• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամեն լեզու համամարդկային մշակույթի մաս է

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում մի հուշարձան կա՝ նվիրված 1952 թվականին ցույցի ժամանակ զոհված ուսանողներին։
Բանն այն է, որ Բանգլադեշը՝ որպես պետություն, ստեղծվել ու ճանաչվել է բոլորովին վերջերս՝ 1971 թվին։ Մինչ այդ նշված տարածքն ու ժողովուրդը Պակիստան պետության մասն էին կազմում, որ Հնդկաստանից անջատվել էր անգլիացիների հեռանալուց հետո՝ 1947թվին։ Պակիստանի արևելյան և արևմտյան մասերում ապրում էին մշակույթով ու լեզվով միմյանցից հստակորեն տարբերվող երկու ժողովուրդ. արևմտյան Պակիստանի ժողովուրդը խոսում էր ուրդու լեզվով, իսկ արևելյանում՝ բենգալերեն։ Պետության կազմավորումից հետո ուրդուն հաստատվում է որպես պետական լեզու, ինչն էլ հարուցյում է արեւելյան մասի բնակչության ընդվզումը։
1952 թվականին բազմամարդ ցույցեր են տեղի ունենում, որոնց ճնշման ժամանակ էլ զոհվում են վերևում հիշված ուսանողները։
Բայց երիտասարդների զոհաբերությունն ապարդյուն չի լինում։ Ի վերջո՝ 1956թվին, բենգալերենը նույնպես պետական լեզվի կարգավիճակ է ձեռք բերում, իսկ ավելի ուշ Պակիստանից արևելյան հատվածն անկախանում է, ստեղծվում է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունը։ Բանգլադեշում փետրվարի 21-ը նշվում է որպես ազգային տոն։
1999 թ. նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ի հիշատակ նկարագրված բուռն իրադարձությունների, փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օր է հռչակում, իսկ 2000 թվականից այդ օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։

Հարկ չէր լինի հիշատակի հատուկ օր առանձնացնելու, եթե մարդիկ, մանավանդ որոշումներ կայացնողները հաշվի առնեին, որ ցանկացած ժողովուրդ ու նրա լեզուն՝ նրա մշակույթի ամենապարփակ դրսևորումը, համամարդկային հարստություն է։ Ոչ ոք չէր զոհվի, եթե մարդկությունն ընդհանրապես հոգածությունն ու սերը որպես կենսակերպ ունենար։

Եկեք լցնենք աշխարհը սիրով։