• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կարմիր բլուրով` Զանգվի կիրճ

Արևն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը, երբ տիար Բլեյանի և իր եղբորորդի Առնոլդի հետ անցնում էինք Արգիշտիի որդի Ռուսայի ամրոցով:

Տիարը շատ արագ է քայլում: Ես վազում եմ ետևից, մտքերս խառն են.  կարծում եմ` հավանություն կտա իմ առաջարկած  ճամփորդության ծրագրին, մյուս կողմից` հնարավորինս արագ եմ բարձրանում, որ ետ չմնամ:

Զարմանալի բան է` անթիվ անգամներ բարձրացել եմ Կարմիր բլուր, բայց տիարի հետ, միևնույնն է,  բացահայտելու, սովորելու բաներ կան: Կարճ ժամանակ անց` բլրի ամենաբարձր կետում ենք: Ես ու Առնոլդը լուռ կանգնած ենք,  տիար Բլեյանի մեկնաբանություններին հետևելով՝ հերթով անցնում ենք պատկերների վրայով. Բանգլադեշն է՝ իր հպարտ բարձրահարկ շենքերով, Եռաբլուրը, Երևանյան լիճը` իր պոետական ճշմարտությամբ, մյուս կողմում՝ Ռոդնինայի անվան Գեղասահքի դպրոցը, ներքևից էլ, մեղմ քմծիծաղը դեմքին,  ողջունում է մեզ Զանգուն:

Հաստատվեց հաջորդ օրվա ճամփորդությունը. Կարմիր բլուրով` Զանգվի կիրճ:

Ճանապարհին տիար Բլեյանը բարևներ է, որ սփռում էր, մոտենում մարդկանց, որպիսությունը հարցնում: Սեբաստացիական հրաժեշտ եմ տալիս տիարին և հավեսով սպասում հաջորդ օրվան:

Էս մեր ճամբարականներն էլ հո մարդու հավեսը չեն կրկնապատկում:

Հաջորդ օրը, ճամբարականների հետ Կարմիր բլուրի ստորոտում ենք: Նախկին թանգարանի ցանկապատի մոտ հավաքվեցինք, պաղպաղակով հովացանք, Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից մի քառյակ հիշեցինք, ողջունեցինք մեր «նպատակին» ու  շարժվեցինք:

Ինչե՞ր ասես, որ չտեսանք ճանապարհին. ծանոթացանք, ծանոթացրեցինք, վայելեցինք, իսկ ներքևում` Ազատ Ասոյանի անվան այգում, մեր ճամբարականները նախաճաշեցին, նկարեցին, իրենց ուրախ ձայներով «գունավորեցին» այգին, մատներով ներկայացում բեմադրեցին:

Քիչ պատմեցի, թե` շատ, չեմ կարող ասել: Միայն հիշողությանս պատկերներին ևս երկուսն ավելացան` մեր ճամբարականների ոգևորիչ, առույգ, հաղթանակած դեմքերը բլրի գագաթին և Զանգվի՝ աղբից խաթարված տեսարանը:

Որքան էլ սիրեմ իմ Հայաստանը և պաշտեմ նրա ամեն մի թիզ հողն ու քարը, իմ  Հայաստանում կա աղբանոց հիշեցնող Զանգու գետը, որը, տատիս պատմելով, ժամանակին եղել է մեր երկրի ամենամաքուր գետերից մեկը, որից մարդիկ ջուր են խմել:

Զանգուն այսօր այնքան անպաշտպան էր: