• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այդքան երկար սպասված օր

Տասներկու տարի սպասել ենք մեկ օրվան, անդադար պատկերացրել, մտքի մեջ գծել, պլանավորել ամեն ժամ, պահ: Այդքան երկար սպասումից հետո եկավ այդ օրը, մի տեսակ շոկ, անհասկանալի, աննկարագրելի զգացումներ և ապրումներ: Օր, որ ամենասպասվածներից էր: Նշանակալից և բովանդակալից: Անհանգիստ քուն, խառնաշփոթ, չէ որ մոտենում էր սպասված օրը: Առավոտ՝ ծաղիկներ, փուչիկներ, գոռգոռոցներ, շորիկներով աղջիկներ, փողկապներով տղաններ: Ահա և մեր վերջին զանգը: Մարմարյա սրահը մեր ցնծությամբ լցնելուց հետո (ի դեպ ցնծության որոշակի մասը ապահովել էր Արշակ Գասպարյանը, իր գեղեցիկ պարերի բեմադրություններով) ուղևորվեցինք դեպի Դիլիջան: Պարելով, երգելով, Զորիկի դհոլի հնչյունների ներքո ուրախանալով հասանք տեղ: Հաց ուտելուց հետո, մեր քոթեջներում տեղավորվելուց  մի փոքր հանգստանալուց, պատրաստվելուց, գեղեցկանալուց հետո իջանք ռեստորան: Եվ սկսվեց իսկական խրախճանքը, ցնծությունը, միասնական և վերջնական: Ցնծություն, որ հիշելու ենք միշտ, պատմելու ենք և ամեն անգամ ժպտալու ենք: Ցնծացինք, ուրախացանք, ի դեպ խրախճանքին  որոշ ժամանակով միացավ Տիար Գևորգը մի խումբ դասավանդողների հետ: Լավ ուրախանալուց, օրը հիշողությունների մեջ տպավորելուց և պատմական դարձնելուց հետո, մի փոքր հոգնած, սակայն ուրախ բարձրացանք մեր քոթեջներ: Զրույցներ, խաղեր, թեյ, սուրճ, հետաքրքիր պատմություններ: Քնեցինք: Առավոտյան անհավատալի էր, բայց սկսեցինք գիտակցել, որ այդքան սպասված օրը ավարտվել էր: Եվ հիմա գուցե նույն ոգևորությամբ կսկսենք սպասել համալսարան ավարտելուն: Թողնելով մտածմունքներն ու գիտակցումները  գնացինք նախաճաշելու, հետո լողացինք լողավազանում, պատրաստվեցինք, որ ուղևորվենք Մաշտոցներ և Աղավնավանք, սակայն եղանակը բավականին անձրևոտ էր և մառախուղի պատճառով գնացինք Գոշավանք և Այրիվանք: Գոշավանքում ստացանք տեր հոր օրհնությունը, վառեցինք մոմեր, բոլոր շրջանավարտների համար, աղոթեցինք, որպեսզի բոլորը ընդունվեն և մի քիչ հաց ուտելուց հետո վերադարձանք Երևան, ի դեպ ճանապարհին հանդիպեցինք մեր շատ սիրելի տիար Բլեյանին, ով առանց նայելու եղանակին իր որդու հետ վարում էր հեծանիվ: Հասնելով դպրոց` բոլորս գնացինք մեր ճանապարհով, համոզված և վստահ լինելով, որ ոչ միայն հասարակ ճանապարհներին, այլն կյանքի ճանապարհներին կհանդիպենք միմյանց, կգրկենք և կհիշենք մեր դպրոցական խենթ օրերը:

Հ.Գ. Շնորհակալություն ընկեր Արշակին և ընկեր Ալինային մեր օրը այդքան գեղեցիկ և աննմոռանալի դարձնելու համար: Այդ օրը փոխեց ինձ և մեզ:
Նյութը պատրաստեց Մովսիսյան Լիան: