Կրթահամալիրի տնօրենը պատասխանում է նախագծի հարցերին։
Աղբյուրը` tert.am
1. Ո՞րն էր 2016թ-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը:
2015-ի մասին հարցին ես պատասխանել էի՝ քաղաքականացող փողոցը... Սրա զարգացումը 2016-ին կլիներ վախի հաղթահարումը, որ, ցավոք, այդպես էլ չվերածվեց հակաբռնության պարտադիր գործողության... Ապրելով պիտի փոխես, ոչ թե դրվագներով-ինքնազոհությամբ-ֆոկուսով, այո՛, հայացք, հարթակ պիտի փոխվի... Առանց կրթական բաց համայնքների, նրանցում իրականացվող շրջակա միջավայրի բարելավման-կենդանացման ուսումնական նախագծերի՝ քաղաքով, հանրապետության ողջ բնակավայրերով մեկ հնարավո՞ր է ակտիվացնել մարդուն, բնակչին… Առանց իրար արձագանքելու, իրար փոխանցելու-տարածելու՝ ճանաչելու համար համատեղ մեր ապրածը՝ հնարավո՞ր է հասնել հոգնած, անջատված, իր հոգսերով տարված մարդուն: Կրթահամալիրի մեր Բանգլադեշում մենք սովորեցինք անընդհատ ավելի ու ավելի բաց-ներառական, միով բանիվ, հարմար-մարդկային մեր աշխարհին, սիրեցինք-յուրացրինք այն… Իմ ջանքերը, իմ օրն ավելի ու ավելի շատ է ուղղված հողի ու նրա մարդու՝ մեծ ու պստիկի, այս բնական-պատասխանատու կապի վերականգնմանը: Այնպես, որ հողը ծաղկի, շնչի, ծնունդ տա տարին տասներկու ամիս…
Իրադարձություն չէ՞, այն էլ՝ հասարակական-քաղաքական...