղծագործությանը բնորոշ «ֆանտաստիկ ռեալիզմը» ցայտուն կերպով դրսևորվել է «Սատիրիկոն» (1969 թ.), «Նվագախմբի փորձը» (1979 թ.), «Իսկ նավը լողում է...» (1983 թ.) ֆիլմերում: Նա գեղարվեստափիլիսոփայական, բարոյաքաղաքական պրպտումների նյութ է դարձրել իր կյանքի հուշերը, անձամբ վերապրածը` «Մայրիկի բալաները» (1953 թ., Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծ» մրցանակ), «Հռոմ» (1972 թ.), «Ամարկորդ» («Ես հիշում եմ», 1974 թ., «Օսկար» մրցանակ) և այլն: Ֆելինին նկարահանել է նաև «Խաբեբաները» (1955 թ.), «Դոկտոր Անտոնիոյի գայթակղությունը» (1962 թ.), «Ջուլիետան և ոգիները» (1965 թ., «Ոսկե գլոբուս» մրցանակ), «Ծաղրածուները» (1970 թ., հեռուստաֆիլմ), «Կազանովա» (1976 թ.), «Կանանց քաղաքը» (1980 թ.), «Ջինջերը և Ֆրեդը» (1986 թ.), «Հարցազրույց» (1987 թ.), «Լուսնի ձայները» (1990 թ.) և այլ ֆիլմեր: 
 
Ֆելինիի ստեղծագործությունը հակասական է, արտահայտչալեզուն՝ ցայտուն, գյուտերով հարուստ և ինքնատիպ: 
Կինոյում ունեցած ներդրման համար Ֆելինին արժանացել է հատուկ «Օսկարի» (1993թ.):
 
Ֆելինիի անունով է կոչվել Ռիմինիի օդանավակայանը: