Նկարագրություն:
Կրթահամալիրի ճամբարականների ավանդական ուրբաթօրյա քայլարշավն այս անգամ դեպի «Մալաթիա» պուրակ էր: Սուրբ Երրոդություն եկեղեցու բակով, Վահան Տերյան այգով, Սվաճյան փողոցով ճանապարհը թեթև անցանք: Ճանապարհին մեզ ճանաչեց, սիրով ուղեկցեց կրթահամալիրի 2012թ շրջանավարտ, նախագահի մրցանակակիր Էմիլը, ով բանակում ծառայելուց հետո որևէ բարձրագույն կրթական հաստատությունում ուսումը չի շարունակել, ընկերոջ հետ գործիքների վերանորոգման արհեստանոց է բացել, աշխատում է. գոհ է: Այգու Սուրբ Աստվածածին եկեղեցում «Հայր մեր» երգ-աղոթքից հետո հացի տիտիկ էր խոտերում: Հարևանությամբ ջրի քչքչոց լսվեց. ոռոգման ջուրը միացավ ու կանչեց... Հինգ րոպե հետո ջրի ու ճամբարականների ձայները խառնվեցին իրար. պուրակ-լողափ: Նկարչական պլեները, խաղեր-զրույց-հանգիստը շարունակեցինք Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանին զուգահեռ մյուս այգում: Այս այգիներին, կարծում եմ, վաղուց այսպես շունչ չէր հաղորդվել, կենդանացան: